Արթուր Խալաթյան
Ծնվել եմ Երևանում 1978 թվականին: 1995 թ-ին ավարտել եմ ռուսական միջնակարգ դպրոցը եւ կրթությունս շարունակել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Բուհում սովորելուն զուգահեռ աշխատանքային գործունեություն եմ ծավալել լրագրության բնագավառում` աշխատելով Հայաստանի առաջին անկախ "Ար" հեռուստաընկերությունում: Գրում էի տնտեսական թեմաների շուրջ և պատրաստում շաբաթական տնտեսական վերլուծական հեղինակային ծրագիր` "Ավեստա": Հենց այստեղ եմ առավել մոտեցել իրական խնդիրներին, որոնց այդ ժամանակաշրջանում բախվում էին Հայաստանի կառավարությունը, ձեռնարկություններն ու ընկերությունները և Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես:
Ես որոշակի խորհրդատվական ծառայություններ եմ մատուցել դոնորների կողմից ֆինանսավորվող միջազգային զարգացման ծրագրերում: Առաջին ծրագիրը կոչված էր աջակցելու մասնավորեցման գործընթացին` հիմնական նպատակ ունենալով ստեղծելու իրավական և ինստիտուցիոնալ հիմք` Հայաստանում ներդրումներ կատարելու նախապայմանով մասնավորեցում իրականացնելու համար, ինչպես նաև` փոխելու մինչեւ 1990-ականները վաուչերային մասնավորեցման հետևանքով առաջացած հանրության անընդունելի կարծիքը մասնավորեցման մասին առհասարակ:
Հաջորդ երկու տարին ծառայել եմ Հայոց ազգային բանակում` Վայոց Ձորի մարզում` պաշտպանելով հայ-նախիջևանական սահմանը:
Այնուհետև վերադարձել եմ խորհրդատվական գործունեությանը` չորս տարի աշխատելով էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրում: Հիմնական նպատակներից մեկը էներգետիկ ոլորտում որոշումների կայացման ժամանակ հասարակության մասնակցությունն ընդլայնումն էր: Իմ աշխատանքը մեծ ջանքեր էր պահանջում շահառուների կառավարման և հաղորդակցության կատարելագործման գործում: Ծրագրի ձեռքբերումն այն է, որ էներգետիկ ոլորտի կարգավորողն այժմ իրականացնում է իսկապես հանրային լսումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, սակագների բարձրացումն ու գազի օգտագործման նոր կանոնները:
Էներգետիկ ոլորտի ծրագրից հեռացել եմ 2007-ին և միացել ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրին` որպես մարքեթինգի և հաղորդակցության խորհրդատու: Որոշ ժամանակ անց հայտնաբերել եմ այն հսկայական վակուումը, որն առկա է Հայաստանի ֆինանսական ոլորտի ընկերությունների տեխնոլոգիական և բիզնես նպատակների միջև: Դա էլ ինձ հանգեցրել է տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում ավելի լավ կրթություն ստանալու մտքին: 2008 թ-ին ընդունվել եմ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց` ՏՀԿ գծով մագիստրոսի կոչում ստանալու համար:
Այժմ "Այբ” դպրոցի փոխտնօրենն եմ: Ապրում եմ Հայաստանում տիկնոջս և դստերիկներիսհետ:
"Ունենալով տարիների փորձ և LSE-ում առաջին կիսամյակը ավարտելուց հետո հստակ պատկերացնում եմ բոլոր այն հնարավոր օգուտները, որ կարող եմ հետ բերել Հայաստանի կառավարությանն ու, իհարկե, հայկական ընկերություններին:"