Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կապույտ օր մի խումբ լայնախոհների հետ


23-06-2014

«Ո՞րն է կյանքի իմաստը: Իմաստ չկա… Չէ, իրականում սա կատակ էր:
Իմաստ կա, սակայն այն յոթ սարի ետևում պետք չէ փնտրել»:
Գայանե Ղումաշյան

Փետրվարի 6–ը մի խումբ երիտասարդների համար դարձավ նոր նպատակների, լայն մտածողության ու մեծ փոփոխությունների օր: «Լույս» հիմնադրամը, ինչպես ամեն տարի, իր շուրջն էր հավաքել մի խումբ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց կյանքը հետաքրքիր դարձնել, լայնախոհ լինել ու մեծ ներդրում ունենալ Հայաստանի կատարյալ ապագան ստեղծելու գործում:

Ժաքլին Կարաասլանյանը, ով «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենն է, հանդիպումն սկսեց մասնակիցների հետ անմիջական խոսակցությամբ, պատմեց իր՝ Հայաստան գալու, «Լույսի» ստեղծման ու զարգացման մասին, ծանոթացրեց հիմնադրամի աշխատակազմի հետ:

Հետաքրքիր էր լսել նաև կարմիր ու կապույտ օվկիանոսների թեորեմի մասին: Ի տարբերություն կարմիրի, որը միշտ ձգտում է բոլորից բարձր լինել, կապույտը փորձում է իր հետ վերև բարձրացնել նաև մյուսներին: Կապույտ օվկիանոսի մասին այս տեսությունն ամբողջովին արտահայտում է «Լույս» հիմնադրամի գլխավոր գաղափարախոսությունը: Բացի տիկին Ժաքլինից, երիտասարդների հետ ծանոթացան նաև «Լույսի» մյուս աշխատակիցները: Գայանե Ղումաշյանը խոսեց նպատակադրման, իմաստավորման ու վերաբերմունքի մասին, որոնց միջոցով ամեն անհատ կարող է ոչ միայն ամենալավը ստանալ կյանքից, այլև իր ունեցած ամենաարժեքավորն առաջարկել աշխարհին: Գայանեից հետո մասնակիցների հետ զրուցեցին նաև Հայկ Ծատուրյանն ու Արմեն Ներսեսյանը: Նրանք պատմեցին բուն ծրագրի ու կամավորություն հասկացության մասին:

Եթե հանդիպան առաջին հատվածը ծանոթությունն էր, ապա երկրորդ մասում մասնակիցներն սկսեցին լայնախոհ լինելու իրենց փորձն անել՝ մասնակցելով «Լույս կաֆե» խորագրով քննարկումներին: Բոլորը նախ և առաջ պատկերացնում էին 2024 թվականի կատարյալ Հայաստանը, ապա խոսում էին երկրի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու մասին: Ոմանք ցանկանում էին նախագահ լինել, մյուսները` ուղղակի վարչապետ, իսկ մի քանի բնապահպաններ անգամ կարգախոս հորինեցին` «Տնկի՛ր այսօր, շնչի՛ր վաղը»: Բայց այս ամենի նպատակը մեկն էր` փոխել Հայաստանն ու այն դարձնել այնպիսին, որ արտագաղթին փոխարինի լայնածավալ ներգաղթը: Ծրագրի նպատակը ոչ միայն ռեսուրսների ներդրումն է, այլև երկրի զարգացմանն ինչ-որ կերպ նպաստելը. սա այն է, ինչ հետագա ամիսների ընթացքում փորձելու են իրենց հերթին իրականացնել «Լույս» հիմնադրամի` 2014 թվականի բոլոր մենթորներն ու մենթիները:

Լիա Շահնազարյան

Back to top