Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սեմինարը՝ Հայաստանում մնալու գլխավոր պատճառ


10-01-2011
Դեկտեմբերի 4-ին մեկնարկեց «Լույս» հիմնադրամի շրջանավարտ Աննա Քալաշյանի (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց) մեկամսյա սեմինարը: Այն նպատակ ուներ երիտասարդներին ծանոթացնելու աշխարհի առաջատար համալսարանների ընդունելության ամբողջ գործընթացին, խրախուսելու նրանց դիմել և ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ:

Սեմինարի ընթացքում արծարծված թեմաները լայնածիր էին` համալսարանի և մասնագիտության ընտրություն, նպատակների հիմնավորում (statement of purpose), ֆինանսական օժանդակություն, հարցազրույցի տեսակներ և այլն:

«Երիտասարդները բավականին ոգևորված էին, տարաբնույթ հարցեր էին տալիս, սեմինարի ավարտին շատերն անգամ "Նպատակների հիմնավորման" իրենց նամակներն ուղարկեցին իմ էլեկտրոնային հասցեին` շտկումների ու դիտողությունների համար: Դա արդեն իսկ վստահության նշան էր: Ես, իսկապես, շատ էի ցանկանում դրսում ստացած գիտելիքներս փոխանցել բոլոր այն երիտասարդներին, ովքեր նպատակ ունեն հետագայում "Լույսի" ուսանողներ դառնալու», - ասաց Աննա Քալաշյանը:

Սեմինարի մասնակիցների խոսքերով` այն կարևոր էր ոչ միայն նրանով, որ ընդունելության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում էր այդ ուղին անցած և հաջողության հասած մարդը, այլև այն առումով, որ հավաքվել էին միևնույն մտածելակերպն ու նպատակներն ունեցող երիտասարդներ:

«Նմանատիպ սեմինարներն օգնում են հասկանալ, որ շատ համախոհներ ունեմ, ովքեր ևս փորձում են կյանքում առավելագույնն անել ու հասնել ավելիին»,- ասում է սեմինարի մասնակից Լիլիթը:

Ինչպես նշեց Աննա Քալաշյանը, սեմինարը շատ կարևոր էր նաև իր՝ Հայաստանում մնալու որոշման հարցում. «Այն եզակի հնարավորություն էր ինձ համար համագործակցելու հայաստանցի երիտասարդների հետ, ծանոթանալու նոր սերնդի մտահոգություններին ու ձգտումներին»:
Back to top