21-րդ դարի նոր տնտեսության պայմաններում գիտելիքը կարևոր գործոն է տնտեսական, հասարակական և մշակութային զարգացման համար: 2012 թ. Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Լույս» հիմնադրամն սկսեցին համագործակցել «Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Հայաստանի գիտելիքահենք տնտեսության կառուցման կարևոր հիմնաքարերից լինելով` Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան և «Լույս» հիմնադրամի միջև հաստատված այս համագործակցությունը խթանում է գիտելիքի և լավագույն փորձի փոխանակումը բոլոր ոլորտներում:
Ի նշանավորումն այս համագործակցության՝ հուլիսի 3-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վարում էին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:
Միջոցառմանը նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերը խոսեց Հայաստանում հետազոտական լաբորատորիաների բացման մասին` որպես նոր տնտեսության ստեղծման: «Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանավարտներն իրենց ունեցած փորձը ներկայացրին և խոսեցին այն մասին, թե ինչպես է բարձրագույն կրթությունն օգնում կերտել Հայաստանի ապագան: Ողջույնի ելույթներից հետո պարոն Լուկաս Գասսերը կրթաթոշակի պարգևները շնորհեց 2015-2016 ուսումնական տարվա ուսանողներ Բաբկեն Ասատրյանին և Անի Հովհաննիսյանին:
Բաբկեն Ասատրյանը, ով կրթությունը շարունակելու է Բեռնի համալսարանի բջջային և կենսաբժշկական գիտությունների ավարտական դպրոցում, պատրաստվում է ուսումնասիրել երիտասարդների հանկարծամահության գենետիկ պատճառները: Խոսելով այն մասին, թե ինչպես են իր հետազոտության արդյունքները կիրառվելու Հայաստանում՝ Բաբկենն ասաց. «Ես հավատացած եմ, որ իմ հետազոտությունը արդյունավետ կլինի, կներդրվի կլինիկական պրակտիկայում և կօգնի կանխարգելման նոր մոտեցումներ և ուղեցույցեր մշակել հանկարծակի սրտային մահվան ռիսկի խմբերի անհատների համար»:
Անի Հովհաննիսյանը կրթաթոշակի շնորհիվ հնարավորություն է ստացել սովորելու Շվեյցարիայի Սեն Գալլեն համալսարանում, որտեղ պատրաստվում է ասպիրանտական հետազոտություն կատարել կառավարման ոլորտում: Իր խոին երախտիքը հայտնելով ծրագրին՝ Անին ասաց. «Սա պարզապես հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու շվեյցարական կրթական համակարգը, ծանոթանալու կրթական ոլորտում կատարված բարեփոխումներին ու առհասարակ շվեյցարական կրթական հաջողված փորձին: Իմ հետաքրքրությունների շրջանակը մասնավորապես ընդգրկում է կրթական համակարգում տեղ գտած արատավոր երևույթները, որոնք ապակառուցողական դեր են կատարում ինչպես ամբողջ կրթական ոլորտի, այնպես էլ կրթության սուբյեկտների անհատական և մասնագիտական զարգացման գործում: Հետևաբար շվեյցարական փորձի ուսումնասիրումը և համեմատական վերլուծությունը հնարավորություն կտան մշակելու արդյունավետ կառավարման մոդել, որը կիրառելի կլինի նաև հայաստանյան կրթական ոլորտում»:
Կրթաթոշակի հավաստագրերի հանձնումից հետո Ժաքլին Կարաասլանյանը խոսեց այն մասին, թե ինչպես են հայ երիտասարդների հարուստ գիտելիքները ներկայացվում ավելի լայն` միջազգային շրջանակներում` ապահովելով Հայաստանի` հզոր երկրներին համաքայլ մասնակցությունը համաշխարհային նոր տնտեսության ստեղծմանը: Միջոցառման ավարտին «Լույսի» շրջանավարտ, «Tim Flynn Architects» ընկերությունում որպես ուրբանիստական դիզայներ աշխատող Լիլի Ջանյանցը խոսեց լայնախոհ լինելու կարևորության մասին, որի շնորհիվ հնարավոր է խթանել այն նորարարական մշակույթը, որն արդեն իսկ զարգանում է Հայաստանում:
«Լույս» հիմնադրամը Հայաստանը դիտարկում է որպես աշխարհի նորարարական հետազոտություններն ու շուկայական նոր միտումները ձևավորող ակտիվ դերակատար։ Աշխարհի լավագույն կրթական կենտրոնների հետ հաստատվող համագործակցային կապերի շնորհիվ «Լույսը» ձևավորում և միավորում է քննամիտ, ստեղծագործ մտավորականների մի ողջ սերունդ, ինչպես նաև ստեղծում ենթակառուցվածք` ապահովելու անցումն ակադեմիական գիտելիքից իրական ձեռքբերումների` հանուն երկրի բարօրության: