«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2020
Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։
Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 70 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։
Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար
Արցախյան վերջին պատերազմը, ի թիվս այլ հարցերի, նաև իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի կոմունիկացիոն խնդիրների վրա։ Մինչ տարբեր փորձագետներ փորձում են գնահատել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր տնտեսական, քաղաքական հետևանքները, Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից հատկապես կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային կապերի վերականգնման հեռանկարը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին կլինեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համար, ինչ ռիսկեր կարող է առաջացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան տրանսպորտային միջանցքների ձևավորումը, դիտարկել ենք նոր միջանցքների ձևավորումը՝ տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների շահերի բախման համատեքստում։
Վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս կոմունիկացիաների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են, ինչը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։
2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար
Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Կենտրոնական բանկը պետք է ստեղծի և վարի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:
Ռեեստրում ներառվող տեղեկությունները վերաբերում են Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքից ածանցվող բանկային գաղտնիքի իրավունքին։ Այս համատեքստում նախագիծը խնդրահարույց է մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու դեպքում Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:
Նախագծով կարգավորված չեն բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ռեեստրի վարման կարգը, դրանից տեղեկությունների տրամադրման կարգի և հիմքերի և այն մարմինների շրջանակը, որոնց այդ տեղեկությունները կարող են հասանելի դառնալ: Հաշվի առնելով, որ նախագիծը վերաբերում է բանկային գաղտնիքի իրավունքին, նշված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացարձակապես օրենքի հիման վրա:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախագծի` միջազգային փաստաթղթերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ապահովել շահերի հավասարակշռություն և երաշխավորել ինչպես վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, այնպես էլ անհարկի չսահմանափակել մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը․ Առաջարկվող առանցքային փոփոխությունների վերլուծություն
Ազգային ժողովի Իմ քայլը իշխող խմբակցությունը 2020 թ. մարտի 4-ին հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Նախագծերի փաթեթը Ազգային ժողովի նախագահի կողմից ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
«Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծության արդյունքում ի հայտ են եկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող մի շարք խնդրահարույց փոփոխություններ, մասնավորապես` համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կայուն մեծամասնության վերաբերյալ: Վերլուծության մեջ ներկայացվում են նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող այլ փոփոխությունները:
Աշխարհաքաղաքականություն և ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևոր շրջափուլ է, անկախ այն բանից, որ ոմանք դա համարում են պատժիչ քայլ տարբեր ոլորտներում առանց պաշտոնական Վաշինգտոնի համաձայնությունը ստանալու սեփական քաղաքականությունն առաջ մղող Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանի և հայության համար կա նաև խնդրի երրորդ կողմը, որն ունի ոչ պակաս կարևորություն, քան նշված երկուսը։ Բայդենն ուղերձում նշել է նման նոր աղետներ թույլ չտալու վճռականության մասին։ ԱՄն նախորդ նախագահը նման վճռականություն չդրսևորեց 2020 թվականին ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հրադադարի հաստատումից 6 ամիս անց ցեղասպանության վտանգները արցախահայության նկատմամբ չեն վերացել, ինչի մասին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները։ Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և Կոսովոյի դեպքերը վկայում են, որ նման վտանգը էապես նվազում է միայն հակամարտության տարածքի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա հիման վրա ձևավորված պետության միջազգային ճանաչումով։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ առկա են միանգամայն իրական նախադրյալներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման համար և անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունն ու հավատարմությունը հանրահայտ սկզբունքներին ու արժեքներին։ Այդ խնդրի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի վերաբերմունքը ցույց կտա, թե 21-րդ դարում առավել ազդեցիկ պետությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի հայտարարությունները՝ այլևս երբեք ցեղասպանություններ և մարդկության նկատմամբ կատարված այլ հանցագործություններ թույլ չտալու վերաբերյալ, իրական հիմք ունեն, թե դրանք պարզապես պահին պատշաճող ձևակերպումներ են, որոնք հերթական անգամ կզոհաբերվեն խելակորույս աշխարհաքաղաքական մրցակցության ժամանակ դրսևորվող անբարո էգոիստական շահերին։
Տեղեկանք Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ
Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Էրդողանական Թուրքիայի ավտորիտար ուղին և Հայաստանը
Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, այդ երկրում պետական գաղափարախոսության փոփոխությունները մեծապես ազդում են Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Էրդողանի ավտորիտար Թուրքիան՝ համեմված ազգայնական և իսլամական գաղափարներով, կրկին դարձել է տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Հետևաբար, Թուրքիայից եկող մարտահրավերները գնահատելիս անհրաժեշտ է ոչ միայն ուսումնասիրել վերջինիս արտաքին և անվտանգային քաղաքականությունը, այլև ճիշտ գնահատել այնտեղ տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները։
Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել Էրդողանի կողմից Թուրքիայում ավտորիտար իշխանության հաստատման և ամրապնդման գործընթացները, դրանց գաղափարական հիմքերը, ազդեցությունը Անկարայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա։ Միաժամանակ արձանագրել ենք, որ երկրում ավտորիտարիզմի ձևավորման ճանապարհին Թուրքիայի և Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճի որոշ դրվագներ ունեն տարօրինակ նմանություններ։ Եթե Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդումը միտված է այդ երկրի ազգայնական, ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը, ապա Հայաստանում ավտորիտար համակարգի հաստատումը, այն էլ առանց որևէ պետականամետ գաղափարախոսության, արդեն իսկ երկիրը կանգնեցրել է աղետի առաջ և կարող է առհասարակ սպառնալ պետականության գոյությանը։