Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ Մարթա Սանդոյանը նորարարական գաղափարներ է իրագործում


05-05-2014

Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի մասնավոր ու հանրային հատվածների, ինչպես նաև երկրի կրթական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերին, Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ և ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնտեսագետ Մարթա Սանդոյանը գերազանց որակներ ու ձգտում է դրսևորում:

Մարթան բակալավրի աստիճան է ստացել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում 2008 թվականին: Նույն թվականին դիվանագիտություն ուսումնասիրելու նպատակով ընդունվել է Վիեննայի միջազգային համալսարան և 2010 թ. գերազանցությամբ ավարտել այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Ավարտական տարում արժանացել է նաև համալսարանի ակադեմիական մրցանակին: Այնուհետև «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, որն ավարտել է 2011-ին` ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան:

Մարդու իրավունքների բնագավառում առաջին աշխատանքային փորձը Մարթան ձեռք է բերել 2009-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրում, իսկ այնուհետ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների բաժնում անցած պրակտիկայի ընթացքում: «Այդ կազմակերպություններում աշխատելով` ցանկություն ունեցա խորացնելու գիտելիքներս մարդու իրավունքների տեսության ոլորտում»,- պատմում է Մարթան:

Լոնդոնի համալսարանական քոլեջն ավարտելուց հետո նա միացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի` շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերին և «Օրհուս» կենտրոնների գործունեության համակարգման ծրագրին` որպես փորձագետ: Նրա հետազոտությունները նվիրված էին Հայաստանի և ԵՄ պետությունների բնապահպանական ու պլանավորման օրենսդրության և ընթացակարգերի համեմատական վերլուծությանը:

Այնուհետև Մարթան` որպես փորձագետ, աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնում, որտեղ զբաղվել է հայրենադարձությանը վերաբերող միջազգային օրենսդրության ուսումնասիրությամբ` ոլորտը կարգավորող ՀՀ ազգային օրենսդրության զարգացման նոր ուղիներ փնտրելու տեսանկյունից: Նրա հետազոտության առանցքում «Ուղեղների շրջանառություն՝ ընդդեմ ուղեղների արտահոսքի» հայեցակարգի մշակումն էր:

2012-ի մայիսին միացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի թիմին, որտեղ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ Հայաստանի մասնավոր և պետական ոլորտների զարգացման համար: Նրանք Սքոթ Յակոբսի մշակած «կարգավորիչ գիլյոտինի» մեթոդի կիրառմամբ վերանայում են այն իրավական ակտերն ու վարչական ընթացակարգերը, որոնք սահմանափակում են շարքային քաղաքացիների և ձեռնարկությունների ազատությունները:

«Տպավորիչ է այն փաստը, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն» աշխատանքի է ընդունում «Լույսի» մեծ թվով շրջանավարտների. մեր քսանյոթ աշխատակիցներից չորսս «Լույսի» շրջանավարտներ ենք»,- նշում է Մարթան:

Ներկայումս Մարթան աշխատում է բարձրագույն կրթության ոլորտում իրավական կարգավորումների ուղղությամբ: «Ես հստակ պատկերացում ունեմ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ փոխել, զարգացնել և ստեղծել Հայաստանում, որպեսզի մեր երկիրը դառնա ակադեմիական ու հետազոտական առաջատար կենտրոն»,- ասում է նա:

Մարթան փորձում է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանել ինստիտուցիոնալ և ակադեմիական ինքնավարությունը, ինչը, նրա պնդմամբ, հույժ կարևոր է: «Այսօր խորհրդային շրջանից ժառանգած բարձրագույն կրթական համակարգը ծայրահեղ կենտրոնացված է և չի համապատասխանում կրթության կառավարման ժողովրդավարական սկզբունքներին,- նշում է Մարթան:- Նման համակարգը խախտում է Բոլոնյան գործընթացի հիմնական պահանջներն ու սկզբունքները, ինչպես նաև հակասում կրթության ինքնավարության միջազգային լավագույն չափորոշիչներին: Համալսարանները պետք է հնարավորություն ունենան գործելու և կրթություն տրամադրելու ինքնուրույն ` առանց կառավարության միջամտության:

