Գիտելիքը 21-րդ դարի նոր տնտեսության հասարակական, մշակութային ու տնտեսական զարգացման կարևորագույն գործոններից է: 2012 թվականին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Լույս» հիմնադրամը համագործակցային կապ հաստատեցին Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Հայաստանի գիտելիքահենք տնտեսության կառուցման կարևոր հիմնաքարերից լինելով` այս արգասաբեր համագործակցությունը խթանում է գիտելիքի և բոլոր ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը:
Ի նշանավորումն այս համագործակցության` սույն թվականի հունիսի 11-ին «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մամլո ասուլիս: Ասուլիսը վարում էին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և հանրության, կառավարության և հովանավորների հետ կապերի պատասխանատու Էլինա Մարկարյանը:
2014-2015 թթ. այս հեղինակավոր կրթաթոշակին արժանացել է երիտասարդ բացառիկ մի գիտնական՝ Սամվել Հովակիմյանը: Որպես գիտությունների դոկտորի կոչման թեկնածու` Սամվելը կշարունակի իր հետազոտությունները երկրաբանության բնագավառում, որոնք մասնավորապես վերաբերում են Սյունիքի մարզում օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման վերլուծությանը: Խոսելով հայաստանյան համատեքստում իր հետազոտությունների հնարավոր գործնական կիրառման մասին` Սամվելն ասաց. «Իմ հետազոտության գործուն արդյունքները հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին հնարավորություն կտան զարգացնելու իրենց փորձագիտական համակարգերը, որոնք կoգտագործվեն հանքերի հետազոտման հեռանկարային նոր նախագծերի իրականացման համար»:
Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրից բացի, ասուլիսի ընթացքում դեսպանը ներկայացրեց գիտական նոր մրցույթ` Դմիտրի Միրիմանովի մրցանակ` նախատեսված կիրառական մաթեմատիկայի ոլորտի երիտասարդ հետազոտողների համար: Այս կրթաթոշակին կարող են հավակնել Հայաստանի ավագ դպրոցների և համալսարանների ուսանողները, ովքեր կներկայացնեն մաթեմատիկական մոդելավորման նախագծեր, որոնք կոչված կլինեն լուծելու իրականության խնդիրներ:
Տիկին Կարաասլանյանը խոսեց գերազանցության և համագործակցության մասին` որպես կարևոր արժեքների, որ պետք է սերմանել հայաստանցի երիտասարդների մեջ: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը` գերազանցության խթանման գործում հիմնադրամի ակտիվ համագործակիցը լինելու համար: Որպես հեռատես առաջնորդ, ով մշտապես մտահոգ է Հայաստանի ապագայով, նա աշխատում է համագործակցային արդյունավետ կապեր հաստատելու և աշխարհի կրթական լավագույն կենտրոններում հայ ուսանողների թիվն ավելացնելու ուղղությամբ: Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունն ընդլայնելով` «Լույս» հիմնադրամը գիտական Սփյուռքը Հայաստանին կապելու ևս մի ուղի է հարթում:
«Լույսի» շրջանավարտ Տաթևիկ Հակոբյանն ասուլիսի ընթացքում իր խորին երախտագիտությունը հայտնեց «Լույսի» կրթաթոշակի համար՝ հավելելով. «Մեր ուսանողներն ամենակարևոր ռեսուրսին են տիրապետում՝ մտավոր ունակություններին։ «Լույսն» ամեն ինչ անում է՝ երիտասարդներին միավորելու համար, նրանց ճիշտ ճանապարհով է ուղղորդում։ Երբ ինժեներական և գործարար միտքը միավորվում են, նրանք կարող են նոր աշխատատեղեր ստեղծել և բազմաբնույթ մասնագիտական միջավայրեր ձևավորել։ Եվ, որ ամենակարևորն է, միասին կարող ենք կառուցել Հայաստանի խոստումնալից ապագան»։
«Լույս» հիմնադրամը Հայաստանը դիտարկում է որպես աշխարհի նորարարական հետազոտություններն ու շուկայական նոր միտումները ձևավորող ակտիվ դերակատար։ Աշխարհի լավագույն կրթական կենտրոնների հետ հաստատվող համագործակցային կապերի շնորհիվ «Լույսը» ձևավորում և միավորում է քննամիտ, ստեղծագործ մտավորականների մի ողջ սերունդ, ինչպես նաև ստեղծում ենթակառուցվածք` ապահովելու անցումն ակադեմիական գիտելիքից իրական ձեռքբերումների` հանուն երկրի բարօրության: Հայաստանցի երիտասարդների գիտելիքի աներևակայելի հարստությունը կերաշխավորի Հայաստանի` հզորագույն երկրներին համընթաց մասնակցությունը համաշխարհային այս նոր տնտեսության գործընթացներին: