Միջազգային կրթական քաղաքականություն
Ծնվելով Վանաձոր քաղաքում 1981 թվականին՝ ունեցել եմ նեղ գավառական մտածելակերպով շրջապատված մանկություն: Սակայն պատանեկությունս անցկացրել եմ որպես Սովետական միության փլուզմանը հետևող «անկախության սերնդի» մի մաս, որը ձգտում էր ավելի լայն հնարավորությունների և հեռանկարների: Միևնույն տեսլականն ունեի, երբ ընտրում էի անգլերեն լեզուն` որպես մասնագիտություն. այն կբացեր նոր հորիզոններ և կընձեռեր ավելի շատ վստահություն երկրիս, ինչպես նաև իմ կյանքի ժողովրդավարացման համար: Երևանի պետական համալսարանում վեցամյա մասնագիտական ուսումնառությանս ընթացքում ես պահպանեցի գերազանց ուսանողի իմ կարգավիճակը՝ ստանալով կրթաթոշակ և, համապատասխանաբար, անգլերեն բանասիրության մագիստրոսի աստիճանը հավաստող գերազանցության դիպլոմ:
Անսահման հավատը կրթության ներուժի նկատմամբ, որ ներշնչել էին ինձ ուսումնառությանս տարիները, ինչպես նաև փոփոխություններ իրականացնելու կարողությունը ոգեշնչեցին ինձ սկսել աշխատանքային գործունեությունս որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի «Հուսո Այգում» (Երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամ), որի առաքելությունն է նպաստել Հայաստանի գյուղական անապահով խավի երիտասարդ կանանց սոցիալական վերականգնմանը:
Ավանդական կրթության մեջ ընթացող փոփոխություններին զուգընթաց գնալու ցանկությունը ոգևորեց ինձ հանդես գալու որպես կրթության կազմակերպման ու դասավանդման նոր մոտեցման մի մաս: Ես շարունակեցի գործունեությունս «Ամրոց» ուսումնական կենտրոնում, որն ընտրել էր դասավանդման նոր ուղի Հայաստանում՝ հարելով ցկյանս և ինքնուրույն ուսուցման սկզբունքներին, ինչպես նաև նախաձեռնել էր «Ինքնուսույցի կենտրոնի» գաղափարի գործարկումը: Դրանով ես ինձ ոլորտում ընթացող նորամուծությունների մի մասն էի զգում: Ինձ համար բավական գրավիչ, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող է կարողանալ փոխել երկրիս այն սերնդի գաղափարախոսությունը, որը, թվում է՝ անորոշություն է զգում ավանդականի և նորարարության առճակատման հարցում, սակայն որդեգրել է կյանքում շարունակաբար կրթություն ստանալու արժեքը:
Կյանքիս և աշխատանքիս այս ամենահարմար և ամենապատրաստված փուլում փոփոխություններ նախագծելու իմ ցանկությունն ու հաստատակամությունը ոգևորեցին ինձ դառնալ համաշխարհային միտումների մի մասը: Ահա թե ինչու ես որոշեցի ուսումնասիրել միջազգային կրթության քաղաքականություն և դիմեցի Հարվարդի կրթության բարձրագույն դպրոց: Ես մեծ ցանկություն ունեմ դառնալ մեկը նրանցից, ով այս գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում կմասնագիտանա, որպեսզի բարելավի մարդկային գոյությունը Երկրի վրա, նպաստի ազգերի միջև համագործակցությանն ու փոխըմբռնմանը, ինչպես նաև կոչի խաղաղության և կայունության: Ուսումնառությունս Հարվարդի համալսարանում կարագացնի քայլերս դեպի մասնագիտական կատարելություն և կդարձնի ինձ հմուտ փորձագետ կրթության բնագավառում՝ թույլ տալով ոչ միայն վայելել մասնագիտությանս պտուղները, այլև իրականացնել հայրենիքիս առջև ունեցած պարտքը:
Ճարտարապետություն
Տնտեսություն
Կառավարություն