Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մենթորություն. համակարգված աշխատանքային գործընթաց


23-06-2014

Փետրվարի 6-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցն իր հարկի տակ էր համախմբել նորաթուխ և արդեն փորձառու մենթիների։ Հանդիպման նպատակն էր ծանոթացնել մենթիներին և արդյունավետ համագործակցության սկիզբ դնել։ Մենթորության գաղափարն իր շուրջն էր հավաքել հարյուրից ավելի երիտասարդների, ովքեր հանձն են առել կամավորության պատասխանատու գործը։ Հանդիպման առանցքում «Ձգտել լավագույնին ոչ թե աշխարհում, այլ հանուն աշխարհի» գաղափարն էր։

Հանդիպման սկզբում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մենթիների նոր սերնդին ներկայացրեց «Լույս» հիմնադրամի տարբեր ոլորտների պատասխանատուներին, այնուհետև անդրադարձավ կազմակերպության առաքելություններին՝ մենթիներին ևս ներգրավելով մտերմիկ զրույցի մեջ։ Մենթորության նպատակն է երիտասարդներին ընձեռել իրենց մեջ կամավորի հոգեբանություն դաստիարակելու կարողություն, ընդլայնել մտահորիզոնը փորձառու մենթորների հետ շփման արդյունքում, թույլ տալ սովորել և զարգացնել կրթական համակարգը։ Ի պատասխան տիկին Կարաասլանյանի այն հարցին, թե ինչու պետք է ձգտել լավագույնին և լինել լայնախոհ, դահլիճում ներկա երիտասարդներից յուրաքանչյուրը բարձրաձայնեց իր տեսակետը։

Գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը մենթիի հոգեբանության երեք գլխավոր ու անհրաժեշտ գծեր նշեց՝ նպատակադրում, իմաստավորում, վերաբերմունք։ Պրակտիկանտների համայնքի համակարգող Արմեն Ներսեսյանի կարծիքով կամավորությունը պատրաստակամությունն է օգնելու մերձավորին և դրա դիմաց ակնկալելու վարձատրության միայն մեկ միջոց՝ ժպիտ։ Կազմակերպության` տարվա կտրվածքով իրականացվելիք ծրագրերին ծանոթանալով` երիտասարդները դրանց մասնակցելու մեծ պատրաստակամություն հայտնեցին։

Ելույթներին հետևեցին «Լույս կաֆե» խորագրով հետաքրքրաշարժ քննարկումները, որոնց միջոցով փորձ արվեց շփման եզրեր ձևավորել մենթիների միջև։

Հանդիպումից տպավորված նորաթուխ մենթի՝ Գայանե Ավդալյան

Back to top