Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստան. գիտելիքի ուղով դեպի հավերժություն


25-07-2015

«Լույսի» համայնքի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Ժամանակակից համաշխարհային տնտեսությունը ճկունություն և հմտություններ է պահանջում՝ մշտապես նորարար գաղափարներ իրականացնելու համար: Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ կրթության հանդեպ նոր մոտեցում, որը զուգորդում է ուսումն իրական փորձառության ու գործնական կիրառման հետ:

«Լույս» հիմնադրամն ապահովում է այդ անցումն ակադեմիական գիտելիքից իրական ձեռքբերումների:

«Լույսի» կրթաթոշակառուները սովորում են աշխարհի տասը լավագույն համալսարաններում: Կարելի է ասել, որ մենք այդպիսով «աշխատանքի ենք ընդունում» աշխարհի լավագույն մասնագետներին՝ հայ երիտասարդներին կրթելու համար գիտելիքի ամենատարբեր բնագավառներում՝ ֆինանսներ, հոգեբանություն, տեխնոլոգիաներ և այլն:

Ամեն ամառ «Լույսի» ուսանողները Հայաստան են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից՝ միասին աշխատելու: Նրանք ուսումնասիրում են երկրի տարբեր համայնքներում առկա մարտահրավերները, քննարկում դրանք տեղի բնակչության հետ՝ մի քանի լուծում առաջարկելու նպատակով: Այնուհետև առաջարկված լուծումներից մի քանիսը մշակվում են ու դառնում իրագործման ենթակա նախագիծ: Այսկերպ «Լույսը» խթանում է նորարարական մոտեցումներն ու միասին մտածելու և գործելու մշակույթը:

«Լույսի» բոլոր կրթաթոշակառուները մշտապես հանդիպում են նոր մարտահրավերների և հաղթահարում դրանք «մենք կարող ենք անել» (“can do” attitude) մոտեցման շնորհիվ: Ամեն տարի նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում է գիտելիքի և փորձառության մեծ պաշար, որին գումարվում են այն համայնքների բնակչության փորձն ու հմտությունները, որտեղ նրանք աշխատում են:

«Լույսի» համայնքն արագ է աճում: 2009 թվականից ի վեր հիմնադրամն աջակցել է ավելի քան 400 ուսանողների: Մեր շրջանավարտների 70 տոկոսն այժմ ապրում է Հայաստանում. նրանք իրենց գործունեության միջոցով դրական ազդեցություն են ունենում երկրի զարգացման գործում:

Հուլիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Լույսի» համայնքի՝ արդեն ավանդական դարձած ամենամյա հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Միջոցառման սկզբում նախագահը և հյուրերը շրջեցին կենտրոնի նախասրահում՝ ծանոթանալով «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներում (Դիլիջան, Գյումրի, Տաշիր, Գարգառ, Շուշի) իրականացված նախագծերին, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ իրականացվող «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացին:

Այնուհետ «Լույսի» համայնքը ողջունեց նախագահին գլխավոր դահլիճում, որտեղ հիմնադրամի՝ Հայաստանում ապրող ու գործունեություն ծավալող մի քանի շրջանավարտներ ներկայացրին երկրում կատարած իրենց աշխատանքը:

Նշենք, որ «Լույսի» շրջանավարտներն աշխատում են տարբեր ոլորտներում՝ կառավարության համակարգ, նորարարական սկսնակ ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտ և այլն: Նրանցից շատերը դասավանդում են տարբեր համալսարաններում՝ իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ: Միասին նրանք ստեղծում են նոր, լուսավոր Հայաստան:

«Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիր. մասնագիտացված խմբեր

Ամեն տարի «Լույսը» նոր նախագծեր է իրագործում «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակերում: Այս տարի ծրագրին մասնակցել են մասնագիտացված մի քանի հատուկ խմբեր, որոնք ելույթ ունեցան ու հակիրճ ներկայացրին իրենց կողմից իրականացված աշխատանքը:

  • Տվյալների պահպանման համակարգի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբ. այս խումբը նախագծել է ֆինանսական թվայնացված նոր գործիքներ, որոնք թույլ կտան պահպանել մեծ չափով ֆինանսաբանկային ինֆորմացիա:
  • Կրթական համակարգի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբ. այս խումբն աշխատել է «Այբ» հիմնադրամի հետ՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հայեցակարգրի մշակման ուղղությամբ:
  • Գործարար կրթության ծրագրի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբ. այս խումբը գործարար կրթության ծրագիր է մշակում ընկերությունների համար, քանի որ մասնագետները մշտապես կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները, որպեսզի համընթաց քայլեն արագ փոխվող աշխարհի առաջընթացին:
  • Ճարտարապետական նախագծի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբ. այս խումբը գիտական թանգարանի նախագիծ է մշակել Ալավերդու Սանահին թաղամասի համար՝ «Գիտության վանք» անվանումով, որն իր տեսակով ու ճարտարապետական հորինվածքով եզակի կլինի և զբոսաշրջային ևս մեկ կարևոր կենտրոն կդառնա:

«Ստարտ Արմենիա». նոր ընկերությունների ստեղծում Հայաստանում

Միջոցառման ընթացքում նախագահը պարգևներ հանձնեց «Լույսի»՝ «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթում հաղթած շրջանավարտներին, ովքեր ներկայացրել էին Հայաստանում սկսնակ ձեռնարկություն հիմնելու նախագծեր: Հաղթող ճանաչված Արթուր Ասլանյանը, Էլինա Մարկարյանը և Արթուր Խալաթյանն առիթ ունեցան ևս մեկ անգամ ներկայացնելու սկսնակ ձեռնարկության իրենց նախագծերը:

«Լույսի» նոր կրթաթոշակառուների հավաստագրերի հանձնման արարողություն

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Լույսի» նոր կրթաթոշակառուներին հավաստագրեր հանձնեց ՀՀ նախագահ, «Լույսի» համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ով շնորհավորեց երիտասարդներին և ամփոփիչ իր ելույթում բազմիցս անդրադարձավ կրթության կարևորությանը՝ որպես երկրի հավերժ գոյությունն ապահովող գործոնի:

Back to top