Յո՞ երթաս, Հայաստան - 2021. խորհրդարանական ընդդիմության երկակի առաքելությունը
Ենթադրվում էր, որ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած աղետի հետևանքները Հայաստանը կսկսի հաղթահարել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դրանց արդյունքները անակնկալ եղան շատերի համար՝ ընդդիմությունից գրեթե երկու անգամ ավելի ձայներ ստացավ և իշխանության մնաց այն քաղաքական ուժը, որի աղետաբեր սխալների հետևանքով արձանագրվել են ծանր պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ահռելի նյութական կորուստներ ու բարոյական անկում։
Սակայն ընտրությունների արդյունքների քանակական և որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանության մեծ առավելության վերաբերյալ տպավորությունը խաբուսիկ է՝ իշխող քաղաքական ուժին վստահություն է հայտնել ընտրողների ընդամենը 26,2 տոկոսը, այն էլ վարչական ռեսուրսի բացարձակ կիրառմամբ ու զանգվածային խախտումներով: Ընդ որում, անգամ այդ դեպքում իշխող քաղաքական ուժի համար արձանագրված ձայները միայն մի քանի տոկոսով են ավելի կառավարություն ձևավորելու համար պահանջվող շեմից:
Ընտրությունները նաև արձանագրեցին Հայաստանի բազմակուսակցական համակարգի փլուզումը՝ մասնակցում էին 25 քաղաքական ուժեր՝ նախորդ մի քանի հերթական ընտրությունների 9-11-ի փոխարեն, սակայն ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց անհատների: ԿԸՀ-ն արձանագրել է նաև նախորդ ընտրությունների համեմատ իշխող ուժի ձայների զգալի նվազում և ընդդիմությանը տրված ձայների կտրուկ աճ: Տեղի է ունեցել ընդդիմության արմատական և որակական փոփոխություն՝ բացահայտ են ընդդիմության թե՛ փորձառության ու քաղաքական պայքարի անհամեմատ ավելի բարձր կարողությունները և թե՛ այդ պայքարի ավելի լայն ու արդյունավետ գործիքակազմի օգտագործման հնարավորությունը:
Պետության համար ծանր հետևանքներով հղի իրավիճակում, փլուզված բազմակուսակցական համակարգի պայմաններում տեսանելի ելք կարող է ապահովել խորհրդարանական ընդդիմությունը, որը պետք է ստանձնի երկակի՝ Հայաստանը խոր ու բազմագործոն ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու և առողջ քաղաքական կյանքի ողնաշարը համարվող կենսունակ բազմակուսակցական համակարգ ձևավորելու, առաքելություն: Ակնհայտ է, որ նման բարդ առաքելություն իրագործելու համար խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած երկու դաշինքները կազմող կուսակցությունները պետք է արդիականացնեն ու մեծացնեն իրենց ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կարողությունները:
Տնտեսական կոլապսի հավանականությունը ՀՀ-ում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք
Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները: Արդյո՞ք կառավարման խնդիրն է սպառնալիքի գլխավոր աղբյուրը: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ հիշյալ հարցերի պատասխաններն ու գնահատել ՀՀ-ում տնտեսական կոլապսի առաջացման հավանականությունը: Վերլուծվել են ՀՀ տնտեսական համակարգում վերջին երեք տարիներին կուտակված ռիսկերն ու խոցելիությունները, ինչպես նաև քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Ներկայացվել է նաև կառավարության` 2009-ի ճգնաժամին հաջողությամբ դիմակայելու նախկին փորձը և տնտեսական կոլապսի միջով անցած որոշ երկրների օրինակներ: Անդրադարձ է կատարվել հնարավոր հետևություններին, որոնք կարող է անել ՀՀ ներկայիս կառավարությունը` դասեր քաղելով արդյունավետ կառավարման ՀՀ նախկին փորձից, ինչպես նաև կոլապսի ենթարկված երկրների կործանիչ սխալներից: Հետազոտության վերջում տնտեսաչափական ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով մոդելավորվել են տնտեսական կոլապսի առաջացման հավանական սցենարն ու մեխանիզմները, ինչպես նաև գնահատվել են տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքները:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020թ. տարեկան հաղորդման վերաբերյալ
Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2020թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:
ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մասին
Այս տեղեկանքում ամփոփված է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տրված եզրակացությունը: Ներկայացված են բյուջեի կատարման մասով ԿԲ-ի կողմից արձանագրված առավել ուշագրավ գնահատականներն և խնդիրները: Մասնավորապես, խոսվում է 2020թ. հակաճգնաժամային միջոցառումների մասնակի և ոչ ամբողջ ծավալով իրականացման, պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման, կառավարության պարտքի մակարդակի շեշտակի բարձրացման, ինչպես նաև տնտեսության ներուժի վերականգնման խնդիրների մասին:
2020 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ
Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մասին
Այս տեղեկանքում ներկայացված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) եզրակացությունը: Մասնավորապես, տեղեկանքում ներառված են ՀՀ պետական բյուջեի կատարողականի մասով ՀՊ-ի կողմից 2020 թվականին արձանագրված առավել ուշագրավ խախտումները և դրանց վերացման մասով ՀՊ առաջարկությունները` պետական գնումների գործընթացի, պետական բյուջեի ծախսերի ծրագրային դասակարգման, պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականի, պետական մարմիններում անցկացվող ներքին աուդիտի գործընթացի և պետական բյուջեի կատարման մասով արձանագրված այլ խնդիրների վերաբերյալ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2020
Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։
Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 70 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։
Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար
Արցախյան վերջին պատերազմը, ի թիվս այլ հարցերի, նաև իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի կոմունիկացիոն խնդիրների վրա։ Մինչ տարբեր փորձագետներ փորձում են գնահատել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր տնտեսական, քաղաքական հետևանքները, Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից հատկապես կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային կապերի վերականգնման հեռանկարը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին կլինեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համար, ինչ ռիսկեր կարող է առաջացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան տրանսպորտային միջանցքների ձևավորումը, դիտարկել ենք նոր միջանցքների ձևավորումը՝ տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների շահերի բախման համատեքստում։
Վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս կոմունիկացիաների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են, ինչը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։