Մարդու իրավունքներ
Ես ծնվել եմ Երևանում:
2003 թ. գերազանցությամբ ավարտել եմ Վլադիմիր Մայակովսկու անվան ռուս - հայկական դպրոցը:
2008 թ. գերազանցությամբ ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
2008-2010 թթ. ուսանել եմ Վիեննայի միջազգային համալսարանում` «Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ» մագիստրոսական ծրագրով: 2010 թ. գերազանցությամբ ավարտել եմ այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Ավարտական տարում արժանացել եմ համալսարանի ակադեմիական մրցանակին:
Այնուհետև սկսել եմ հետաքրքրվել մարդու իրավունքների հիմնախնդիրներով: Մարդու իրավունքների բնագավառում առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (2009 թ.), իսկ կես տարի անց որպես պրակտիկանտ աշխատել եմ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների բաժնում (2009 թ.): Այդ կազմակերպություններում աշխատելով` ցանկություն ունեցա խորացնելու գիտելիքներս մարդու իրավունքների տեսության ոլորտում:
Ուստի 2010 թ. մեկնեցի Լոնդոն՝ «Մարդու իրավունքներ» մագիստրոսական ծրագրով Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսանելու: 2011 թ. ստացել եմ «Մարդու իրավունքներ» մասնագիտության գծով մագիստրոսի աստիճան (Classification obtained: Merit. Dissertation grade - Distinction):
Վերադառնալով Հայաստան` 2011 թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել եմ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Օրհուս կենտրոնների գործունեության համակարգման ծրագրում` որպես փորձագետ: Իմ հետազոտությունները և դրանց հիման վրա կազմված հաշվետվությունը նվիրված էին Հայաստանի և ԵՄ պետությունների բնապահպանական ու պլանավորման օրենսդրության և ընթացակարգերի համեմատական վերլուծությանը, շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը, ինչպես նաև` բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիությանը:
Այնուհետև որպես փորձագետ աշխատել եմ ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնում, որտեղ զբաղվել եմ հայրենադարձությանը վերաբերող օտարերկրյա և միջազգային օրենսդրության ուսումնասիրությամբ` ոլորտը կարգավորող ՀՀ ազգային օրենսդրության զարգացման նոր ուղիներ փնտրելու տեսանկյունից: Իմ հետազոտություններից մեկի նպատակը «Ուղեղների շրջանառություն՝ ընդդեմ ուղեղների արտահոսքի» հայեցակարգի մշակումն էր:
2012 թ. մայիսից միացել եմ ՀՀ կառավարության «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի թիմին, որտեղ «կարգավորող գիլյոտինի» մեթոդի կիրառմամբ իրականացվում են մշակումներ ոչ արդյունավետ իրավական ակտերի վերանայման, փոփոխման, ինչպես նաև վերացման (ուժը կորցրած ճանաչելու) ուղղությամբ: Ներկայումս իմ պատասխանատվության շրջանակն ընդգրկում է բարձրագույն կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի ոլորտների իրավական կարգավորումները: Նշածս պարտականություններից բացի հանդիսանում եմ նաև «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» գենդերային հարցերով պատասխանատուն` նպատակ ունենալով ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության միջոցով մեր աշխատանքում ներդնել և զարգացնել գենդերային ազդեցության գնահատման ռազմավարություն:
2013 թ. սեպտեմբերից դասավանդում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Ներկայումս վարում եմ «Հետազոտությունների մեթոդներ» մոդուլը, ինչպես նաև մի շարք սեմինարներ՝ մարդու իրավունքների և ոչ ֆորմալ հարաբերությունների ու ինստիտուտների վերաբերյալ:
Իմ հիմնական մասնագիտական փորձի և հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է
Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն
Քրեագիտություն
Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա