Բիզնեսի գործարար կառավարում
Ես Արմեն Բագրատի Տունյանի և Գալինա Հայկի Աբրամյան-Տունյանի ավագ զավակն եմ: Պապերս ու տատերս գաղթել են Բաքու Արցախի Հադրութ գյուղից: Ես դաստիարակվել եմ թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն լեզուներով: 1988 թվականին՝ մինչև Ղարաբաղյան պատերազմը, ընտանիքս ապաստան է գտել Հայաստանում: Ապրել ենք Կոտայքի շրջանում, որտեղ հաճախել եմ Արզական գյուղի նախակրթարանը: Երեք տարի Հայաստանում ապրելուց հետո` 1991 թվականին, ընտանիքս գաղթեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատեց Հյուսիսային Կարոլինա նահանգի Սալիզպերի քաղաքում (Salisbury, North Carolina):
Փոքր հասակից ծնողներս իմ մեջ սերմանել են հավատքի, մշակույթի և աշխատասիրության կարևորությունը: Այս արժեքների միջոցով է, որ կարելի է հասնել նպատակներին: Միացյալ Նահանգներ հասնելուց հետո, Ռովան շրջանի հանրային դպրոցում “Անգլերենը որպես երկրորդ լեզու” ծրագրի շնորհիվ հեշտությամբ տիրապետեցի անգլերենին (Rowan County Public School, English as Second Language program): Բարձրագույն վարժարանում եղել եմ առաջադեմ դասարանների մեջ (Honors and Advanced placement classes in High School):
Ավարտել եմ Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքի Նահանգային համալսարանը (University of North Carolina, Charlotte)` ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի կոչում էկոնոմիկա և ֆինանսներ ուղղվածությամբ (Bachelor of Business Administration in Economics and Finance): Համալսարանական տարիներին իմ գործոն մասնակցությունն եմ բերել հայ համայնքային կյանքին` կամավոր աշխատելով և գործակցելով Հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությանը, ծառայելով Ս. Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհուրդին որպես անդամ, և գլխավորել եմ հանգանակության մի քանի ձեռնարկներ: Համալսարանն ավարտելուց հետո մնացի Շարլոթում և սկսեցի աշխատել Bank of America-ի կենտրոնական գրասենյակի կորպորատիվ ներդրումների և կորպորատիվ ֆինանսների խմբում` պատրաստելով եկամուտի ու ծախսերի, ֆինանսական գործիքների առևտրային կարգավիճակի և դրանց համադրման ամենօրյա հաշվետվություններ:
2010 թվականի հունիսին ինձ առիթ տրվեց սատարելու Նյու Յորքի նորակազմ Bank of America Merrill Lynch Investment Bank-ի կազմակերպությանը: Այս պաշտոնում ես աջակցում էի Capital Markets Business–ին` պատրաստելով եկամուտի ու ծախսի վերլուծություններ, բացահայտելով գնագոյացման շեղումները և հաղորդակցվելով սահմանված առևտրային գնի հետ: Միաժամանակ անդամակցեցի Knowledge is Power Program (KIPP) հայտագրին՝ կազմակերպելով կամավորների հավաքագրում և հանգանակություններ գործընկերների համար: Այս բարեգործական ծրագիրը ներկայացվել էր վեց քաղաքի Գլխավոր Ֆինանսական Պաշտոնյաների Խմբին (CFO Group), ու ես գլխավորում էի Նյու Յորքի խումը:
Ծանր ու հարատև աշխատանքը ինձ տվեց լավ աշխատողի համբավ և ճանապարհ բացեց դեպի գլխավոր գրասենյակ, որտեղ ես պատրաստում էի ներդրումային պարտատոմսերի փաստաթղթերը բենզինի և գազի բաժնում: Բանկում աշխատել եմ որպես գանձապահ Կանանց Առաջնորդական Խորհրդում (Women’s Leadership Council)` կազմակերպելով կապերի հաստատման (networking) և առաջնորդության զարգացման ծրագրեր: Բացի այդ, ես վեց հոգուց բաղկացած խմբից մեկն էի, ով աջակցում էր նորեկ վերլուծաբաններին և օգնականներին: Ձգտելով ավելի շատ մասնակցություն ունենալ ֆինանսական գործարքների իրականացմանը, ես ստանձնեցի իրացվելիության ռիսկի կառավարչի դերը: Այս բաժինը Federal Reserve Bank-ին զեկուցում էր ձեռնարկության իրացվելիության և ներքին լարվածության արդյունքները: 2015 թվականի փետրվարին ես նշանակվեցի փոխնախագահ: 2015 թվականի դեկտեմբերին ես դարձա խոշոր Եվրոպական բանկի` Deutsche Bank-ի Ամերիկայի գանձապետարանի աուդիտի խմբի անդամ:
Նյու Յորք քաղաքում բնակություն հաստատելուց հետո ակտիվ մասնակցություն եմ բերել տեղական հայ կազմակերպություններին: Ներկայումս գործնականորեն մասնակցում եմ Armenians in Banking and Finance խմբի աշխատանքներին, ծառայելով որպես մենթոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մեջ, myAni.org-ի մարզիչ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ակտիվ անդամ:
Այժմ ապրում եմ Նյու Յորք քաղաքում և սովորում եմ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրում (Master of Business Administration): Ուսումս ավարտելուց հետո հույս ունեմ մտնել ֆինանսական ծառայությունների կառավարման խորհրդատվության ասպարեզ:
2017 թվականի մայիսին, համալսարանս ավարտելուց հետո, ցանկանում եմ վերադառնալ Հայաստան և օգնել ֆինանսների և բիզնեսի բնագավառում աշխատող երիտասարդներին:
Կրթություն
Մարդու իրավունքներ
Բիզնեսի կառավարում