Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիլիջանը` «ԼՈՒՅՍ»-ի աշխատանքի նոր ոլորտ


10-04-2011

Գևորգը սովորում է Դիլիջանի ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանում և նպատակ ունի սրտաբան դառնալու:

2011 թ. ապրիլի 4-ին "Լույս" հիմնադրամը Դիլիջանի ավագ դպրոցում ներկայացնում էր իր գործունեությունը: Պատանիների հետ հանդիպման ընթացքում հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանգամանալից անդրադարձավ “Լույսի” ուսանող լինելու պայմաններին և աշխարհի լավագույն բուհերում սովորելու առավելություններին:

Ապագա սրտաբան Գևորգին շատ հետաքրքրեց այդ հեռանկարը և արտերկրում սովորելու հնարավորությունը: "Վստահ եմ, որ իմ հասակակիցներից շատերը կցանկանային ուսումը շարունակել աշխարհի լավագույն բուհերում, և "Լույսը" այդ նպատակն իրագործելու հիանալի հնարավորություն է",- ասում է նա:

Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը կարծում է, որ ստացված տեղեկատվությունը նոր է աշակերտների համար, և այն լիովին ընկալելու համար որոշ ժամանակ կպահանջվի: "Նոր գաղափարների ու գիտելիքի մասին միտքը աշակերտների մոտ պետք է մշակել և զարգացնել ուսուցիչների ու "Լույսի" թիմի օգնությամբ: Մեր աշակերտները մեծ ներուժ ունեն. համոզված եմ, որ աշխատանքն արդյունք կտա",- ասում է տնօրենը:

Հանդիպման ընթացքում "Լույսի" թիմը ներկայացրեց ամառային "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի ձեռքբերումները Հայաստանի տարբեր համայնքներում: Այժմ ծրագրում նոր համայնք է ավելանում` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը:

Տեղի երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու նաև "Լույսի" մենթորության ծրագրին, որն իրենց կօգնի հետագայում ճիշտ կողմնորոշվել համալսարանի ընտրության և ապագան կառուցելու հարցում:

Back to top