Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը


09-11-2018

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Այս օրերին փոփոխման փուլում է գտնվում հիմնադրամի խորհրդի կազմն ու գործադիր մարմինը, ինչի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը շուտով կտեղադրվի հիմնադրամի կայքում:

Սովորել. Գործել. Համաստեղծել

Եռակի առաքելություն, որին մեր համայնքը անշեղորեն հետևել է շուրջ ինը տարի:

Առաջին փուլում «Լույսի» առջև դրված նպատակն էր ստեղծել և համախմբել առաջադեմ և ստեղծարար մտածելակերպ ունեցողների սերունդ՝ բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում և համախմբելով նրանց տարատեսակ ծրագրերի շուրջ: Լավագույն կրթությունը հասանելի դարձավ հայ երիտասարդներին, անկախ քաղաքացիությունից և բնակության երկրից, առանց որևէ պարտավորության:

Արդյունքում աշխարհի լավագույն բուհերում կրթություն է ստացել 513 հայ ուսանող, ստեղծելով իր տեսակի մեջ յուրահատուկ համայնք:

Թեև հիմնադրամի խորհուրդը ստիպված էր կասեցնել իր կրթաթոշակային ծրագիրը, սակայն իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 ուսանող շարունակելու է ֆինանսավորվել մինչև իրենց ուսման ավարտը:

Այժմ եկել է ժամանակը անցում կատարելու գործելու և համաստեղծելու այս կարևորագույն փուլին, որի արդյունքում ի մի կբերվի «Լույսի» ուսանողների գիտելիքը, հմտությունները, փորձառությունն ու կապերը, կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն ակադեմիական գիտելիքից անցում կատարել գործնականի՝ ի բարօրություն Հայաստանի և Հայկական աշխարհի:

Կրթված, սկզբունքային, ստեղծամիտ ու պատասխանատու հայ համայնքի ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով ստեղծվում է հարթակ, որի գործունեության արդյունքները կնպաստեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Առկա մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով անհատի մտածելակերպի զարգացմանը զուգահեռ՝ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ:

Այս հեռանկարային նախաձեռնությունը, որի հիմքում Հայաստանի զարգացման տեսլականն է, կարող է կյանքի կոչվել գործի դնելով տարիների ընթացքում կուտակած Ձեր գիտելիքն ու փորձը: Ժամանակն է անցնել գործելու և համաստեղծելու փուլին՝ մեր ներուժը ի նպաստ մեր երկրի օգտագործելով:

Back to top