«ԼՈՒՅՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով, որի շրջանակներում ներկայացվեցին հիմնադրամի 2019 թվականի ընթացքում արձանագրված գլխավոր արդյունքները։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի տեսլականը եղել է ավելի մրցունակ Հայաստան ունենալը։ Այս մասին ասեց «ԼՈՒՅՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելիս։ Ըստ Հարությունյանի՝ Հայաստանը հոգևոր, մշակութային, կրթական ոլորտներում մրցունակ լինելուն այլընտրանք չունի։
«Նպատակ ունենք կրթելու հայ մասնագետներին՝ ինչ է բլոկչեյնը, ինչպես է օգտագործվում»,- նշեց Հարությունյանը։ «Նախատեսում ենք նաև հետազոտական աշխատանքներ, որոնք գործնական արդյունքներ են ստեղծելու։ Սա մենք անում ենք համատեղ՝ մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքներին մասնակցում են «ԼՈՒՅՍ»-ի որոշ շահառուներ։ Միաժամանակ շատ ուրախ ենք, որ մեր շրջանավարտների մի մեծ հատված իմաստություն է ձեռք բերել, այլ ոչ միայն գիտելիք։ Դա այն հատվածն է, որը գիտակցում է՝ իր ստացած գիտելիքները պետք է վերադարձնի հայ աշխարհին, համայնքին, ոչ թե՝ «ԼՈՒՅՍ»-ին», - ասաց նա։
Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ առանց գործողության՝ զուտ գիտելիքի կուտակումը ոչինչ է և դրա համար պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, ինչը և արեց «ԼՈՒՅՍ» հիմնադրամը 2019 թվականին՝ ստեղծելով նաև հետազոտական կենտրոն, որը զբաղվում է բավական լայն շրջանակի հարցերով՝ իրավունք, տնտեսություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն։
«Մենք ստեղծեցինք նյութեր, որոնք մի քանի նպատակ են հետապնդում ու չեն ծառայելու միայն «ԼՈԻՅՍ»-ի շրջանավարտներին, այլ յուրաքանչյուր մասնագետի, որ կիսում է Հայաստանի զարգացման մեր առաքելությունն ու տեսլականը։ Ո՞ւմ համար են նախատեսված. առաջին հերթին՝ քաղաքականությամբ զբաղվողների, նաև լրագրողների համար, որովհետև շատ հաճախ ստանում ենք հաշվետվություններ, որոնք մանրամասներ չեն պարունակում։ Մենք փորձում ենք դրանք վերծանել, որպեսզի լրագրողները, օգտվելով այդ վերծանումներից, պատրաստեն շատ ավելի որակյալ աշխատանքներ։ Այս աշխատանքը շարունակելու ենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի տեսլականին հասնելու համար, Դավիթ Հարությունյանը առանձնացրեց 3 առաքելություն․ «Առաջինը կրթությունն է, երկրոդը՝ գործելը, երրորդը՝ համաստեղծելը։ Վերջինը Հայաստանի համար ամենaբարդ տարրն է, որը, սակայն, թույլ է տալիս նորարարական մեթոդներով ստանալ նոր արդյունք»։
Հարությունյանը հիշեցրեց նաև, որ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը կրթաթոշակների շնորհիվ երիտասարդներին հնարավորություն է տվել աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու։ «2008 թվականից ի վեր այս ուղղությամբ ծախսվել է ավելի քան 11 միլիարդ դրամ։ 2018 թվականի մեր խորհուրդը որոշեց աստիճանաբար փոխել ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով դեպի գործելը և համաստեղծելը, սակայն բոլոր այն ուսանողները, որոնք ներգրաված են եղել մեր ծրագրերում, հնարավորություն ունեն շարունակելու և ավարտելու ուսումը։ Վերջին երկու տարում այս ուղղությամբ մենք ծախսել ենք 1.2 միլիարդ դրամ, ֆինանասավորվել է 94 կրթաթոշակ», - նշեց նա։