Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ծրագրավորումը՝ տարրական դպրոցի առարկայացանկում․կրթական հեղափոխություն


21-12-2016

ՍԱՀՄԱՆՆԵ՞Ր․ ԵԿԵՔ ՎԵՐԱՑՆԵ՛ՆՔ ԴՐԱՆՔ

Այսօր աշխարհի առաջընթացը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի զարգացումով։ Կենցաղային սարքավորումները պարզ ձայնային ազդանշանով կառավարելը կամ ավտոմեքենաների հեռակառավարումը վաղուց արդեն գիտաֆանտաստիկ ժանրից անցել են իրականություն, ու շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների և նորարարությունների հոսքին համընթաց շարժվել։

«Լույսի»՝ Սթենֆորդի և Կալիֆոռնիայի Բերկլի համալսարաններում սովորող չորս ուսանողներ հավատում են, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի ոչ միայն աշխարհի թվանշային նորամուծություններից ետ չմնալու, այլև ոլորտի զարգացման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Հայկական տեխնոլոգիական ներուժի վկայությունն են PicsArt-ը, Shadowmatic-ը, Instigate-ը, Synopsis-ը և այլ ընկերություններ։

Նկատի ունենալով շախմատի բարեհաջող ներառումը տարրական դպրոցների առարկայական ծրագրի մեջ, ինչպես նաև Թումոյի և «Այբ» դպրոցի շրջանավարտների ուշագրավ հաջողությունները՝ «Լույսի» մի քանի ուսանողներ նախաձեռներցին ու հավաքվեցին խոստումնալից մի նախագծի շուրջ՝ Code for Armenia («Ծրագրավորում Հայաստանի համար»)։ Նպատակ ունենալով դպրոցականներին օժտել տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքով ու հմտություններով՝ նախագծի հեղինակներն առաջարկում են ծրագրավորումը ներառել տարրական դպրոցի առարկայացանկում։ «Երեխաները ոչ միայն կսովորեն համակարգչով աշխատել, այլև կիմանան, թե հենց համակարգիչն ինչպես է աշխատում։ Արդյունքում նրանք կսովորեն համակարգիչն աշխատեցնել տարբեր նպատակներ իրագործելու համար»,- ասում է Սթենֆորդի համալսարանում համակարգչային գիտություն ուսումնասիրող Հայկ Տեփանյանը։

Թեև նախագիծը բավականին բարդ է ու հավակնոտ, Հայկը և իր թիմակիցները համոզված են, որ ծրագրի երկարաժամկետ արդյունքները շոշափելի են լինելու ամենատարբեր ոլորտներում․ ««Շախմատային պետության» համար սա ևս մի հնարավորություն է առանձնանալու նորարարական մոտեցմամբ՝ դառնալով աշխարհի առաջին երկրներից մեկը, որտեղ ծրագրավորումը ներառված է հանրակրթական դպրոցի առարկայական ծրագրում»,- ասում է Հայկը։

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Ծրագրավորումը դպրոցական ծրագրում ներառելը միջազգային միտում է․ Կանադայում, Ավստրալիայում, Ֆինլանդիայում և մի քանի այլ երկրներում համակարգչային ծրագրեր սովորեցնելու փոխարեն արդեն համակարգչային կոդավորում՝ ծրագրավորում են սովորեցնում, այլ կերպ ասած՝ Excel աղյուսակներ կամ PowerPoint պրեզենտացիաներ ստեղծելու փոխարեն սովորեցնում են այդ ծրագրերի աշխատելու ձևը։

Հրաշալի օրինակ կարող է ծառայել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվող մոդելը։ Շուրջ չորս տարի առաջ ՄԲ-ի կրթության փորձագետները նկատեցին, որ դպրոցներում դասավանդվող ինֆորմատիկա առարկան հնացած է ու չի համապատասխանում ժամանակի պահանջներին։ Microsoft և Google տեխնոլոգիական հսկաների հետ համատեղ բրիտանացի մասնագետները մշակեցին դպրոցի համար ծրագրավորման նոր ծրագիր, և 2014 թ․ սեպտեմբերից սկսած՝ ՄԲ-ի դպրոցները նախկին ինֆորմատիկա առարկան փոխարինեցին ծրագրավորմամբ` computing։ Բրիտանիայում այսօր նույնիսկ հինգ տարեկան երեխաները խոսում են ալգորիթմների և ծրագրային կարգավորումների մասին։ Այժմ նրանք հնարավորություն ունեն մոդելավորելու սեփական համակարգչային խաղերը, որոնք այնքան շատ են սիրում խաղալ։

