Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքաշինություն

Մագիստրատուրա

Գրիգոր Միրզա-Ավագյան

Ես ծնվել եմ 1986 թվականին Երևանում: 1992 թվականին ընդունվել եմ թիվ 114 միջնակարգ դպրոց: Թեև 1997-ին ընտանիքիս տեղափոխությունն ԱՄՆ իմ ընտրությունը չէր, այնուամենայնիվ այսօր ես գտնում եմ, որ այդ քայլը լիովին արդարացված էր. ԱՄՆ-ի կենսակերպն ու կյանքս բավականին համահունչ են իրար, իսկ հայրենիքիս հետ շարունակում եմ հասարակական ու հուզական հարաբերություններ պահել:

2013-ին մագիստրոսի աստիճան եմ ստացել Հարվարդի համալսարանի ճարտարապետության բարձրագույն դպրոցում` մասնագիտանալով քաղաքաշինության և նախագծման ոլորտներում: Ավարտական թեզիս (« Adaptive Reuse of Historic Churches in New York City: The Opportunities and Challenges for Community Development ») նպատակն էր ուսումնասիրել հոգևոր նշանակության հին շինությունների ադապտիվ վերաօգտագործման ռազմավարությունները, սրանց շրջանակներում համայնքների զարգացման հեռանկարները, հաջողության հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները և գործընթացի վարման առավել շահավետ եղանակները:

Քաղաքաշինության հանդեպ իմ հետաքրքրությունն առաջացավ Բարսելոնայում, որտեղ ես սովորեցի մի ամբողջ տարի` որպես Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարա համալսարանի ուսանող: Բարսելոնայի դինամիկ ապրելակերպը և նախագծման փայլուն լուծումներն այնպիսի տպավորություն թողեցին ինձ վրա, որ ես որոշեցի շարունակել կրթությունս հենց այդ ասպարեզում: Համոզված եմ, որ քաղաքաշինության բնագավառում ստացած իմ բակալավրի կոչումը կնպաստի այդ ասպարեզում ավելի մեծ հաջողությունների հասնելու գործում: Ներկա մասնագիտական հետաքրքրություններս առնչվում են կայուն զարգացման, կանաչ ենթակառուցվածքների, խելացի աճի, պատմական շինությունների պահպանման և ադապտիվ վերօգտագործման, ինչպես նաև մատչելի բնակարանաշինության ոլորտներին:

Վստահ եմ, որ մասնագիտական փորձառությունս արժեքավոր կլինի Հայաստանում նախագծեր իրագործելիս: Վերջին երկու ամառների ընթացքում ուսումնասիրել և բավականին լուրջ խնդիրներ եմ նկատել հայաստանյան քաղաքաշինության ասպարեզում, ինչը, կարծում եմ, դաշտը կարգավորող կանոնակարգերի և երկարաժամկետ աճի քաղաքականության բացակայության հետևանք է: Չնայած գործադրված ջանքերին` պետք է խոստովանել, որ իրագործվող նախագծերի առանցքում ճարտարապետական և ինժեներական խնդիրներն են, և բոլորովին անտեսվում են քաղաքի գործունեության վրա ազդեցությունն ու հետևանքները: Միջգերատեսչական համակարգումը չափազանց կարևոր է խուսափելու համար այնպիսի խնդիրներից, ինչպես, օրինակ, բարձրահարկ գրասենյակային շինություններին չափազանց մոտ նոր ճանապարհի կառուցումն է: Նման խնդիրները կարող են հանգեցնել ավելորդ խցանումների և պատահարների: Բացի դրանից, երերուն հիմքերի վրա է դրված նաև Հայաստանի պատմաճարտարապետական կառույցների պահպանման գործը: Ճարտարապետական մեր ժառանգությունը պահապանելու կոչված օրենսդրական վերահսկողության թերացումների հետևանքով բազմաթիվ գեղեցիկ շինություններ այլևս չկան:

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ լուսավոր ապագա է սպասվում: Անցյալ երկու տարիների ամռանը` «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցությանս ընթացքում, երիտասարդների շրջանում աճ եմ նկատել խնդիրների լուծման կառուցողական գաղափարների առաջադրման առումով: Սկսնակ ձեռնարկություններ են ստեղծվում ամեն ամիս, և սոցիալական ցանցերի միջոցով մտքերի փոխանակումն օգնում է ձևավորել սոցիալապես պատասխանատու, գիտակից հայերի նոր սերունդ: Ու քանի որ ձեռներեցության ոգին վերելք է ապրում, նորարարական լուծումների ալիքը Երևանի կենտրոնից հասնում է երկրի հեռավոր անկյուններ: Ինչ վերաբերում է ինձ, ուրախ կլինեի աշխատել մեր համայնքների քաղաքաշինական դիմագիծը բարելավող որևէ նախագծի վրա: Ես կապ եմ պահպանում հայաստանցի մասնագետների ցանցի, ինչպես նաև` «Լույսի» համայնքի հետ` միասին ավելի լավ ապագա կերտելու նպատակով:


Այստեղ սովորում են
Նաիրի Ավանեսյան

Իրավագիտություն

Ժաննա Կիտբալյան

Լիբերալ արվեստ և գիտություններ

Երվանդ Մելքոնյան

Տնտեսագիտություն

Back to top
Close