Հանրային քաղաքականություն
Ծնվել եմ ք. Երևանում 2000թ.-ի մայիսի 21-ին և մեծացել որպես հայկական մշակույթի կրող: Ազգային մշակույթը հսկայական դեր է ունեցել իմ կայացման գործում և ազդեցություն է ունեցել իմ` Հայաստանը միջազգային ասպարեզում պատկերացնելու վրա: Քանի որ ծանոթացա միջազգային հասարակայնությանը և մշակույթին` մասնակցելով «Ռաունդ Սքվեր» միջազգային համաժողովներին Հնդկաստանում ու Սինգապուրում և հաճախելով ամառային դպրոց Միացյալ Թագավորության Օքսֆորդ քաղաքում, կարողացա բացահայտել ավելի լայնամասշտաբ պատկեր միջազգային մտածողության և հանդուրժողականության վերաբերյալ: Այսպիսով, մշակութային ինքնությունս` համեմված որոշակի «միջազգային» տարրերով, դարձավ այն ուժը, որ նպաստեց իմ հետաքրքրասիրությանը, մտավոր զարգացմանը և հասարակության մեջ դրական փոփոխություն հաղորդելու ձգտմանը:
Իմ կրթությանն ուղղված թերևս ամենամեծ քայլն արվել է 2015թ. սեպտեմբեր ամսին, երբ ընդունվեցի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կողմից առաջարկվող Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիր (ՄԲԴԾ): Այնտեղ սկսեցի վերլուծաբար մոտենալ տարբեր միջազգային հիմնահարցերին, վերծանել քաղաքական խճանկարը, քննարկել տնտեսական զարգացման հիմնահարցը: Այս ծրագրի` ինձ համար նոր տարրերը գլխիվայր շրջեցին պատկերացումներս, ինչն ակնհայտ էր նաև իմ` արտադասարանական միջոցառումներում ներգրավվածության մեջ: Դասավանդել եմ «Օրրան» ՀԿ-ում և Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում, եղել եմ դպրոցումս անցկացվող անգլերենի խմբակի ղեկավար և մասնակցել եմ «Mission Possible» ծրագրին ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հովանու ներքո: Իմ մասնակցությունն այս նախագծերին նպաստել է ինքնակայացմանս` օգնելով ինձ ավելի բազմակողմանիորեն դիտարկել իմ հասարակությունը:
Եվ այդ լայնամասշտաբ և ընդգրկուն աշխարհի բացահայտումը նաև խթան դարձավ կրթության ասպարեզում նպատակներիս սահմանմանը: Դիպլոմային ծրագրի շրջանակներում սովորելուն զուգընթաց` հետաքրքվեցի տնտեսագիտության և քաղաքագիտության բնագավառներով և ընտրեցի Դիպլոմային ծրագրի մաս հանդիսացող Ծավալուն էսսեի «World Studies» տեսակը: Վերջինս համեմատաբար նոր էր և ինձ հնարավորություն տվեց ընտրելու միջառարկայական հետազոտության թեմա. վերլուծեցի, թե որքանով տնտեսական գործոնները հանգեցրին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի բռնկմանը:
Այս փոխկապակցվածությունն էր այն, ինչ փնտրում էի իմ հետագա ուսման ճանապարհի համար: Հետաքրքրված լինելով քաղաքականությամբ` պլանավորում եմ 2017թ. սեպտեմբեր ամսից սովորել հանրային կառավարում և տնտեսագիտություն Չիկագոյի համալսարանում: Կրթությանս շնորհիվ հնարավորություն կունենամ առաջարկել քննադատական մտածելակերպ և խորը վերլուծություն պահանջող ստրատեգիական լուծումներ` կերտելով իմ ինքնությունը և մղելով ինձ ձգտելու ավելիին` հանուն իմ շրջապատի և ինքնազարգացման:
Սոցիալական կառավարում
Բիզնեսի կառավարում
Արևելագիտություն