 

ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂԻ ՕՐԻՆԱԿԸ

«Կցանկանայի դպրոցում ծրագրավորման դասեր ունենալ։ Եթե ես ծրագրավորող լինեի, մեր բանակին աջակցող ծրագրեր կստեղծեի»,- ասում է Գարգառի միջնակարգ դպրոցի աշակերտ ութամյա Մուշեղը։

2016 թ․՝ ամռանը, «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում «Լույսի» ուսանողների՝ մենթորների և մենթիների մի խումբ մեկնեց Լոռու մարզի Գարգառ գյուղ՝ զարգացման նախագծեր իրականացնելու։ Code for Armenia նախագիծը ձեռնարկած երիտասարդները Գարգառի միջնակարգ դպրոցը վերածեցին իրական ծրագրավորման կենտրոնի, և երկու շաբաթ տևած դասընթացի ժամանակ դպրոցի 2-րդից 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացան համակարգչային ծրագրավորման հիմունքներին։

«Մենք ձևավորեցինք երեխաների երեք հոգանոց խմբեր, որոնցից յուրաքանչյուրի հետ մեկ դասընթացավար էր աշխատում, ով ուղղորդում էր նրանց սովորելու ընթացքում և ոգևորում,- պատմում է Հայկը։- Զարմացանք՝ տեսնելով, թե ինչ արագ ու ոգևորված են երեխաները կատարում հանձնարարությունները»։

Դասընթացի ծրագիրը կազմված էր ինտերակտիվ մեթոդով՝ բազմաթիվ բացօթյա խաղերի և տեսողական արվեստի տարրերի ներառմամբ, ինչը երեխաներին օգնում էր հաջորդաբար կենտրոնանալ ուսումնական նյութի վրա և զվարճանալ։ «Ես շատ եմ սիրում համակարգչով աշխատել․ կուզենայի՝ շաբաթական երկու անգամ ծրագրավորման դասեր ունենայինք դպրոցում, ինչպես, օրինակ, մաթեմատիկան է կամ մյուս առարկաները»,- ասում է ամառային դասընթացի մասնակից տասնամյա Բորիկը, իսկ ութամյա Մանեն ավելացնում է․ «Կցանկանայի, որ մեր դպրոցում ծրագրավորման դասասենյակ լիներ, որտեղ մենք կարող ենք հետաքրքիր ծրագրեր ստեղծել։ Ես, օրինակ, ռոբոտներ կստեղծեի, ինչն ամենաշատն է ինձ հետաքրքրում։

Դասընթացը կառուցված էր code.org կայքի կրթական նյութերի հիման վրա, որը հարյուրավոր տեսագրություններ և այլ արժեքավոր նյութեր ներառող ծրագրավորման առցանց հարթակ է։ Դասընթացը վարող երիտասարդները ցանկանում էին նաև, որ երեխաներն ստեղծեն սեփական նախագծերը, այդ պատճառով էլ հիմնականում կենտրոնացան վերջիններիս ստեղծագործական հմտությունները զարգացնելու վրա։ Շատ կարճ ժամանակաընթացքում երեխաները սովորեցին նախշեր կոդավորել՝ կիրառելով ծրագրավորման հմտությունները։

«Դասընթացը մեծ հաջողություն ունեցավ,- ասում է Հայկը․- այնքան, որ մեկ շաբաթվա ընթացքում մասնակից աշակերտների թիվը կրկնապատկվեց։ Երեխաները շատ ոգևորված էին․հիանում ու զարմանում էին, թե ինչպես կարող է երկու տող կոդն իրենց նախագծած անիմացիան ստեղծել»։

Գարգառում իրականացված պիլոտային նախագիծը «Լույսի» ուսանողներին նոր դիտարկումներ անելու և նախագիծը բարելավելու հնարավորություն տվեց, ինչպես նաև հնարավոր եղավ կանխատեսումներ անել ծրագրի լայնամասշտաբ ներդրման արդյունքների մասին։ Այժմ նրանք փնտրում են գործընկերներ և կամավորներ՝ ծրագրի իրականացման առավել հստակ ժամանակացույց և անելիքների շարք ձևակերպելու համար։

