Արտեմ Մելիքյան
Ծնվել եմ 1978 թվականին Մոսկվայում:
Վաղ մանկությունից տարբեր զբաղմունքներ եմ ունեցել: Դպրոցում ինձ ամենից շատ հետաքրքրող առարկաները հետագայում համատեղվել են մեկ` ճարտարապետի մասնագիտության մեջ: Լինելով արվեստի եւ գիտության եզակի համադրություն` ճարտարապետությունը բավարարեց իմ բազմազան հետաքրքրությունները: Մինչ այս ոլորտ ոտք դնելը, ինձ հաջողվել էր նախնական համակողմանի կրթություն ստանալ: Տարրական դպրոցում սովորելու տարիներին հաճախել եմ արվեստի դպրոց եւ դաշնամուրի դասերի:
1995 թվականին ընդունվել եմ MARHI (Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ): Այնտեղ գտնվելուս հենց առաջին օրերից շատ հետաքրքրված էի նորագույն դիզայնով: Բազմաթիվ եվրոպական երկրներ եմ այցելել, երկու անգամ էլ եղել եմ ԱՄՆ-ում: Ինստիտուտում ստացած յուրաքանչյուր նոր առաջադրանք կատարելիս իմ մասնագիտական աշխարհընկալումը ենթարկվում էր լուրջ փոփոխությունների:
Ավարտելուց հետո Մոսկվայում ճարտարապետական երկու տարբեր ընկերություններում եմ աշխատել: Դրան զուգահեռ, պրակտիկ գործունեությունը համատեղել եմ փորձարկումների հետ. ճարտարապետական մի քանի մրցույթների եմ մասնակցել եւ որպես պրոֆեսորի օգնական` դիզայն եմ դասավանդել:
Ավելի ուշ հասկացա, որ ուզում եմ իմ սեփական մասնագիտական փիլիսոփայությունը զարգացնել եւ ապագայում կիրառել այն: Բայց դրա համար ես համակողմանի կրթության կարիք ունեմ, որ պիտի ձեռք բերեմ ինչպես MARHI-ում, այնպես էլ մշակութային այլ նկարագիր ունեցող երկրի ճարտարապետության որեւէ դպրոցում:
2009 թնականի սկզբին` արտերկրում հետմասնագիտական լավագույն ծրագրերի փնտրտուքից հետո, ընդունելության հայտեր ներկայացրի եւ ընդգրկվեցի Եյլի համալսարանի Ճարտարապետության դպրոցի II մագիստրոսական (հետմասնագիտական) ծրագրում:
Սիրում եմ անվաչմուշկներ, սեղանի թենիս, տեկվանդո, նաեւ տարբեր ոճերի երաժշտություն:
"Տպավորված էի արվեստի եւ գիտության համադրությամբ` գծագրական երկրաչափության իմացությամբ եւ նկարելու հմտությամբ, որ արտացոլված էին ուսանողների աշխատանքներում: Դա հենց այն էր, ինչ փնտրում էի: "