Սահականուշ Սարգսյան
Ծնվել եմ 1986 թվականին Կոտայքի Մարզի Քանաքեռավան գյուղում: Միշտ կարծել եմ, որ մյուսներին օգնելը լինելու է իմ մասնագիտության բաղկացուցիչ մասը: Մեծացել եմ մի այնպիսի ընտանիքում, որը խարսխված է մեկը մյուսին օգնելու ու աջակցելու գաղափարի վրա: Ուսուցչուհի մայրս և եղբայրս ինձ համար ոգեշնչման աղբյուր են եղել` հասկանալու համար լավ կրթության արժեքը:
Սովորել եմ Քանաքեռավանի միջնակարգ դպրոցում: Տասներորդ դասարանում մասնակցել եմ FLEX դպրոցական փոխանակման ծրագրին, հաղթել և մեկ տարով սովորել Ամերիկյան ավագ դպրոցի վերջին դասարանում (ավարտել եմ գերազանց): Հայաստան գալով` ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, որտեղ 2003-2007 թթ. ստացա Մանկավարժության և լեզվաբանության բակալավրի, իսկ այնուհետև` մագիստրոսի աստիճանները (կրկին գերազանց):
Համալսարանում սովորելու ընթացքում կամավոր հիմունքներով աշխատում էի Քանաքեռավանի դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի: Այստեղ էր, որ ևս մեկ անգամ հասկացա, որ հայկական կրթական համակարգը դեռ մի շարք դժվարություններ ունի հաղթահարելու. պետք է վերացնել գյուղական և քաղաքային վայրերի միջև առկա կրթական անհավասարությունները, մեծացնել էթնիկ փոքրամասնությունների, կանանց և աղջիկների` կրթություն ստանալու հնարավորությունները, խրախուսել առաջադեմ աշակերտներին և ուսանողներին և, առհասարակ, կրթական ոլորտում կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք համապատասխանում են մեր ազգային առաջնայնություններին և, միևնույն ժամանակ, միջազգային պահանջներին:
Դպրոցում և նույնիսկ համալսարանում կարծես իմ ինքնությունն էի փնտրում: Սակայն բազում հնարավոր մասնագիտությունների մեջ ամենահարազատը այն էր, որն ուղղակի կապ ուներ կրթության հետ: Կոլումբիայի համալսարանի Համամետական և միջազգային կրթություն ծրագիրը լիովին համապատասխանում է իմ ցանկություններին և նպատակներին` մեր հասարակության վրա կրթության միջոցով բարենպաստ ազդեցություն ունենալու հնարավորություն տալով: