Բիզնեսի գործարար կառավարում
Ծնվել եմ Երևանում 1983 թվականին: Ծնողներս մաթեմատիկայի և քիմիայի ուսուցիչներ են: Ընտանիքում չորս երեխա էինք: Դպրոց եմ հաճախել բավականին վաղ տարիքում՝ հինգ տարեկան հասակում: Սովորել եմ գերազանց և ավարտել դպրոցը գերազանցության վկայականով: Հատկապես ուժեղ եմ եղել մաթեմատիկայից: 1997-ին ընտանիքս հեռացավ Հայաստանից, և ես մնացի տատիկիս հետ: Հաջորդ տարում ընդունվեցի Երևանի պետական համալսարան՝ 15 տարեկանում: 2002-ին, ստանալով բակալավրի աստիճան, անմիջապես աշխատանքի անցա ՀՀ Կենտրոնական բանկում: Ես բարձր եմ գնահատում Կենտրոնական բանկի ներդրումը երիտասարդ մասնագետների կարիերայի զարգացման գործում: Մասնագիտական առումով ինքս մեծապես օգտվել եմ Կենտրոնական բանկում անցկացրած տարիներից:
2008-ին տեղափոխվել եմ Ամերիաբանկ: Այդ շատ հին բանկն այդ տարիներին արդեն դարձել էր փոքր կազմակերպություն: Նոր բաժնետերը և կառավարման նոր թիմը լիովին վերակառուցեցին բանկը: Դա, ըստ էության, սթարթ-ափ նախագիծ էր, որին ես բախտ եմ ունեցել մասնակցելու: Ես ինձ զգում եմ ոչնչից մեկ միլիարդ դոլարի բանկ կառուցելու պատմության մի փոքրիկ մասը:
Տարիներ առաջ ես և ընկերս հիմնադրեցինք Գլոբալ շեյփերսի Երևանյան հաբը (Yerevan Hub of Global Shapers Community), որը Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) նախագիծն է: Մեր նախագծերն ընդգրկում են մեր քաղաքի սոցիալական կյանքը բարելավելու մի շարք ոլորտներ: Քանի որ ես արդեն 33 տարեկան եմ, ես պետք է լքեմ կազմակերպությունը՝ համաձայն կանոնակարգի: Ես սերտ հարաբերություններ եմ պահպանում հայկական սփյուռքի հետ: Ժամանակին հանդիսացել եմ Մտածողության խմբակի հիմնադիր անդամ: Մենք անցկացնում էինք դասընթացներ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համար (դրանցից մեկը տեղի է ունեցել Հալեպում մինչև քաղաքացիական պատերազմը): Ես խորապես հավատում եմ աշխարհասփյուռ հայերի միասնական հզորությանը:
Իմ մասնագիտական երազանքն է լինել մի թիմի ադամ, որը կստեղծի խոշոր ֆինանսական ինստիտուտ՝ ցուցակված Լոնդոնի բորսայում, որը կմրցակցի ռեգիոնալ խաղացողների հետ և կգլխավորի ներդրումային նախագծեր երկրի և տարածաշրջանի մասշտաբով: Ես իմ մեջ մի կարևոր բաց եմ տեսնում այդ երազանքի ճանապարհին. իմ կրթությունը:
Որպես առաջին քայլ՝ հաղթահարելու այդ բացը, մասնակցեցի CFA ծրագրին: Հաջողությամբ հանձնելով երեք մակարդակների քննությունները՝ այժմ ունեմ CFA հավատարմագիր և հանդիսանում եմ Մոսկվայի CFA ասոցիացիայի անդամ (քանի որ Հայաստանում համապատասխան արտոնագիր ունեցողների թիվն աճում է, ես պատրաստվում եմ հիմնել Երևանի CFA ասոցիացիա):
Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա՝ տասը տարեկան դուստր և վեց տարեկան որդի:
Քիմիա
Բիզնեսի գործարար կառավարում
Իրավագիտություն