Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիան և դրա շարունակական դրսևորման բարձր հավանականությունը հաշվի առնելով՝ անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առանցքային խնդիրներից որպես առաջնահերթություն պետք է դիտարկվի ազգային անվտանգության և պետական պաշտպանության հստակ, արդիական, չափելի, բովանդակալից և պատեհաժամ ռազմավարությունների առկայությունը:  Անվիճելի է նաև, որ 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և կիբեռպաշտպանությունը ազգային անվտանգության և պետական պաշտպանության պարտադիր և կարևորագույն բաղկացուցիչ տարր են, իսկ տվյալ ուղղություններով համապարփակ ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու իրագործումը (ներառյալ՝ պարբերաբար դրանց վերանայումն ու լրամշակումը)` նշված ոլորտների արդյունավետ կառավարման և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման համար անփոխարինելի միջոցներ։ Կիբեռտարածքն արդեն վաղուց դիտարկվում է որպես պետությունների կողմից պատերազմ վարելու սովորական հարթակ, ինչպես ցամաքային, օդային և ջրային տարածքները, իսկ կիբեռզենքերը՝ սովորական զինատեսակներին զուգահեռ՝ որպես պատերազմ վարելու այլընտրանքային միջոցներ։ Կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման հարցն այսօր ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես միջազգային անվտանգության առանցքային մարտահրավերներից մեկը։ Միջազգային հումանիտար իրավունքի (ՄՀԻ) տեսանկյունից կիբեռմիջոցների կիրառումը զինված հակամարտությունների ընթացքում իրավաչափ է, և դրանց կիրառումը կարգավորվում է ՄՀԻ նորմերով։ Պատահական չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում պետությունները արտաքին թշնամուց պետական պաշտպանության համատեքստում մեծ ուշադրություն են դարձնում նաև կիբեռպաշտպանությանը՝ առաջին հերթին մշակելով կիբեռպաշտպանության մասով պետության ռազմավարությունը և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հայաստանի Հանրապետությունը տեղեկատվական անվտանգության և «էլեկտրոնային հասարակության» ձևավորման ու զարգացման ապահովման ոլորտում  կոնկրետ միջոցները սկսել է ձեռնարկել արդեն 2000-ական թվականների առաջին տասնամյակում: 2008-2009թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր: 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեցին ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը. մասնավորապես, ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, և զուգահեռաբար 2017 թվականի վերջին և 2018 թվականի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը: Թվում էր, թե Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթղթերը պետք է պետության կողմից դիտվեին որպես առաջնահերթություն, լրամշակվեին, վերջնականացվեին, վաղուց ընդունված լինեին և այսօր գտնվեին իրականացման փուլում: Սակայն, այս հարցի շուրջ իրականացրած վերլուծությունը հանգեցնում է ցավալի եզրահանգումների. իրողությունն այն է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտներում որևէ ռազմավարական փաստաթուղթ: Վերջին հինգ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտների զարգացման, քաղաքականության ձևավորման և ռազմավարությունների հաստատման ու իրականացման հարցում պետական կառավարման մարմինների դրսևորած պասիվ կեցվածքը և անգործությունն անթույլատրելի են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային և պաշտպանական խնդիրները: ՀՀ-ում կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ տեսլականի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի բացակայությունը վտանգավոր իրողություն է՝ պետական պաշտպանության արդյունավետ կազմակերպման համատեքստում։ Խնդրի արդիականության և հրատապության մասին են վկայում նաև ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման մասով ՀՀ ցուցանիշները։ Այսպես, համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի 2020 թվականին հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան) Հայաստանից ավելի ցածր ցուցանիշներ ունեն միայն Ղրղզստանը (49,64), Տաջիկստանը (17,1) և Թուրքմենստանը (տվյալները բացակայում են)։ Իսկ ազգային կիբեռանվտանգության ինդեքսով 2020 թվականի դրությամբ Հայաստանն այլ պետությունների շարքում 90-րդն է՝ ունենալով նվազագույն զրոյական ցուցանիշ կիբեռանվտանգության քաղաքականության մշակման առումով, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում  վտանգների վերլուծության տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում ճգնաժամի կառավարման տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կենսական ենթակառուցվածքների և թվային ծառայությունների պաշտպանության տեսանկյունից և նվազագույն զրոյական ցուցանիշ՝ ռազմական ոլորտում կիբեռօպերացիաների կազմակերպման կարողությունների տեսանկյունից։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը

ԱՄՆ-ի դերը Արցախի միջազգային ճանաչման հարցում. հայ համայնքի և հայ լոբբիստների դերակատարումը

Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր․ Առանց կանոնների շահագործումն ու նոր սպառնալիքները

Քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր․ Առանց կանոնների շահագործումն ու նոր սպառնալիքները


Back to top
Close