Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Նոր երիտասարդներ` լավագույն բուհերի ճանապարհին


01-08-2011
"Լույսի" երիտասարդ փորձագետ Լիլիթ Պետրոսյանն արդեն երկրորդ անգամ անցկացնում է սեմինարների շարք այն հայ երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են սովորել արտասահմանյան լավագույն համալսարաններում: Լիլիթը 2009 թ-ին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցի հանրային կառավարման բաժնի մագիստրատուրան:

"Հայաստան վերադառնալուց հետո հանդիպեցի Ժաքլին Կարաասլանյանին, և"Լույս" հիմնադրամի ծրագրերը քննարկելիս որոշեցինք, որ շատ օգտակար կլիներ կազմակերպել սեմինարների շարք` աջակցելու տաղանդավոր հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերն ընդունվելու գործում",- պարզաբանեց Լիլիթ Պետրոսյանը:

Առաջին սեմինարաշարը 2010-ի ապրիլին էր: Սեմինարները բաղկացած էին մի քանի մասից. յուրաքանչյուրը վերաբերում էր համալսարան ընդունվելու գործընթացի որոշակի քայլի` համալսարանն ընտրելուց մինչև հիմնավորող նամակ գրելը, դիմումի հայտաձևի լրացումից մինչև փաստաթղթերի հավաքագրումը, հարցազրույցից մինչև կրթաթոշակների հայթայթումը և այլն:

Մեզ հետ զրույցում Լիլիթ Պետրոսյանն ընդգծեց սեմինարների անցկացման մի քանի նպատակներ, այդ թվում` ոգևորել խելացի երիտասարդներին և ծանոթացնել նրանց աշխարհի առաջատար բուհերում ուսանելու առավելություններին, օգնել մասնակիցներին առավելագույնս ճիշտ կողմնորոշվել իրենց ապագա բուհն ընտրելիս, պատկերացում տալ նրանց հնարավոր դժվարությունների ու փորձությունների մասին, մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտությունները` դիմումներ, ինքնակենսագրություն, պահանջվող շարադրություններ (էսսեներ) գրելու, ինչպես նաև հարցազրույցներին մասնակցելու համար:

"Ինձ հատկապես դուր եկավ այն, որ խոսում էինք ոչ միայն զուտ տեսական նյութերից, այլև Լիլիթի անձնական փորձից: Սեմինարն ինձ նոր ուժ տվեց` հասնելու նպատակիս", - ասում է Կարապետը, ով առաջիկայում դիմելու է արտերկրի լավագույն համալսարաններից մեկը:

"Լույսի" ապագա ուսանողներն այժմ վստահ են` նպատակասլացությունն ապահովում է հաջողությունը:

Back to top