Տեխնոլոգիական քաղաքականություն
Ծնվել եմ Նյու Ջերսի նահանգում 1991 թվականին և մեծացել եմ Հայաստանում։ Նախքան 1998 թ. Հայաստանում հիմնովին հաստատվելը, ընտանիքս ապրել է ԱՄՆ-ում, Հայաստանում և Դանիայում։ Անկախության վաղ տարիներին Հայաստանում ապրելը և դպրոց հաճախելը մեծ կյանքի փորձ էր ինձ համար, որն օգնում է լիովին գնահատել մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մինչ օրս։ Ապրելով Հայաստանում՝ նաև հաճախել և ավարտել եմ երգեցողության մասնագիտացված երաժշտական դպրոց, որտեղ սովորեցի դաշնամուր նվագել և երգել։ Հետագայում սովորեցի նաև քանոն նվագել։
2009-2013 թթ. ուսանել եմ Միչիգանի համալսարանում՝ մասնագիտանալով միջազգային հարաբերությունների բաժնում։ Ուսմանս ընթացքում պարգևատրվել եմ բազմաթիվ կրթաթոշակներով։ Այդ չորս տարիների ընթացքում աշխուժորեն մասնակցել եմ համալսարանի տարբեր ուսանողական ակումբների գործունեությանը, ուսմանս վերջին տարվա ընթացքում ընտրվել եմ համալսարանի Հայ ակումբի նախագահ։ Համալսարանում ակտիվ ներգրավվածությունից զատ մասնակցել եմ նաև տեղի հայկական համայնքի միջոցառումներին, երգել եմ Հայ առաքելական եկեղեցու երգչախմբում։ Համալսարանն ավարտելուց հետո պարգևատրվեցի Ֆուլբրայթ կրթաթոշակով՝ 2013-2014 ուսանողական տարվա ընթացքում Եգիպտոսում արաբերեն ուսանելու համար։ Ցավոք, այդ տարվա Եգիպտոսի Ֆուլբրայթ ծրագիրը չեղարկվեց՝ Արաբական Գարնան քաղաքական անկայունության պատճառով։ Արդյունքում որոշեցի վերադառնալ Հայաստան և սկսեցի աշխատել Փիքսարտում, ուր ժամանակի ընթացքում միացա արտադրանքի ղեկավարման թիմին։
Փիքսարտում աշխատելու շնորհիվ հնարավորություն ունեցա անմիջականորեն գնահատել տեխնոլոգիայի ոլորտի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, բացահայտելով, թե Հայաստանի կայուն զարգացման և բարգավաճ ապագայի կերտման ինչպիսի հեռանկար է այն խոստանում։ Ցանկանալով մանրամասն հասկանալ գործարարության և կառավարության փոխհատումը տեխնոլոգիական ոլորտի կարգավորման և աջակցման հարցում՝ դիմեցի և ընդունվեցի Քեմբրիջի համալսարան, ուր պատրաստվում եմ ուսումնասիրել վերոնշյալ հարցերը՝ տեխնոլոգիայի քաղաքականություն մագիստրոսի աստիճանի ծրագրի շրջանակներում: Ծրագիրը միջդիսցիպլինար մոտեցում է ներկայացնում՝ միավորելով գիտությունը, գործարարությունը և քաղաքականությունը։ Հուսով եմ, որ ձեռք բերված կրթությունը կօգնի ինձ ապագայում դրական ներդրում կատարել Հայաստանի տեխնոլոգիական աճի և դրա շուրջ կազմավորվող քաղաքականության ոլորտում։
Տնտեսագիտություն
Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն
Բիզնեսի գործարար կառավարում