Իրավագիտություն
2007 թվականին ստացել եմ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` քրեական դատավարություն մասնագիտությամբ: Ուսանելով Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետում` 2002 թվականին ստացել եմ իրավագիտության բակալավրի, իսկ 2004 թվականին` իրավագիտության մագիստրոսի կոչումներ:
Երևանի պետական համալասարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ եմ և դասավանդում եմ առավելապես քրեական դատավարությանը, արդարադատության համակարգին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին վերաբերող առարկաներ:
Գիտական գործունեությանս զուգահեռ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում` որպես խորհրդական: Պատասխանատու եմ դատարանի` քրեական իրավունքին և դատավարությանն առնչվող դատական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ պատրաստելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ուսումնասիրության համար` ներպետական մակարդակում դրանց կիրառության ապահովման նպատակով:
2010 թվականից Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրության հիման վրա ստեղծված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ եմ: Դա ինձ բացառիկ հնարավորություն է տվել ուղղակի ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության կատարելագործմանը:
2010 թվականի հոկտեմբերից հնարավորություն եմ ստացել նպաստելու Հայաստանի Հանրապետության` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի օրենսդրության և պրակտիկայի կատարելագործմանը` լինելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի վերանայման միջազգային մեխանիզմում Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ (ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2011 թվականի դեկտեմբերի նիստում ընտրվել եմ Խոշտագումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Կոմիտեն լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը:
Մասնագիտական գիտելիքներս գործնական կիրառություն են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Վճռաբեկ դատարանում, Սահմանադրական դատարանում, Գլխավոր դատախազությունում, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովում և այլն:
Մասնագիտական դասախոսություններ եմ ունեցել դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: Աշխատել եմ առաջատար միջազգային կազմակերպություններում` ՄԱԶԾ, ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակ, ԵՄ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրեր և այլն:
Մասնագիտական հետաքրքությանս շրջանակներն ընդգրկում են քրեական դատավարության ոլորտը, հատկապես` մինչդատական վարույթի հիմնախնդիրները, քրեական հետապնդման մարմինների հարաբերակցության առանձնահատկությունները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում:
Համակարգիչ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Գործադիր բիզնեսի կառավարում
Հանրային կառավարում