Համատեղ աստիճան
Ես` Նարեկ Արամի Թովմասյանս, ծնվել եմ 1990թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Մեծ Մասրիկ գյուղում` տնտեսագետի ընտանիքում: Շնորհիվ ծնողներիս` հայերենին գրաճանաչ եմ դարձել հինգ տարեկան հասակում: Յոթ տարեկանից սկսել եմ հաճախել գյուղի տարրական դպրոց: Սիրածս առարկաներն էին հայոց լեզուն և հայ գրականությունը: Շատ լավ արդյունքներ ունեի նաև մաթեմատիկայից, սակայն գրական արվեստից ավելի մեծ հաճույք էի ստանում, քան մաթեմատիկական խնդիրներ լուծելուց: Ուսումնական պլանից դուրս պաշտում էի կարդալ հայ պոեզիա ու պատմավեպեր: Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին նաև գրել եմ ոտանավորներ, որոնցից մի քանիսը տպագրվել են «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսում: Սեր էի տածում նաև երաժշտության նկատմամբ և հաճախում գյուղի երաժշտական դպրոց:
“Քվանտ” վարժարանի` Հայաստանի լավագույն ավագ դպրոցներից մեկի մասին տեղեկանալով շաբաթաթերթից` որոշեցի մասնակցել վարժարանի ընդունելության «Օժտված երեխաների մրցույթին»` մաթեմատիկա առարկայից: Ցուցաբերելով բարձր արդյունքներ` իրավունք ստացա անվճար հիմունքներով սովորելու վարժարանում:
Ինձ համար նոր ուսումնական կյանք սկսվեց վարժարանում, որտեղ ես փոխեցի, ինչպես նաև` ընդլայնեցի հետաքրքրություններիս շրջանակը: Վարժարանում սովորելու տարիներին մասնակցել եմ բազմաթիվ ներվարժարանային, միջվարժարանային, քաղաքային, հանրապետական օլիմպիադաների մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, աստղագիտություն, կենսաբանություն առարկաներից` արժանանալով բազմաթիվ դիպլոմների ու մրցանակների: Վարժարանական տարիներին ունեցած մեծագույն հաջողություններս են 1-ին կարգի դիպլոմը 2007թ. աշխարհագրության հանրապետական օլիմպիադայում, 2-րդ կարգի դիպլոմը 2005թ. Բյուրականում անցկացված ԱՊՀ երկրների աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայում (ՄՕ), գովասանագրերը` 2006թ. և 2007թ. համապատասխանաբար Սլովենիայում և Վիետնամում կայացած մաթեմատիկայի 47-րդ և 48-րդ ՄՕ-երում, ինչպես նաև` մասնակցությունը 2006թ. Հնդկաստանում անցկացված աստղագիտության 11-րդ ՄՕ-ին: Այդ տարիներին մասնակցել եմ նաև տարբեր միջազգային ամառային դպրոցների ու կոնֆերանսերի ինֆորմատիկայից ու աստղագիտությունից: 2005-2006 ուստարում ցուցաբերած ուսման բարձր արդյունքների համար վարժարանի կողմից ճանաչվել եմ լավագույն աշակերտ և արժանացել անվանական կրթաթոշակի:
Հետագա գործունեությունս անպայմանորեն կապելով գիտության հետ` նպատակ եմ ունեցել բուհական կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում: Սթենֆորդում սովորելը կյանքիս ամենաբաղձալի երազանքներից է եղել, և 2009թ. ապրիլի 1-ին Սթենֆորդի համալսարանից ստացված ընդունելության հրավերը մեծագույն ոգևորություն ու երջանկություն էր ինձ համար: Սթենֆորդում կրկնակի մասնագիտություններս են ընդհանուր ծրագրավորումը և ֆինանսական մաթեմատիկան: Սթենֆորդի հոյակապ մասնագիտական կուրսերից բացի` արտաուսումնական գրաֆիկիս ամենասիրելի մասերից են դարձել պարը եւ լողը:
Սիրածս զբաղմունքներն են ֆուտբոլը, թենիսը, շախմատը, ինչպես նաև` ճանապարհորդելը: Ազատ ժամանակ շատ եմ սիրում զբաղվել ընթերցանությամբ կամ նվագել դաշնամուր:
Դեռևս մեր թվարկությունից առաջ չինացի փիլիսոփա Լաոցին նկատել է, որ ամենաերկար ճանապարհորդություններն անգամ սկսում եմ մեկ փոքր քայլով: Ես համարում եմ այս իմաստալից խոսքերը մի ուղեցույց, ինչի վրա պետք է հիմնվի ցանկացած հասարակություն իր զարգացման ճանապարհին: Այս իմաստով անչափ կարևորվում է հասարակության յուրաքանչյուր անդամի ներդրած ավանդը դրա զարգացման գործում:
Պատիվ ունենալով ներկայացնել Հայաստանը չորս միջազգային օլիմպիադաներում` հասկացել եմ սեփական երկրին հռչակ բերելու արժեքն ու նշանակությունը: Նաև գիտակցում եմ, թե որքան կարևոր է փոքր պետության համար, ինչպիսին Հայաստանն է, ունենալ որակյալ և բազմագիտակ մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն ներդնել իրենց համեստ, բայց էական ավանդը մեր երկրի զարգացման գործում:
Քիմիա
Համակարգչային գիտություն
Իրավագիտություն