Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Երեխաները մաքուր հայերեն կխոսեն


12-12-2012
Հայերեն է թարգմանվել «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի 10 անուն գրքույկ` այդպիսով ազդարարելով «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի մեկնարկը:

Փետրվարի 22-ին գրքերի շարքը ներկայացվեց Գեղագիտությաdն ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում: Բանախոսներն էին «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը և “ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրանք խթանում են «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը:

Գրքերի բնագիրն անգլերեն է: Շարքը հայերեն է թարգմանել և հրատարակել «Վէմ» հրատարակչությունը: Այն նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: Շարքը ներառում է հետևյալ գրքերը` «Ագարակ», «Բառեր», «Բեռնատարներ», «Գույներ», «Թվեր», «Կենդանիներ», «Հականիշներ», «Մարմին», «Շարժվող առարկաներ», «Տնային կենդանիներ»: Գրքերում ամփոփված է շուրջ հազար բառ, որոնց զգալի մասը գործածվում է ոչ հայերեն համարժեքներով։


Ուստի հրատարակությունները նպատակ ունեն վերականգնելու հայոց լեզվի անաղարտությունը` լայն շրջանառության մեջ դնելով առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները:

«Երեխայի հոգին մաքուր թղթի է նման: Այն պետք է սնել այնպիսի լիցքերով, որ կուզենայինք հաղորդել մեր փոքրիկին: Առաջին և ամենակարևոր միջոցը լեզուն է: Մարդու լեզվամտածողությունը բացահայտում է նրա էությունը: Լեզվի մաքրությունը չափազանց կարևոր է», -ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ գրքերի հրատարակությամբ ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ մեկնարկած «Խոսենք հայերեն» քարոզարշավի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ, հեռուստահաղորդումներ եւ այլ միջոցառումներ: «Հայերեն խոսելը պետք է դարձնենք արժանապատվության հարց հայ ընտանիքներում», - ընդգծեց տեր Մեսրոպ քահանա Արամյանը:



Գրքերը լույս են տեսել 5 հազար տպաքանակով, նախատեսվում են նաև լրացուցիչ հրատարակություններ: Դրանց մի մասը կտրամադրվի մանկատներին և անապահով ընտանիքների երեխաներին:

«Իմ առաջին գիրքը» նկարազարդ ու գունեղ շարքի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Գրքերը կազմված են այնպես, որ գրավեն երեխաների ուշադրությունը` նրանց սովորելու մղելով: Այս շարքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և հրատարակվել բազում երկրներում (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա և այլն): Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակությունների գլխավոր սկզբունքն է` տեսած յուրաքանչյուր բան երեխան պետք է կարողանա արտահայտել իր մայրենի լեզվով:
Back to top