Երեխաների զարգացում և կրթություն
2010 թվականին ես որոշեցի բարձրանալ Արարատ լեռ եւ մի քանի ամիս անց՝ օգոստոսի 14-ին, ես բիբլիական լեռան կատարին էի՝ ծովի մակերեւույթից 5165 մ բարձրության վրա: Հաջողությունն ինձ արբեցրել էր, կամ դա ուղղակի հիվանդագին վերաբերմունք էր:
Ես այնպիսի մեկն եմ, որ իր դիմաց նպատակ է դնում, ի հայտ բերում մարտահրավերները եւ ընդառաջ է գնում դժվարություններին՝ դրանք հաղթահարելու եւ ծրագրերն իրագործելու վճռականությամբ լի:
Մասնագիտական գործունեությանս ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել որպես կրթության փորձագետ իրականացնելու եւ մասնակցելու տարբեր նախագծերի ու դասընթացների:
Ինձ հպարտություն ներշնչող լավագույն ծրագրերից է Մանկական զարգացման միջազգային կենտրոնի հիմնադրումը. նախագծի նպատակն էր որակյալ կրթություն տրամադրել աուտիզմ ունեցող երեխաներին: Նախագիծը կյանքի կոչվեց եւ շարունակում է իրագործվել` նվիրումով լի ջանքերի եւ գիտելիքների խանդավառ ներդրման շնորհիվ:
Ես արդեն կարող եմ տեսնել այն փոփոխությունները, որոնք իմ իրականացրածի արդյունքն են, եւ գերագույն հաճույքով եմ պատկերացնում անելիքս, երբ կունենամ մասնագիտական ավելի շատ հմտություններ եւ փորձառություն: Հայաստանում շատ են կրթության ոլորտի մասնագետները, բայց շատ քիչ են մանկական զարգացման մասնագետները:
Խորապես հետաքրքրված լինելով մանկական զարգացման վերաբերյալ միջազգային տեսական եւ գործնական գիտելիքներ ձեռք բերելով՝ ես դիմել եմ Օքսֆորդի համալսարանի Կրթության եւ մանկական զարգացման մագիստրոսական ծրագրին (MSc Education and Child Development): Ես հույս ունեմ այդ գիտելիքները ծառայեցնել կրթական ծրագրերի եւ նախագծերի ձեւավորմանը, գնահատմանը եւ վերլուծությանը՝ ներդրում ունենալով մանկական զարգացման որակական բարեփոխման եւ երեխաներին առնչվող այլ խնդիրներում որոշումների կայացման գործում:
Երազում եմ նշանակալից դեր խաղալ Հայաստանում կրթական համակարգի վերակազմավորման եւ վերածնության գործում՝ կյանքի կոչելով Օքսֆորդի համալսարանում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը:
Սա է լինելու իմ մարտահրավերը հայրենիք վերադառնալիս:
Բժշկական մարդաբանություն
Կառավարում
Հանրային Քաղաքականություն