2013 թ. հոկտեմբերի 18-ին «Լույս» հիմնադրամի թիմը, համագործակցելով «Meaningfulworld» կազմակերպության հետ, ներանձնային կոնֆլիկտի հաղթահարման վերաբերյալ սեմինար անցկացրեց Ծափաթաղում: Սեմինարին ներկա էին տեղի դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները:
«Meaningfulworld»-ի թիմը ներկայացնում էին կազմակերպության նախագահ ու հիմնադիր, դոկտոր Անի Քալայջյանը եւ կազմակերպության դեսպան Քեթրին Քեյզը: Սեմինարից առաջ նրանք Հայաստանում մեկշաբաթյա աշխատանքներ էին իրականացրել մարդկանց քաջալերման, ներխմբային բռնության վերափոխման ուղղությամբ, ինչպես նաեւ խրախուսելու մարդկանց սեփական ուժերով վերափոխվել` ուրախությունն ու երջանկությունը լիարժեք վայելելու համար:
Դոկտոր Անի Քալայջյանը միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է, ով մասնագիտացած է աղետից տուժածների վրա հոգեբանական տրավմատիկ ազդեցությունների ուսումնասիրման ոլորտում: Անին մագիստրոսական կրթություն է ստացել Լոնգ Այլենդի համալսարանում և կրթության դոկտորի աստիճան` Կոլումբիայի համալսարանի ուսուցչական քոլեջում: Որպես նորարար թերապևտ, մանկավարժ, տնօրեն և հեղինակ` նա իր կյանքը նվիրել է արհեստածին ու բնական աղետներ վերապրած մարդկանց հոգեկան ապաքինման գործին:
Սեմինարի ընթացքում մասնակիցները զգացմունքները վերահսկելու մասին մտքեր փոխանակեցին, սակայն կարևորագույն կետը վերաբերում էր զայրույթի կառավարման ձևերին: Դոկտոր Քալայջյանը ներկայացրեց չորս քայլ, որոնք թույլ են տալիս խուսափել կոնֆլիկտից, ինչպես նաև կոնֆլիկտածին խնդրի լուծման ուղիներ առաջարկեց:
Ներկաներից ոմանք մտահոգություն հայտնեցին այն մասին, որ վերջին տարիներին գյուղի բնակչութունը նվազում է: Այս խնդիրն առաջնային կարևորություն ունի, քանի որ ընտանիքները գնալով ավելի սակավամարդ են դառնում, իսկ հետագա զարգացման տեսլական չունեն ո՛չ բնակիչները, ո՛չ գյուղի ղեկավարները:
Զրույցն ընթանում էր մասնակիցների փոխադարձ հարգանքի ու ըմբռնման մթնոլորտում: Սեմինարի ավարտին ներկաները յոգայի կազդուրիչ վարժություններ կատարեցին, ինչը նրանց խանդավառություն, եռանդ ու ոգեշնչում ներարկեց:
«Լույս» հիմնադրամը երեք տարի շարունակ տարբեր նախագծեր է իրականացնում Ծափաթաղում, և համագործակցությունը շարունակվում է նոր ձեռնարկումներով ու հեռանկարներով:
Ծափաթաղ գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ափին: Այն ունի շուրջ 420 բնակիչ: Գյուղի միակ դպրոց հաճախում են ընդամենը 22 երեխա: Գրեթե բոլոր բնակիչները փախստականներ են Ադրբեջանից:
Գյուղի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած, և «Լույսը» ձգտում է լուծել առավել հրատապներից մեկը: Նախագիծը վերաբերում է 13-ամյա Մերուժանի և նրա տատիկի` Աշխեն Կարապետյանի տան վերակառուցմանն ու նորոգմանը:
«Զարգացնենք Հայաստանը - 2013» ծրագրի (ԶՀԾ) շրջանակներում «Լույսի»` Ծափաթաղ համայնքում աշխատող թիմը հաջողությամբ իրականացրեց տան վերանորոգման աշխատանքները: Երբ երկու տարի առաջ «Լույսի» թիմն առաջին անգամ այցելեց այդ տուն, պատերն ամբողջովին բորբոսով էին պատված. տունը կառուցված է կտրուկ զառիթափի վրա, և ջրի ներհոսքի չլուծված խնդիր կար: Այժմ «Լույսի» թիմը հնարավորություն ունեցավ գնահատելու կատարված աշխատանքները. տեղադրվել էին մինչ այդ գոյություն չունեցող լուսամուտներ և լոգարան:
Ընտանիքի կենցաղային պայմանները, իհարկե, զգալի կերպով բարելավվել են: Ամբողջովին նորոգվել է նաև տանիքը, ինչը տունը կպաշտպանի ջրերի ներհոսքից: Տիկին Կարապետյանն ու իր թոռը` Մերուժանը, շնորհակալ են «Լույսի» համայնքին` օգնության ձեռք մեկնելու և աջակցելու համար:
«Լույսի» թիմը պայծառ տեսլական ունի` հաղթահարելու Ծափաթաղ համայքնի առջև ծառացած մարտահրավերները և հետագա զարգացում ապահովելու:
Ծափաթաղում իրականացվող նախագծերի առաջընթացին ծանոթանալու համար այցելեք այս էջ առաջիկա շաբաթների ընթացքում: