«Լույս» հիմնադրամի կողմից հրապարակվող վերլուծություններում պարբերաբար մատնանշվում են հարկաբյուջետային հատվածի առկա խնդիրների մասին, որոնց թվում են՝ կապիտալ ծախսերի թերակատարումը, պարտքի հաշվին ընթացիկ ծախսերի իրականացումը և այլն: Այդ սխալների հետևանքով, արդեն իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցել է զարգացող երկրների համար ռիսկային համարվող 60% շեմը, ինչը նշանակում է, որ պետական պարտքի կայունությունը վտանգված է: Դրա հետագա աճը կարող է բերել երկրի անվճարունակության իրավիճակի, որը Հայաստանի ներկա ծանր պայմաններում կունենա կործանարար հետևանքներ: ՀՀ տնտեսության մեջ առկա՝ մատնանշված բազմաթիվ չլուծված խնդիրները, որոնցից հինգին առավել մանրամասն անդրադարձ է կատարվել, կորոնավիրուսի երկու ալիքները, կառավարության հակաճգնաժամային ծրագրերի մեծ մասի ձախողումը, Արցախյան պատերազմը, դրա բացասական արդյունքը և քաղաքական անկայունությունը, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում առաջացրել են խոր անկում, որի տեսանելի հետևանքը 7.5% տնտեսական ակտիվության անկման ցուցանիշն է:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Այս վերլուծությունը նվիրված է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության տեսլականի քննարկմանը։ Ուսումնասիրելով Բայդենի և իր վարչակազմի անդամների նախկինում և ներկայումս արտահայտած դիրքորոշումները Ռուսաստանի և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մասին, ակնհայտ է դառնում, որ Բայդենի վարչակազմում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ունեն հատուկ ընդգծված հակառուսական մոտեցումներ։ Վերջիններս Ռուսաստան-ԱՄՆ լայնածավալ համագործակցության հեռանկար չեն տեսնում, հատկապես ՌԴ ներկայիս նախագահի օրոք։ Միևնույն ժամանակ չի բացառվում ընդհանուր շահերի շուրջ հնարավոր համագործակցությունը, ինչպես օրինակ միջուկային զենքի սահմանափակման ոլորտում։ Ռուսաստանը շարունակվելու է դիտարկվել որպես գլխավոր մրցակից-պետություն ԱՄՆ-ի համար, իսկ ԱՄՆ-ն բոլոր ուղղություններով փորձելու է դիմակայել ռուսական ազդեցության տարածմանը:
«Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ գիրքը ներկայացնում է Ազգային ժողովի վերահսկողական դերն ու նշանակությունը խորհրդարանական կառավարման ձևում, խորհրդարանական վերահսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված գործիքակազմը: Առանձնահատուկ տեղ է հատկացված խորհրդարանական փոքրամասնության իրավունքներին և նրանց կողմից վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին: Վերահսկողական առանձին գործիքների վերաբերյալ ներկայացված է այլ երկրների փորձի համեմատականը։
Գիրքը նախատեսված է ինչպես պրակտիկ աշխատողների, այնպես էլ՝ դասախոսների, ուսանողների, խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետությունում խորհրդարանի դերը հետազոտողների և խորհրդարանական մշակույթի զարգացմամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար:
Արցախյան վերջին պատերազմը, ի թիվս այլ հարցերի, նաև իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի կոմունիկացիոն խնդիրների վրա։ Մինչ տարբեր փորձագետներ փորձում են գնահատել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր տնտեսական, քաղաքական հետևանքները, Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից հատկապես կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային կապերի վերականգնման հեռանկարը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին կլինեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համար, ինչ ռիսկեր կարող է առաջացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան տրանսպորտային միջանցքների ձևավորումը, դիտարկել ենք նոր միջանցքների ձևավորումը՝ տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների շահերի բախման համատեքստում։
Վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս կոմունիկացիաների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են, ինչը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ներդնել մինչդատական քրեական վարույթի գործերով մասնագիտացված դատավորների համակարգ: «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծությամբ անդրադարձ է կատարվում օրենսդրական նախաձեռնության առավել խնդրահարույց ասպեկտներին, մասնավորապես՝ դրա հիմնավորվածությանը, դատավորների նեղ մասնագիտացման արդյունավետությանը և դրա վտանգներին, հնարավոր քաղաքական շարժառիթներին, որոնք առաջ են բերում մի կողմից՝ սահմանադրականության, մյուս կողմից՝ արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից մտահոգություններ։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Իշխող քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է արդար և թափանցիկ պետական գնումների համակարգի անհրաժեշտության մասին։ Նման համակարգի ներդրումը և ապրանքների ու ծառայությունների գնումները ճիշտ ժամանակին և պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ստեղծումը, բացառելով շահերի բախման երևույթները, նախատեսված են նաև կառավարության ծրագրով՝ համարվելով դրանք պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական միջոցներից։ Որքանո՞վ են իրականացված պետական գնումները համապատասխանում այս խոստումներին։ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կարևորում է գնումների իրականացման մրցութային ընթացակարգը, թե՞ ապավինում է ռիսկեր պարունակող «մեկ անձ» գնումների ընթացակարգին։ Սույն ուսումնասիրությունն ուղղված է պարզաբանելու այս և նմանօրինակ այլ հարցեր՝ համեմատական վերլուծության ենթարկելով 2017-2020 թվականների ցուցանիշները։
Գյուղատնտեսության զարգացումը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման բարձրացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը և արդի տեխնոլոգիաների ներմուծումը գյուղատնտեսություն ՀՀ գործող կառավարությունը սահմանել է որպես գյուղատնտեսական քաղաքականության առանցք։ Ինչպես է իրականացվում այսօր գյուղատնտեսական քաղաքականությունը, ինչ աջակցության մեխանիզմներ են կիրառվում գյուղատնտեսությունում և ինչպես է դրանց նկատմամբ հետաքրքրությունը, արդյոք գյուղատնտեսական խորհրդատվությունը ծառայում է իր նպատակին։ Այս և նմանատիպ մի շարք հարցերի պարզաբանմանն է ուղղված սույն ուսումնասիրությունը՝ միաժամանակ համեմատական վերլուծության ենթարկելով 2016-2020 թվականների վիճակագրական ցուցանիշները։
Ժամանակային համադրումները դիտարկելիս խնդրում ենք նկատի առնել, որ սույն զեկույցը պատրաստ էր հրապարակման սեպտեմբերի վերջին, սակայն այդ ժամանակ չհրապարակվեց պատերազմական դրության պատճառով։
«44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, ներկայացնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով իր վրայից մաքրել աղետալի պատերազմի ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հոդվածն արդեն իսկ հանրային մեծ պարսավանքի է արժանացել, շատերը անդրադարձել են այնտեղ քողարկված վտանգավոր թեզերին, սակայն այդ աղմուկի մեջ շատ կարևրոր է նաև ցույց տալ, որ հոդվածում տեղ գտած բառացիորեն յուրաքանչյուր թեզ կամ «փաստ» որևէ աղերս չունի իրականության հետ, յուրաքանչյուր «փաստարկ» ունի շատ ավելի ծանրակշիռ հակափաստարկ։ Այս հոդվածի շրջանակներում փորձել ենք անդրադառնալ հայտնի հոդվածում ներկայացված հիմնական «փաստարկներին» և ցույց տալ դրանց ողջ մերկությունն ու մանիպուլյատիվ բնույթը։