Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Վահե Գալստյան

Ծնվել եմ 1992 թ. Գյումրի քաղաքում: Մանկուց հակում եմ ցուցաբերել ճշգրիտ գիտությունների նկատմամբ, մասնավորապես՝ մաթեմատիկայի: Տարրական դասարաններում ակտիվորեն մասնակցում էի ներդպրոցային օլիմպիադաներին եւ մեծագույն հաճույք ստանում` արդյունքի հասնելիս: Ուսումնական ծրագրերից դուրս շատ էի սիրում կարդալ գրքեր, հատկապես` պատմական եւ արկածային: Իմ մանկության ամենահետաքրքիր զբաղմունքներից են եղել նաեւ «Լեգո» եւ «Փազլ» խաղերը: Դրանք, լինելով շատ սիրելի ժամանցի միջոց, նաեւ զարգացնում էին իմ ստեղծագործական միտքը:

Տեղեկանալով «Քվանտ» վարժարանում անցկացվող «Օժտվածների մրցույթի» մասին՝ 2006 թ. որոշեցի փորձել ուժերս՝ չունենալով հաջողության հասնելու մեծ հույսեր: Սակայն մրցույթում ես ցուցաբերեցի երկրորդ արդյունքը եւ «Քվանտ» վարժարանում անվճար հիմունքներով սովորելու իրավունք ստացա: Գիտակցելով, որ լքում եմ իմ հայրենի քաղաք Գյումրին եւ իմ ընկերներին՝ ես տեղափոխվեցի Երեւան եւ կարճ ժամանակում ընտելացա նոր միջավայրին: Ինձ համար նոր կյանք սկսվեց «Քվանտ» վարժարանում. ընդլայնեցի հետաքրքրություններիս շրջականը, ձեռք բերեցի նոր ընկերներ եւ շնորհիվ ֆիզիկայի իմ ամենասիրելի ուսուցիչ պր. Ազիզբեկյանի`սկսեցի լուրջ հետաքրքություն ցուցաբերել ֆիզիկա առարկայի նկատմամբ:

«Քվանտ» վարժարանում ուսանելու տարիներին ես ակտիվորեն մասնակցում էի օլիմպիադաների ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից՝ արժանանալով բազմաթիվ դիպլոմների եւ մրցանակների: Շնորհիվ օլիմպիադաների ես հնարավորութուն ունեցա այցելելու աշխարհի տարբեր երկրներ, ծանոթանալու նոր մշակույթների եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: «Քվանտում» ունեցած ամենամեծ հաջողությունս եղավ 2009 թ. Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող ֆիզիկայի 40-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանանալը:

«Քվանտն» ավարտելուց հետո դասավանդել եմ ֆիզիկա առարկան վարժարանի օլիմպիական խմբակում: Դասավանդելն ինձ օգնում է հասկանալ ֆիզիկան առավել խորությամբ եւ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք ես ունեի դեռ աշակերտ ժամանակ: Իմ պարապմունքներն ավելի արդիական դարձնելու նպատակով ես ստեղծել եմ specedu.info ռեսուրսը, որի օգնությամբ պարբերաբար կազմակերպում եմ առցանց օլիմպիադաներ: Կայքի նկատակն է ստեղծել ֆիզիկայով հետաքրքրվող աշակերտների միջավայր, որտեղ նրանք ողջ տարվա ընթացքում կկարողանան շփվել միմյանց եւ մասնագետների հետ: Այժմ SpecEdu-ի անդամ են հանրապետության լավագույն դպրոցների մի շարք սաներ, ինչպես նաեւ` արտասահմանյան վարժարանների աշակերտներ:

2011-ին դիմել եմ ԱՄՆ-ի լավագույն համալսարաններ եւ սովորելու հրավեր եմ ստացել Կոլումբիայի եւ Փրինսթոնի համալսարաններից: Կրթությունս շարունակելու եմ Կոլումբիայի համալսարանում եւ պատրաստվում եմ մասնագիտանալ Ֆիզիկա առարկայում:

Իմ նախասիրություններից են թենիսը, լողը եւ ընթերցանությունը:


Այստեղ սովորում են
Մարե Սարկունի

Կիրառական մաթեմատիկա

Սամվել Գևորգյան

Ֆինանսական մաթեմատիկա

Քրիստեն Ստամբուլյան

Հանրային կառավարում

Back to top
Close