Ճարտարապետական դիզայն
Ծնվել եմ 1981 թ. Երևանում:
Կարդալ սովորելուց անմիջապես հետո սկսեցի ահռելի հետաքրքրոթյուն ցուցաբերել ավագ եղբորս` գիտության և հանրահաշվի գրքերի հանդեպ: Երևակայությունս միանգամից բռնկվեց գիտաֆանտաստիկայով. ապագաս պատկերում էի աստղագնացի ծանր ու սպիտակ սաղավարտում: Սակայն մյուս կողմից` անչափ հրապուրված էի նաև Նյուտոնի, Այվազովսկու և Շարլոթ Բրոնթեի կերպարներով (արդյո՞ք ես էլ պիտի ականավոր ֆիզիկոս դառնաի, թե՞ բնանկարիչ, իսկ միգուցե գրո՞ղ): Մինչ այդ, դպրոցում խոստումնալից գնահատականներ էի վաստակում...:
Քիմիան աննկարագրելիորեն գեղեցիկ առարկա էր, մանրակրկիտ գիտության և գույնզգույն նյութերի արվեստի մի սինթեզ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, երբ ուսնում էի Շրջակա միջավարի ճարտարագիտական պաշտպանության բակալավրիատում, սովորում էի շուրջ 50 ակադեմիական առարկա, որոնք էլ ձևավորեցին իմ վերլուծական մտածելակերպը: Ուշագրավ է, որ այստեղ մեծագույն կարևորություն ուներ դասախոսական անձնակազմի վարակիչ խանդավառությունն ու նվիրվածությունը դեպի գիտությունն ու հարցասիրությունը:
Մասնակցեցի ամենաոգևորիչ դասախոսությունների` հագեցնելով գիտության հանդեպ անհագ ծարավս:
Զինված ՀՊՃՀ-ից ստացած ինժեների դիպլոմով և քսանամյա երիտասարդին բնորոշ ինքնավստահությամբ` 2003 թ. մեկնեցի Մոսկվա: Մի քանի տարի անց արդեն աշխատում էի արտաքին գովազդի ընկերություններից մեկում և երկրորդ մասնագիտություն ձեռք բերում Արդյունաբերական դիզայնի բակալավրիատում (Մոսկվայի արվեստի և դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոց):
Հենց այստեղ 2006 թ. մասնակցեցի դիզայնի տարեկան մրցույթին և արժանացա Լոնդոն այցելելու ուղեգրի: Շուտով արդեն բոլորովին պարզ էր, որ պիտի անպայման լավագույնս կիրառեմ ինձ ընձեռնված այս յուրահատուկ հնարավորությունը:
Նույն տարում սկսեցի ուսումնառել Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր համալսարանում` որպես Առարկայական դիզայնի բակալավրիատի ուսանող: Անհամար գիշերներ էի անց կացնում համալսարանի ուսումնական և հետազոտական կենտրոնում, քանի որ զննելու, դիտարկելու և հետազոտելու պահանջս անսահման մեծ էր: Որպես մեր խմբի ուսանողական ներկայացուցիչ` մասնակցում էի վերապատրաստման դասախոսությունների, ինչպես նաև աշխատում էի իմ դիսերտացիոն, նկարչական ու հետազոտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ: Ուսումնառության երկրորդ տարում համառ փնտրտուքներս հաջողությամբ պսակվեցին. աշխատանքի անցա Դիզայնի արտադրողական ընկերություններից մեկում` որպես եռաչափ դիզայներ:
Հարթֆորդշիր համալսարանն ավարտելուց ի վեր աշխատում և մասնակցում եմ բազում ստեղծագործական նախագծերի, ինչպես Հարթֆորդ մարզային քոլեջի կենդանի նկարչության և Մելբուռնի համայնքային քոլեջի յուղանկարչական դասընթացներին:
Ավելին, որպես Թայմ Բենքի կամավոր` աշխատում եմ մեծահասակների հետ` սովորեցնելով նրանց օգտվել համակարգիչներից: Դա ինձ բացառիկ հնարավորություն է ընձեռնում հետազոտելու առաջատար տեխնոլոգիաների դերն ու ազդեցությունը տարիքային այդ խմբի կյանքում:
Միաժամանակ ուսուցանում եմ Հարթֆորդշիր համալսարանի ուսանողներին, երբ ուսումնական տարվա վերջում համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Լինդլին ինձ հրավիրում է աջակցելու ուսանողներին իրենց ավարտական աշխատանքների ընթացքում:
Իմ վերջին նախագծերից ամենանշանավորը, սակայն, “Awaiting Eyes” հիմնադրամի հետ համագործակցությունն է. Պակիստանում “Iqbal Begum” մանկատան շենքերից մեկի ճարտարագետն ու եռաչափ դիզայներն էի: Կառուցել եմ տարածքի եռաչափ նապատիպը, նախապատրաստել շենքի ներքին և արտաքին էսքիզները` հաշվի առնելով օգտագործվող նյութերը, աշխատուժի և շինանյութերի տեղական աղբյուրները, ֆինանսական նախահաշիվը և այլ բնապահպանական ու սոցիալական առանձնահատկություններ: Այս կենսափորձը առիթ դարձավ բացահայտելու իմ մեկ այլ ստեղծագործական ներուժը` վերլուծական ճարտարապետական մտածելակերպն ու տեսական, տեխնոլոգիական և պատմական համատեքստի կարևորության գիտակցումը:
Ուստի խանդավառվեցի ուսմանս շարունակականության և ինքնակատարելագործման գաղափարով: Այժմ ուսանում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի Ճարտարապետության մագիստրատուրայում: Եվ անկասկած, սա դեռ միայն սկիզբն է:
Այս բլոգը նվիրված է իմ ուսումնառության ընթացքում կատարվող ամբողջ աշխատանքին, հետազոտություններին և փորձերին:Իրավագիտություն
Շրջակա միջավայր և կայուն զարգացում
Ծրագրերի և ձեռնարկությունների կառավարում