Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիանա Հովակիմյանը սիրով է կատարում իր աշխատանքը Սփյուռքի նախարարությունում


30-04-2014

Լոնդոնի համալսարանական քոլեջի «Լույսի» շրջանավարտ, 23-ամյա սլացիկ ու չքնաղ Դիանա Հովակիմյանը մասնագիտական լուրջ հաջողություններ է արձանագրել ուսումը 2013-ին ավարտելուց հետո: 2013-ի սեպտեմբերին Դիանան աշխատանքի է ընդունվել Սփյուռքի նախարարությունում` որպես նախարար Հրանուշ Հակոբյանի օգնական, և սիրով է խոսում իր պաշտոնավարման յուրաքանչյուր օրվա մասին:

«Սփյուռքի նախարարությունում ես առիթ ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի մասը կազմելու, ինչն ինձ` որպես միջազգային հանրային քաղաքականության մագիստրոսի, ձեռք բերած տեսական գիտելիքս գործնականում կիրառելու լայն հնարավորություններ է տալիս»,- ասում է Դիանան:

Դիանայի պատասխանատվությունների շրջանակը ներառում է նախարար Հակոբյանի ներկա և առաջիկա ծրագրերի պատրաստումը, կազմակերպումը և համակարգումը, ինչպես նաև վերլուծական ու տեղեկատվական նյութերի կազմումը: Բացի այդ, Դիանան զբաղվում է Սփյուռքին վերաբերող խնդիրների ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ և արված եզրակացությունների վրա հիմնվելով` ռազմավարական առաջարկներ ներկայացնում նախարարին: Նա նաև համակարգում ու վերահսկում է պաշտոնական, Սփյուռքի ներկայացուցիչների և աշխատակազմի հետ տեղի ունեցող հանդիպումները, կազմակերպում է նախարարի այցերը: Դիանայի պաշտոնը նրան հնարավորություն է տալիս մշտապես սովորելու և զարգացնելու հանրային կառավարման ոլորտում ունեցած կրթական գիտելիքն ու հմտությունները:

«Ես փորձում եմ նախարարից հնարավորինս շատ բան սովորել,- ասում է Դիանան:- Բարձր եմ գնահատում գործընկերներիս, որովհետև հաճելի է աշխատել բարձրակիրթ, իսկական մասնագետների հետ: Նախարարությունում աշխատելը պատասխանատվության բարձր զգացում է պահանջում, ուստի փորձում եմ առաջադրանքները կատարելիս ոչ թե 100, այլ 200 տոկոս զգուշավորություն ու աչալրջություն դրսևորել»:

Դիանայի կրթական ուղին բազմադեմ է և ձեռքբերումներով լի: 2010-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իտալերենի բաժինը: Ուսման ընթացքում նրա մեջ հետաքրքրություն է առաջացել քաղաքագիտության հանդեպ, ու նա որոշել է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 2012 թվականին` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Ուսման առաջին տարում Դիանան արժանացել է ՀԱՀ-ի կրթաթոշակին, որը շնորհվել է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Ամերիկյան համալսարանում սովորելու ընթացքում նա մասնակցել է նաև Առաջնորդների դպրոցի դասընթացին ու ներգրավվել «Փոքրիկ առաջնորդներ» նախագծում` աշխատելով Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի աշակերտների հետ, նրանց իր գիտելիքն ու փորձը փոխանցելով:

Այնուհետև` 2012-ին, «Լույսի» տրամադրած կրթաթոշակի շնորհիվ Դիանան սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում` մեկ տարի անց ավարտելով այն միջազգային հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճանով:

Դիանան «Լույսի» «Սովորել, Գործել, Համաստեղծել» դոկտրինի կատարյալ մարմնավորումն է` անցած լինելով անհատական զարգացման այն բոլոր փուլերը, որ «Լույսը» խրախուսում է հայ երիտասարդների շրջանում: Հիմնադրամի հետ նա կապ է հաստատել դեռևս 2011-ի ամռանը` առաջին կամավորների շարքում մասնակցելով «Լույսի» պրակտիկային: Այնուհետ` 2012-ի ամռանը, նա մասնակցել է նաև «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին` այս անգամ արդեն որպես մենթի: Իր թիմի հետ Դիանան աշխատել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, որը ծրագրում նոր ընդգրկված, լուծելիք բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնք էր:

Իսկ 2013-ին արդեն «Լույսի» ուսանող ու մենթոր Դիանան իր թիմի հետ տեղակայվեց Ստեփանավանի մերձակա գյուղերից մեկում` Գարգառում: Այնտեղ կյանքի կոչած նախագիծը նրա կյանքի ամենաարդյունավետ իրագործումներից էր, քանի որ արդյունքում Գարգառի թիմը ճանաչվեց ԶՀԾ-ի լավագույն թիմ` զարգացման երկարաժամկետ ծրագրեր նախագծելու համար:

«Գարգառում կատարած աշխատանքն ունեցածս ամենահետաքրքիր փորձառություններից էր,- պատմում է Դիանան:- Ես հրաշալի թիմակիցներ ունեի, երիտասարդ մասնագետների մի խումբ, որն աշխատում էր հանուն մեկ ընդհանուր նպատակի` Գարգառն ապրելու ավելի լավ վայր դարձնելու և համայնքի զարգացման հիմքերը դնելու: Քանի որ Գարգառը հարուստ է դեղաբույսերով և Հայաստանում հազվադեպ հանդիպող մշակաբույսերով (բրոկոլի, կոլրաբի), մենք որոշեցինք օգտագործել այդ բնական գանձերն ու գյուղմթերքը վաճառքի հանելու համար գեղիցիկ փաթեթավորում մշակեցինք»:

Հղում անելով «Լույսի» ծրագրերին իր մասնակցությանը` Դիանան նշում է, որ դրանք օգնեցին իրեն բարելավել բանավիճելու, խնդրահարույց իրավիճակների կառավարման, հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունները: Դրանց շնորհիվ Դիանան նաև կապ հաստատեց մասնագիտական ցանցի հետ, որն ինքը շատ բարձր է գնահատում:

«Թիմերի հետ աշխատանքի շնորհիվ ես սովորեցի ավելի լավ ըմբռնել մարդկանց նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև խրախուսման ու աջակցության փոխկապակցվածությունը»:

Դիանան մտքում երկու հեռահար նպատակ ունի` քաղաքագիտություն և հանրային քաղաքականություն ուսուցանելու և զարգացման ծրագրեր վարելու: Նա ուզում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Լոնդոնի համալսարանական քոլեջում ձեռք բերած գիտելիքը փոխանցել հայաստանաբնակ այն երիտասարդներին, ովքեր երտերկրյա համալսարաններում սովորելու հնարավորություն չունեն:

«Նախատեսում եմ նաև աշխատել զարգացման հատվածում` նախագծելով և իրականացնելով նոր ծրագրեր: Կփորձեմ ամբողջությամբ ու լավագույնս իրագործել նպատակս` ծառայելով երկրին և աշխատելով տարածաշրջանում կայուն զարգացման ուղղությամբ»,- ամփոփում է Դիանան:

Շարունակիր նո ՛ւյն ոգով, Դիա՛նա:

Back to top