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ

«Լույսի» կրթաթոշակառուներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել հանրային և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ խորհրդակցելու և տեսակետն իմանալու համար։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդհանուր առմամբ շատ դրական գնահատական է տվել նախաձեռնությանը և ընդունել երկրում տեխնոլոգիական գրագիտության նոր հայեցակարգի ընդունման հրատապությունը։ Համակարգչային գրագիտությունից անցումը գրագետ ծրագրավորման հատկապես կարևորվում է տնտեսապես շրջափակված լինելու հանգամանքով․ բնական ռեսուրսներ չունեցող մեր երկրում հիմնական ու կարևորագույն ռեսուրսը մշտապես եղել են մարդկային ներուժն ու գիտելիքը։ Նախագիծը, իր երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցության հետ մեկտեղ, սերտորեն առնչվում է ազգային անվտանգության և կրթության զարգացման ռազմավարությանը։

Հայաստանում ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետներ նույն այս գաղափարի կրողն են՝ դպրոցներում համակարգչային գիտության բարելավված ու խորացված ծրագիր ներդնել: «Լույսի» կրթաթոշակառուները հանդիպել են մի շարք գործիչների հետ, այդ թվում՝ Երվանդ Զորյանի («Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր ճարտարագետ), Կարեն Վարդանյանի («Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն), Վահան Շաքարյանի («Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն) և Վահագն Պողոսյանի («Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր) հետ։ Նրանք բոլորը ողջունել են «Լույսի» ուսանողների գաղափարն ու նախաձեռնությունը և դրական են արձագանքել համագործակցության հնարավորությանը։

Այժմ նախաձեռնող թիմը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցության կոնկրետ առաջարկ է պատրաստում․ վերջինս «Արմաթ» նախագծի շրջանակներում ամեն տարի շուրջ 300 ճարտարագիտական լաբորատորիա է բացում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և նախատեսում է մինչև 2016 թ․ (այդ տարի Հայաստանը կհյուրընկալի Համաշխարհային տեխնոլոգիական ֆորումը) լաբորատորիաների թիվը հասցնել 1200-ի։ Ուշագրավ է, որ այդ լաբորատորիաներում օգտագործվող համակարգչային ծրագրերն ու համակարգերը հայերեն են գործարկվում, և սարքերն էլ հայաստանյան արտադրանք են՝ 3D տպիչներ, մինի-համակարգիչներ ու ռոբոտիկայի կոմպլեկտներ։

«Մեր առաջնային նպատակը ծրագրավորումը որպես արտադասարանական պարապմունք ներառելն է, որպեսզի մինչև պարտադիր առարկայացանկում ընդգրկելը դիտարկենք և անհրաժեշտ փոփոխություններն անենք,- ասում է Հայկը։- Լավ է, որ նախագիծը գործարկելու համար ուսուցիչների լայնամասշտաբ վերապատրաստման կամ դասագրքերի հրատարակման անհրաժեշտություն չկա․ Code.org կայքն ունի կրթական տվյալների հրաշալի համակարգ և ուսուցիչների վերապատրաստման բաց ռեսուրս է։ Ամենամեծ բարդությունը, թերևս, կապված է բոլոր այդ նյութերը հայերեն թարգմանելու հետ․ մենք անընդհատ կամավորներ ենք ներգրավում, որպեսզի օգնեն մեզ այդ հարցում0»։

Թեև նախագծի վերջնական նպատակը Հայաստանի բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն է, «Լույսի» ուսանողները համոզված են, որ ծրագրավորման հմտությունները սերտորեն առնչվում են բազմաթիվ այլ ոլորտների ու մասնագիտությունների հետ։ Ծրագրավորում սովորելով՝ երեխաները նաև ստեղծագործ միտք են զարգացնում և կարողանում ինքնուրույն նոր բան նախագծել ու ստեղծել։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված ամեն նոր աշխատատեղի հետ 6-7 այլ նոր աշխատատեղեր են ստեղծվում հարակից ոլորտներում։ Ստացվում է ճիշտ շախմատի պես․ծրագրավորումը նպաստում է անհատականության ու մտածողության ձևավորմանն ընդհանրապես, այլ ոչ թե միայն ապագա ծրագրավորողներ է պատրաստում։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան, ԱՄՆ-ում Լույս Հիմնադրամի թղթակից

Back to top