Ժամանակակից պետության համար ազգային անվտանգության ռազմավարությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ և կարևոր ուղենիշներ է սահմանում պետության հետագա զարգացման և վերջինիս հիմնական առաքելություններից մեկի իրացման՝ անվտանգության ապահովման համար։ Տարբեր հանգամանքների բերումով՝ Հայաստանի համար անվտանգության ռազմավարության մշակման գործում շատ կարևոր է հատկապես արտաքին միջավայրի համընդգրկուն ուսումնասիրությունը և դրան համարժեք՝ սպառնալիքների գնահատումը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ներկայացնել անվտանգության ռազմավարության արտաքին անվտանգային բաղադրիչի վերաբերյալ մի քանի դիտարկումներ։ Միաժամանակ վերլուծել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի, առկա և հնարավոր սպառնալիքների, առաջարկվող ռազմավարական լուծումների վերաբերյալ տրված գնահատականները։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք, թե ինչպիսի արտաքին անվտանգային միջավայրում է մշակվել ու շրջանառության մեջ դրվել անվտանգության նախորդ ռազմավարությունը, ինչ իրավիճակ ունենք այսօր, որքանով է նոր ռազմավարությունը այդ միջավայրին համարժեք ընդունված, և ինչպիսի իրավիճակ կարող է լինել միջնաժամկետ հեռանկարում։
2018 թվականի ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու կերտման հրամայականը, որի առանցքային բաղադրատարրերից համարվեցին աղքատության հաղթահարումը, կարճ ժամանակահատվածում ծայրահեղ աղքատության վերացումը, սոցիալական ապահովության ամրապնդումը, անապահով և խոցելի խմբերի աջակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև մեծ քանակությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը։
Սույն վերլուծության նպատակն է վերլուծել աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության և զբաղվածության խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները ու դրանց իրականացման համար ձեռնարկված քայլերը:
ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս նպատակով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ճգնաժամային ժամանակահատվածներում, ինչպիսին է 2020 թվականը, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները:
Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2021-2023թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամին հակազդմանը և տնտեսության արագ վերականգնման ապահովմանը:
2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից։ Արդյունքում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ 2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այս պայմանավորվածությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացի օրակարգից՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ Ադրբեջանի նոր սադրանքների համար։ Ի պատասխան ռազմաճակատում հուլիսյան զարգացումներից հետո այս հարցով քննադատությունների՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին արդարանալ, թե իրենք չեն բանակցային օրակարգից դուրս մղել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ միաժամանակ փորձելով կասկածի տակ դնել դրանց կարևորությունը։ Սույն համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Փորձել ենք հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք են այսօրվա բանակցային գործընթացի առաջնահերթությունները։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Որքան շատ գիտի մարդը, այնքան ավելի ակնհայտ է նրա համար, թե որքան սակավ են իր գիտելիքները։ Միևնույն ժամանակ, որքան քիչ են գիտելիքները, երբեմն այնքան մեծ է ինքնավստահությունը սեփական անձի և գիտելիքների հանդեպ։ Ուռճացված ինքնագնահատական և կոմպետենտության պատրանք․ այս երևույթը կրում է «Դանինգ-Կրույգերի էֆեկտ» անվանումը։ Ինչո՞ւ մարդկանց մի հատված ունակ չէ համարժեք գնահատելու սեփական հմտություններն ու գիտելիքները։ Ի՞նչ հետևանքների կարող է դա հանգեցնել, և ինչպե՞ս տարբերակել իրապես կոմպետենտ մարդկանց․ այս և այլ հարցերին անդրադարձ է կատարվել այս հոդվածում։
Այս վերլուծությունում ներկայացվել են վարկային պորտֆելի կառուցվածքը և խնդրահարույց բնութագրերը ՀՀ ֆինանսական համակարգում: Ցույց է տրվել, որ 2018 և 2019 թվականներին աճել են սպառողական և հիպոթեքային վարկերի մասնաբաժինները՝ ի հաշիվ բիզնես վարկերի հարաբերական ծավալների «նոսրացման»: Սպառողական վարկերի առաջանցիկ աճի արդյունքում տնային տնտեսությունների շրջանում առաջացել է դիսբալանս՝ եկամուտների և վարկային պարտավորությունների միջև: Խնդրահարույց է նաև հիպոթեքային վարկերի դինամիկան, որը էապես գերազանցում է իր միջնաժամկետ տրենդին: Ինչ վերաբերում է բիզնես վարկերի հարաբերական ծավալների կրճատմանը, ապա այն առաջադրում է լուրջ սահմանափակումներ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այս իրավիճակի կարգավորումը կապված է մասնավոր հատվածի ֆինանսական առողջացման և տնտեսական գործընթացների աշխուժացման հետ, ինչը կարող է վերականգնել մասնավոր պարտքի կայունությունը՝ ՀՆԱ-ի առաջանցիկ աճի շնորհիվ:
Այս հոդվածում փորձ է արվում բացատրելու պոպուլիզմ եզրույթի էությունն ու գաղափարական բաղադրիչները: Վերհանվում են նոր պոպուլիզմի հասարակական ու գաղափարական ակունքները, ինչպես նաև փորձ է արվում բացատրելու հասարակության լայն զանգվածների աճող աջակցությունը պոպուլիստներին:
Հոդվածում փորձել ենք մանրամասն քննարկել պոպուլիզմի դրսևորման առանձնահատկությունները պատմական զարգացման տարբեր փուլերում: Մանրամասն անդրադարձ ենք կատարել անցումային և զարգացած երկրներում պոպուլիստական իշխանությունների հաջողության բանաձևերին: Համեմատականներ ենք անցկացրել ազատականության ու պոպուլիզմի միջև՝ բացատրելով դրանց տարբերությունները:
Ապրիլին տեղի ունեցած ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում և Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից: Անհրաժեշտ գիտելիքների և փորձի ակնհայտ բացակայությունը պատասխանատու կառույցների ու պաշտոնյաների շրջանում, կայացած հայկական մասնագիտական միջավայրի բացակայությունը, վերջին տարիներին հակամարտության նկատմամբ տարբեր միջազգային ասպարեզներում ոչ բարենպաստ կարծիքների ձևավորումը՝ ինչպես հակամարտության բնույթի, այնպես էլ կարգավորման հնարավոր սցենարների վերաբերյալ, էապես ընդլայնում են մարտահրավերների շրջանակը և մեծացնում բացասական զարգացումների հավանականությունը:
Թույլ չտալու համար, որ կարգավորման գործընթացն ունենա անշրջելի վտանգավոր զարգացումներ և չկորցնելու համար անկախության երեք տասնամյակների ընթացքում ձեռք բերված աննախադեպ արդյունքը՝ հարկ է հնարավորինս արագ մասնագիտական հիմքերի վրա դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարենպաստ արդյունք ապահովելուն ուղղված գործունեությունը տարբեր մակարդակներում:
Հոդվածում դիտարկվում են կարգավորման գործընթացի փուլերը, բացահայտվում դրանց ընթացքում կիրառված հայեցակարգային մոտեցումների էվոլյուցիան և արդյունքները, քննարկվող բանակցային փաստաթղթի էությունը, մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները։