Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Գլոբալ ուսումնական լաբորատորիա». ուսումնական նոր մշակույթի սերմանում Հայաստանում


17-07-2015

Հուլիսի 17-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Լույս» հիմնադրամի, «Այբ» կրթական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը, որը նշանավորում էր աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարանի` ՄՏԻ-ի (MIT) հետ հաստատված համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում իրականացվող կրթական կարևոր նախաձեռնություններ, որոնք մշակվել և կյանքի են կոչվում աշխարհի առաջատար գերազանցության կենտրոնների հետ համատեղ: Մասնավորապես ներկայացվեց «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» նախագիծը, որի նպատակն է ուսումնական նոր մշակույթ ձևավորել Հայաստանում:

Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է «շրջած դասասենյակի» կոնցեպտը, որը ենթադրում է դասարանային գործունեության այլ մեթոդ. աշակերտները «տանը» յուրացնում են ՄՏԻ-ի (MIT) ուսումնական առցանց հարուստ բազայի նյութերը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականում` աշխատելով ՄՏԻ-ից ժամանած երիտասարդ դասախոսների հետ, որոնց շարքում ընդգրկված են «Լույսի» կրթաթոշակառուներ: Դասընթացի ժամանակ աշակերտներն ուսումնասիրում են իրենց համար միանգամայն նոր առարկաներ, այդ թվում` համակարգչային նյարդաբանություն, մեքենայական ուսուցում, էլեկտրականություն ու մագնիսականություն և այլն:

Միջոցառմանը ներկա հյուրերին ողջունելով՝ «Լույսի» գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը խոսեց Հայատանում նորարար կրթական գաղափարների ներդրման գործում հիմնադրամի ունեցած նշանակալի դերի մասին. ««Լույսն» իր կրթաթոշակառուների միջոցով կամրջում է աշխարհի լավագույն գերազանցության կենտրոնների գիտելիքը, առաջատար փորձը և նորարարական ուղղությունները Հայաստանի ուսումնական ու գիտական կենտրոնների հետ»:

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի` կրթության հարցերով խորհրդական, «Լույսի» կրթական խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց «շրջած դասասենյակի» կոնցեպտը, որի համաձայն ուսումնական գործընթացը փոխակերպվում է՝ սովորող-սովորեցնող համակարգից անցում կատարելով սովորող-սովորող համակարգի, որտեղ ուսուցիչները ևս հանդես են գալիս սովորողի դերում՝ միայն թե ավելի հմուտ ու փորձառու:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը խոսեց նաև «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» ընթացիկ ու ապագա զարգացումների մասին: Այս ծրագիրը նախաձեռնել են «Այբ» կրթական հիմնադրամն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ: Ծրագրով նախատեսվում է ՀՀ-ի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ», և վերապատրաստել հայաստանցի ուսուցիչների: Հանդիպմանը ներկա էր նաև ուսուցիչների վեապատրաստման մասով պատասխանատու Յացեկ Բրենդը, ով Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի ավագ դասախոս է: Նա հիացած էր, թե ինչ արագ են հայ ուսուցիչներն ընկալում ու յուրացնում մանկավարժական բարդ կատեգորիաներ:

Իր խոսքն ամոմփելով՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվող մեկ այլ նախագիծ՝ Հայաստանում ֆաբլաբերի (fabrication lab) հիմնումը, որոնց բացումը նախատեսված է ընթացիկ տարվա աշնանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական ժողովի անդամ Վասկեն Յակուբյանը խոսեց կրթության կարևորության մասին՝ անդրադառնալով ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող կրթական մի շարք նախագծերի, որոնք հայկական մշակույթի պահպանման ու տարածման կարևոր գործառույթն են կատարում:

«Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սֆերցան ներկայացրեց «սովորեցնելով սովորեցնելու» հայեցակարգը և դրա կիրառումը «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» ձևաչափով դասընթացներում: Ըստ տիկին Սֆերցայի՝ Հայաստանում նախագիծն իրականացնելու հարցում մեծ դեր է խաղացել ՄՏԻ-ում սովորող հայ ուսանողների ունեցած գիտելիքների մեծ պաշարը, ինչպես նաև երկրում գործող կրթական հիմնադրամների բարձր պրոֆեսիոնալիզմը, մասնավորպես՝ «Լույս» և «Այբ» հիմնադրամների գործունեության հանդեպ ունեցած մեծ վստահությունը:

Միջոցառման ավարտին ներկաները հրավիրվեցին հատուկ սրահ, որտեղ «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» նախագծին մասնակցող աշակերտները (Հայաստանի և Արցախի տարբեր համայնքների ավագ դպրոցականներ) ներկայացրին դասընթացին ձեռք բերած գիտելիքների կիրառմամբ պատրաստած իրենց աշխատանքները:

Back to top