Ես կրողն եմ լայնախոհ ու ոչ սահմանափակ այն մոտեցման, որը խրախուսում է ստեղծարարության կիրառումը կրթական գործընթացում, և այժմ պարզորոշ տեսնում եմ` ինչն է պակասում Հայաստանի բարձրագույն կրթահամակարգին,- ավելացնում է Մարթան:- Ես և իմ թիմը ջանք չենք խնայում կրթական բարեփոխումների մշակման ուղղությամբ, ինչի արդյունքները շուտով տեսանելի կլինեն»:

Մարթան նաև հանդիսանում է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» գենդերային հարցերով պատասխանատուն: ԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելով` Մարթան օրենսդրական ակտերի վերանայման միջոցով մշակում է գենդերային ազդեցության գնահատման ռազմավարություն և աշխատում է սեռերի իրավահավասարության հարցն օրենսդրական հիմքի վրա դնելու ուղղությամբ:

Մարթային ՕԿԱԿ-ում իր աշխատանքի մեջ առավել գրավում է բարեփոխումների նախագծերի, երաշխավորագրերի և առաջարկների նախնական տարբերակների ինքնուրույն մշակման ազատությունը: Նա ասում է, որ իր գաղափարներն ու տեսլականը որոշում կայացնող կառույցների կողմից ուշադրության արժանանալու մեծ հնարավորություն ունեն. իսկ ո՞ւմ չէր ոգևորի այս փաստը:

Մարթան բացահայտել է նաև իր մեկ այլ նախասիրություն` դասավանդելը: Նա որակական հետազոտությունների մեթոդների և հետկոմունիստական երկրներում ոչ ֆորմալ հարաբերությունների ու ինստիտուտների վերաբերյալ դասընթաց է վարում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Մարթան գտնում է, որ սա փոխհարստացնող փորձ է, հատկապես երբ ուսանողից կարծիք ու արձագանք ես ստանում:

«Դասավանդելու համար այս համալսարանն ընտրել եմ ոչ միայն նրա համար, որ այն իմ մայր բուհն է: Ես սիրում եմ այս համալսարանում տիրող ազատության մթնոլորտը. այն շատ ժողովրդավարական է ու ոչ քաղաքականացված: Ուսանողների և դասախոսների միջև համագործակցությունը, ինչպես նաև բուհի կառավարման համակարգը դրված են բավականին ազատական հիմքերի վրա»,- ասում է Մարթան:

Մարթան կարծում է, որ մտածող և գործող մարդկանց համայնքը, որը «Լույսը» ձևավորել է վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ էության, Հայաստանի համար գիտելիքի և գաղափարների ստեղծման ու շրջանառության ինկուբատոր է: Նույն զգացողությունն ունեն, ըստ Մարթայի, «Լույսի» մյուս ուսանողները ևս:

««Լույսը» գիտելիքի ձգտող բազմաթիվ երիտասարդների հնարավորություն է ընձեռում կիրառելու կրթության իրենց իրավունքը: Առանց «Լույսի» աջակցության մեզանից շատերը հնարավորություն չէին ունենա սովորելու, հետազոտական ու ստեղծարար աշխատանք կատարելու աշխարհի լավագույն ակադեմիական, գիտական և կրթական կենտրոններում»:

«Ես իրապես հավատացած եմ, որ կրթությունն աղքատության դեմ պայքարելու, ինչպես նաև մարդու իրավունքները հարգող, հիմնական ազատությունները, հանդուրժողականությունը և ժողովրդավարությունն արժևորող հասարակություն կառուցելու ամենազորեղ գործիքն է: Ես շնորհակալություն եմ հայտնում «Լույսին» իմ երկրի համար կիրթ մարդկանց նոր սերունդ ձևավորելու համար: Եվ կարևոր չէ` նրանք այժմ բնակվում են Հայաստանում, թե ոչ. նրանց ներուժը և մտավոր ռեսուրսը մի օր հայրենիք կվերադառնան»:

Կեցցե՛ս, Մա՛րթա:

Back to top