Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ․ ժամանակահատված)
Զբոսաշրջությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ Զարմանալի չէ, որ դրա զարգացումը և զբոսաշրջային հոսքերի աճի ապահովումն իրենց արտահայտությունն են գտել ինչպես 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այնպես էլ և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։ Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը 2018-2019 թվականների ընթացքում, անդրադարձ է կատարվում նաև համաճարակի ազդեցությանը ոլորտին:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված միջոցառումները արդարադատության ոլորտում․ միջազգային փորձն ու Հայաստանը
Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը աշխարհում ստիպել է փնտրել և ներդնել այլընտրանքային կառուցակարգեր` այնպես, որ հնարավոր լինի ապահովել մի կողմից՝ պետական մարմինների անխափան գործառնությունը, հանրային ծառայությունների մատուցումը, մյուս կողմից՝ կասեցնել հիվանդության տարածումը և ապահովել հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Հանրային ծառայությունների արդյունավետ մատուցումը չի կարող շրջանցել արդարադատության ոլորտը, քանի որ ժամանակակից իրավական պետությունների առանցքում մարդն է, նրա արժանապատվությունն ու իրավունքները։ Պետությունը պարտավոր է երաշխավորել մարդու հիմնական իրավունքների իրականացման պատշաճ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Ուստի, հետազոտության մեջ ուսումնասիրվել են նոր կորոնավիրուսային վարակի հետևանքները կանխելու նպատակով արդարադատության ոլորտում տարբեր երկրներում ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական իրավունքի և դատավարության, էլեկտրոնային արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քրեակատարողական իրավունքում: Համեմատականներ անցկացնելով Հայաստանում և այլ երկրներում իրականացվող՝ համավարակով պայմանավորված միջոցառումների միջև՝ ներկայացված են արդարադատության ոլորտում լրացուցիչ միջոցառումների առաջարկներ։
Կարծիքի արտահայտման ազատությունը և «ատելության խոսքը»․ Հայաստանի օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն
2020թ. մայիսի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար («ատելության խոսք»): «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության շրջանակներում վերլուծության է ենթարկվել ատելության խոսքի քրեականացման իրավաչափությունը՝ այն դիտարկելով կարծիքի արտահայտման ազատության և դրա սահմանափակման իրավաչափության համատեքստում։ Ներկայացված են նաև ատելության խոսքի սահմանափակման հարցում միջազգային փաստաթղթերի կարգավորումներն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, ինչպես նաև այլ երկրների փորձառությունը։
Քաղաքականության թատերականացում
Սույն հոդվածում փորձ է արվում վերլուծելու քաղաքական գործընթացի թատերականացման տեխնոլոգիան՝ քաղաքական սիմվոլիկայի գլխավոր կերպարների մասնակցությամբ: Հոդվածում դիտարկվում է քաղաքական կառնավալի (դիմակահանդես) ֆենոմենը՝ վարքաբանական և կերպարային դրսևորման բոլոր առանձնահատկություններով: Կառնավալի հիմնական նպատակը ու գործառույթը զանգվածներին անհրաժեշտ գործողությունների դրդելն է այնպես, որ «ինքնուրույն» վարքի դրսևորման պատրանք ձևավորվի: Հոդվածում քաղաքականության թատերականացման ուսումնասիրությունը իրականացվել է խաղերի տեսության տրամաբանությամբ:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով
Ազգային ժողովը 2020թ. մարտի 31-ին գումարված արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնք հնարավորություն են տալիս hամաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ բջջային օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ֆիքսել քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը: Նշված նախագծերի վերաբերյալ իրենց մտահոգություններն են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպաններ։ Մեր կողմից իրականացվել է խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, որը վեր է հանում միջազգային կառույցների մոտեցումները և ցույց տալիս, որ Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքներին խիստ լայն միջամտություն։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ԵՄ հրապարակած «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը և Հայաստանը
2020 թվականի մարտի 18-ին Եվրամիությունը հրապարակել է «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար ԵՄ նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ Դեռևս մարտի 16-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր «ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը» վերնագրով վերլուծությունը, որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվում ԱԼԳ ծրագրի ապագայի վերաբերյալ եվրոպացիների կողմից քննարկվող հիմնական նախագծերին։ Մարտի 18-ին հրապարակված փաստաթուղթն արդեն իսկ որոշակիորեն հստակեցնում է ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականության շուրջ հիմնական մոտեցումները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ուսումնասիրել ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, հասկանալ, թե ինչպիսին է լինելու ԱԼԳ ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը 2020 թվականից հետո։ Ներկայացրել ենք փաստաթղթում տեղ գտած հիմնական գաղափարներն ու առաջնահերթությունները, այնուհետև փորձել ենք հասկանալ, թե ի վերջո ԱԼԳ ծրագիրը ինչ մոդելով է առաջ շարժվելու։
Տեղեկանք Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ
Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2020)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը: