Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս (2020)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


ՀՀ կառավարության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, ինչպիսին է 2021 թվականը, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2022-2024թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: Քանի որ 2020-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է օրենքով թույլատրելի առավելագույն շեմը, վերլուծությունում ուսումնասիրվել է նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը

Ենթադրվում էր, որ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած աղետի հետևանքները Հայաստանը կսկսի հաղթահարել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դրանց արդյունքները անակնկալ եղան շատերի համար՝ ընդդիմությունից գրեթե երկու անգամ ավելի ձայներ ստացավ և իշխանության մնաց այն քաղաքական ուժը, որի աղետաբեր սխալների հետևանքով արձանագրվել են ծանր պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ահռելի նյութական կորուստներ ու բարոյական անկում։

Սակայն ընտրությունների արդյունքների քանակական և որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանության մեծ առավելության վերաբերյալ տպավորությունը խաբուսիկ է՝ իշխող քաղաքական ուժին վստահություն է հայտնել ընտրողների ընդամենը 26,2 տոկոսը, այն էլ վարչական ռեսուրսի բացարձակ կիրառմամբ ու զանգվածային խախտումներով: Ընդ որում, անգամ այդ դեպքում իշխող քաղաքական ուժի համար արձանագրված ձայները միայն մի քանի տոկոսով են ավելի կառավարություն ձևավորելու համար պահանջվող շեմից:

Ընտրությունները նաև արձանագրեցին Հայաստանի բազմակուսակցական համակարգի փլուզումը՝ մասնակցում էին 25 քաղաքական ուժեր՝ նախորդ մի քանի հերթական ընտրությունների 9-11-ի փոխարեն, սակայն ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց անհատների: ԿԸՀ-ն արձանագրել է նաև նախորդ ընտրությունների համեմատ իշխող ուժի ձայների զգալի նվազում և  ընդդիմությանը տրված ձայների կտրուկ աճ: Տեղի է ունեցել ընդդիմության արմատական և որակական փոփոխություն՝ բացահայտ են ընդդիմության թե՛ փորձառության ու քաղաքական պայքարի անհամեմատ ավելի բարձր կարողությունները և թե՛ այդ պայքարի ավելի լայն ու արդյունավետ գործիքակազմի օգտագործման հնարավորությունը:

Պետության համար ծանր հետևանքներով հղի իրավիճակում, փլուզված բազմակուսակցական համակարգի պայմաններում տեսանելի ելք կարող է ապահովել խորհրդարանական ընդդիմությունը, որը պետք է ստանձնի երկակի՝ Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու  և առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու, առաքելություն: Ակնհայտ է, որ նման բարդ առաքելություն իրագործելու համար խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած երկու դաշինքները կազմող կուսակցությունները պետք է արդիականացնեն ու մեծացնեն իրենց ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կարողությունները:

  


Տնտեսական կոլապսի հավանականությունը ՀՀ-ում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք

Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները: Արդյո՞ք կառավարման խնդիրն է սպառնալիքի գլխավոր աղբյուրը: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ հիշյալ հարցերի պատասխաններն ու  գնահատել ՀՀ-ում տնտեսական կոլապսի առաջացման հավանականությունը: Վերլուծվել են ՀՀ տնտեսական համակարգում վերջին երեք տարիներին կուտակված ռիսկերն ու խոցելիությունները, ինչպես նաև քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Ներկայացվել է նաև կառավարության` 2009-ի ճգնաժամին հաջողությամբ դիմակայելու նախկին փորձը և տնտեսական կոլապսի միջով անցած որոշ երկրների օրինակներ: Անդրադարձ է կատարվել հնարավոր հետևություններին, որոնք կարող է անել ՀՀ ներկայիս կառավարությունը` դասեր քաղելով արդյունավետ կառավարման ՀՀ նախկին փորձից, ինչպես նաև կոլապսի ենթարկված երկրների կործանիչ սխալներից: Հետազոտության վերջում տնտեսաչափական ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով մոդելավորվել են տնտեսական կոլապսի առաջացման հավանական սցենարն ու մեխանիզմները, ինչպես նաև գնահատվել են տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքները:

  


ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2020թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:

  


ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մասին

Այս տեղեկանքում ամփոփված է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տրված եզրակացությունը: Ներկայացված են բյուջեի կատարման մասով ԿԲ-ի կողմից արձանագրված առավել ուշագրավ գնահատականներն և խնդիրները: Մասնավորապես, խոսվում է 2020թ. հակաճգնաժամային միջոցառումների մասնակի և ոչ ամբողջ ծավալով իրականացման, պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման, կառավարության պարտքի մակարդակի շեշտակի բարձրացման, ինչպես նաև տնտեսության ներուժի վերականգնման խնդիրների մասին:

  


ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մասին

Այս տեղեկանքում ներկայացված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) եզրակացությունը: Մասնավորապես, տեղեկանքում ներառված են ՀՀ պետական բյուջեի կատարողականի մասով ՀՊ-ի կողմից 2020 թվականին արձանագրված առավել ուշագրավ խախտումները և դրանց վերացման մասով ՀՊ առաջարկությունները` պետական գնումների գործընթացի, պետական բյուջեի ծախսերի ծրագրային դասակարգման, պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականի, պետական մարմիններում անցկացվող ներքին աուդիտի գործընթացի և պետական բյուջեի կատարման մասով արձանագրված այլ խնդիրների վերաբերյալ:

  


2020 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Back to top
Close