«Առաջին ադրբեջանցու» աճպարարություններն ու հանցավոր ուղղորդումները
Վերջին օրերին բազմաթիվ փաստեր են արձանագրվում Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիայի՝ բոլոր ուղղություններով իրականացված նախապատրաստական քայլերի վերաբերյալ: Ընդ որում, բոլոր ուղղություններով էլ Բաքուն չի խորշում բացահայտ կեղծիքից ու նենգախոփումներից: Ագրեսիայի նախօրյակին ադրբեջանական haqqin.az կայքը, որպես «մասնագիտական» նախապատրաստություն, հրապարակել է ոմն Ֆարհադ Միրզոևի մի գրություն, որով նա փորձում է ժխտել Արցախի ինքնորոշման իրավունքը և «ջախջախել հայ քաղաքական գործիչների ու իրավագետների փաստարկներն ու հիմնավորումները»: Այդուհանդերձ, այս հոդվածում կբերվեն հեղինակի բոլոր «փաստարկները»՝ ցույց տալով, որ «միջազգային իրավունքի հայտնի մասնագետ» ներկայացողի կողմից պարզունակ և անհիմն միջոցներով միջազգային իրավունքի հարթությունից պատմական հարթություն խնդրի տեղափոխման փորձը և այնպիսի «փաստարկների» օգտագործումը, որոնք կապ չունեն ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ խնդրի էության հետ, նպատակ ունեն խուսափել իրավունքի ոլորտում առկա հստակ սահմանումներից, սպառիչ ու անժխտելի լուծումներից և կեղծարարության միջոցով պատմական փաստերի աղավաղումով խնդիրը տեղափոխել գոնե բանավեճի հարթություն:
Արդյունաբերության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
ՀՀ գործող կառավարությունը և իշխող քաղաքական մեծամասնությունը իրենց ծրագրային փաստաթղթերում նախատեսում են, որ կառավարության գործունեությունը պետք է միտված լինի Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։
Իրականացվո՞ւմ են արդյոք տրված խոստումները, թե՞ ոչ։ Սույն ուսումնասիրության նպատակն է վերլուծել արդյունաբերության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և կատարված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև 2017-2020 թվականների վիճակագրությանը՝ համեմատական վերլուծության ենթարկելով այդ տարիների ցուցանիշները։
ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2020)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Հակակոռուպցիոն դատարաններ․ Հայաստանում առաջարկվող ձևաչափն ու այլ երկրների փորձը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:
«Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ նման մասնագիտացված դատարանները առավելապես տարածված են կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առումով միջինից ցածր վարկանիշ ունեցող աֆրիկական և ասիական տարածաշրջանների երկրներում, ինչպես նաև միայն առանձին եվրոպական երկրներում:
Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում Նախագծերի փաթեթի առավել խնդրահարույց ասպեկտներին, մասնավորապես՝ նեղ մասնագիտացման արդյունավետությանը, արտակարգ և մասնագիտացված դատարանների տարբերակմանը, հակակոռուպցիոն դատարանի դատավորի կարգավիճակի տարբերություններին, որոնք առաջ են բերում մի կողմից՝ սահմանադրականության, մյուս կողմից՝ արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից մտահոգություններ։
Ժողովրդավարության մակարդակի և պետական կառավարման որակի ուղիղ համեմատականութան դիսկուրս
Հոդվածում դիտարկվում և համակարգված վերլուծվում են պետական կառավարման որակի մի շարք տեսություններ ու հայեցակարգեր: Ուսումնասիրվում են նաև պետական կառավարման որակի ու արդյունավետության չափորոշիչների հայեցակարգային հիմքերը: Աշխատանքում կարևորվում է պետական կառավարման որակի գնահատման համակարգային մոտեցումը, որը հնարավորություն է տալիս դիտարկել ոչ միայն դրա «արդյունավետությունը», այլև պետական կառավարման արարողակարգային համակարգերը` գործադիր իշխանության ինքնավարությունը քաղաքական որոշումներ կայացնելիս, պետական համակարգում առաջխաղացման ու թափանցիկության մեխանիզմների մշակումը և այլն։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Հայաստանում տնտեսական ճգնաժամերի համեմատական վերլուծությունը
Ներկայացվող վերլուծության նպատակն է համեմատել Հայաստանի անկախության պատմության օրոք տեղի ունեցած ճգնաժամերը՝ 1991-1993թթ. անցումային ճգնաժամը, 2009թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և ներկայիս՝ ԿՈՎԻԴ-19-ի հետ կապված ճգնաժամը։ Աշխատանքում բացահայտվել են այդ ճգնաժամերի խորությունն ու շարժիչ ուժերը, 2020թ. ճգնաժամի պարագայում վերլուծվել են նաև հնարավոր վտանգավոր հետևանքները:
ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում
Ժամանակակից պետության համար ազգային անվտանգության ռազմավարությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ և կարևոր ուղենիշներ է սահմանում պետության հետագա զարգացման և վերջինիս հիմնական առաքելություններից մեկի իրացման՝ անվտանգության ապահովման համար։ Տարբեր հանգամանքների բերումով՝ Հայաստանի համար անվտանգության ռազմավարության մշակման գործում շատ կարևոր է հատկապես արտաքին միջավայրի համընդգրկուն ուսումնասիրությունը և դրան համարժեք՝ սպառնալիքների գնահատումը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ներկայացնել անվտանգության ռազմավարության արտաքին անվտանգային բաղադրիչի վերաբերյալ մի քանի դիտարկումներ։ Միաժամանակ վերլուծել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի, առկա և հնարավոր սպառնալիքների, առաջարկվող ռազմավարական լուծումների վերաբերյալ տրված գնահատականները։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք, թե ինչպիսի արտաքին անվտանգային միջավայրում է մշակվել ու շրջանառության մեջ դրվել անվտանգության նախորդ ռազմավարությունը, ինչ իրավիճակ ունենք այսօր, որքանով է նոր ռազմավարությունը այդ միջավայրին համարժեք ընդունված, և ինչպիսի իրավիճակ կարող է լինել միջնաժամկետ հեռանկարում։
Աղքատությունը, զբաղվածությունը և սոցիալական խնդիրները Հայաստանում. ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
2018 թվականի ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու կերտման հրամայականը, որի առանցքային բաղադրատարրերից համարվեցին աղքատության հաղթահարումը, կարճ ժամանակահատվածում ծայրահեղ աղքատության վերացումը, սոցիալական ապահովության ամրապնդումը, անապահով և խոցելի խմբերի աջակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև մեծ քանակությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը։
Սույն վերլուծության նպատակն է վերլուծել աղքատության հաղթահարման, սոցիալական արդարության և զբաղվածության խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները ու դրանց իրականացման համար ձեռնարկված քայլերը: