Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա
Ես` Անի Սարիկի Ներսիսյանս, ծնվել եմ 1989 թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: Ընտանիքումս տիրող գիտական մթնոլորտի շնորհիվ մանկուց երազել եմ իմ ներդրումն ունենալ ֆիզիկայի բնագավառում: Հայրս` Սարիկ Ներսիսյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Մայրս աշխատել է որպես ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն առարկաների ուսուցչուհի: 1996-2002 թթ. սովորել եմ Երևանի Պեյո Յավորովի անվան միջնակարգ դպրոցում: 2002-ին ընդունվել եմ «Քվանտ» վարժարան և ավարտել այն 2006-ին: Դպրոցական տարիներին մասնակցել եմ ինչպես գիտական, այնպես էլ արվեստի հետ կապված մի շարք մրցույթների: 2001-ին կազմակերպված ասմունքի միջդպրոցական մրցույթում արժանացել եմ 2-րդ պատվավոր մրցանակին: 2004-ին «Քվանտ» վարժարանում կազմակերպված քիմիա առարկայի մրցույթում արժանացել եմ «Քվանտ վարժարանի քիմիայի մագիստրոս» կոչմանը: Մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների` մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն առարկաներից: 2006-ին ավարտել եմ «Քվանտ» վարժարանը գերազանցության կարմիր ատեստատով, ինչպես նաև պարգևատրվել գերազանցության ոսկե մեդալով: Նույն թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Այստեղ սովորելու ընթացքում կազմակերպել և մասնակցել եմ մի շարք ուսանողական միջոցառումների: 2008-ի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել եմ C++ և OOP ծրագրավորման լեզուների` CQG IT ընկերության կազմակերպած դասընթացներին: 2008-2010 թթ. եղել եմ SPIE (The international society for optics and photonics) գիտական կազմակերպության անդամ, որի հիմնական դերը միջազգային գիտաժողովների և սեմինարների կազմակերպումն է: 2011-ից հանդիսանում եմ նաև OSA (The Optical Society of America) կազմակերպության անդամ: 2009-ին իմ ղեկավարությամբ լույս է տեսել ֆիզիկայի ֆակուլտետի ամբիոնների և դասախոսական կազմի մասին գիրք - ուղեցույց: Նույն թվականին մասնակցել եմ MPOP (Modern Problems in Optics and Photonics) միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին: 2009-ին մասնակցել եմ նաև գիտական սեմինարի Բյուրականի աստղադիտարանում: Դրա հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել աստղադիտակների աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև մինչ այժմ այդ բնագավառում կատարված փորձերին և հայտնագործություններին: Մասնակցել եմ նաև աստղերի և լուսնի դիտումների: 2009-ին ներկայացվել եմ ԵՊՀ անվանական կրթաթոշակին` ուսման ընթացքում ցուցաբերած գերազանց առաջադիմության համար: 2008-2010 թթ. եղել եմ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ուսանող: Հեղինակել եմ երկու կուրսային աշխատանք` նվիրված հեղուկ բյուրեղական բևեռացումային ցանցերի ուսումնասիրությանը, ինչպես նաև դիպլոմային աշխատանք` չիրպավորված անիզոտրոպ դիֆրակցիոն ցանցերի հատկությունների ուսումնասիրության հիման վրա: 2010 թվականի մայիսի 31-ին ստացել եմ բակալավրի աստիճան: Որպես գիտական կարիերայի շարունակություն` 2010-ին ընդունվել եմ Շվեցարիայի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա: 2011-2012 թթ. սովորել եմ Փրինսթոն համալսարանում` որպես այցելու ուսանող: 2012-ի մայիսին պաշտպանելով մագիստրոսական թեզս` ավարտել եմ Ցյուրիխի համալսարանը` ստանալով ֆիզիկայի մագիստրոսի կոչում քվանտային օպտիկայի ոլորտում: 2012-ի մարտին դիմելով Օքսֆորդի համալսարան` ստացել եմ ուսումս որպես ասպիրանտ շարունակելու երկու արաջարկ: Այժմ գիտական կարիերաս շարունակում եմ Օքսֆորդի պինդ մարմինների ֆիզիկայի բաժնում:
Հիմնական նպատակներիցս է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը, հետագայում կապեր հաստատել մեր և արտասահմանյան մեծ ճանաչում վայելող համալսարանների և գիտական ինստիտուտների միջև: Կարծում եմ` գիտության տարբեր ճյուղերի և հատկապես ֆիզիկայի առաջընթացը մեծապես կնպաստի մեր երկրի արագ զարգացմանը. հենց սա պետք է լինի հայ երիտասարդության գլխավոր նպատակներից մեկը:
Մաթեմատիկական տրամաբանություն
Արևելագիտություն
Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն