Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական բացօթյա փառատոն Լոնդոնում


01-07-2011
Լոնդոնի Քենսինգթոն թաղամասում անցկացվեց առաջին հայկական բացօթյա փառատոնը: 2011թ. հունիսի 12-ին առաջնորդարանի ծրագրով իրականացված փողոցային փառատոնի 26 տաղավարներում Բրիտանիայի հայկական կազմակերպություններն ու անհատները ներկայացնում էին իրենց գործունեությունը` ձեռագործ, ուտեստներ, նկարներ, գրքեր, երգ ու պար, և անգամ նարդու առաջնություն:
Այվերնա Գարդեն կոչվող բակը, որտեղ գտնվում են Հայոց եկեղեցու առաջնորդարանն ու Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, ամբողջ օրը մարդաշատ էր. միջոցառմանը մասնակցում էին ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ: Լոնդոնում Հայոց եկեղեցու առաջնորդարանի նպատակն էր հայ ժողովրդի համար հատուկ օր ստեղծել` նշելու հայկական ինքնությունն ու մշակույթը և համախմբելու համայնքի հայությանը:

Փառատոնին ներկայացված էին Լոնդոնի հայկական մի շարք կազմակերպություններ` «CAIA» կենտրոնը, «Advice and information» ընկերությունը, ՀԲԸՄ-ն, ինչպես նաև այլ հաստատություններ: Լոնդոնում հայ ուսանողների ակտիվ գործունեության շնորհիվ փառատոնին ըստ արժանվույն էր ներկայացված նաև «Լույս» հիմնադրամը:

«Լույսի» ներկայությունը շատ կարևոր էր այս փառատոնում, քանի որ այն Հայաստանից ներկայացվող միակ կառույցն էր: Դա բավականին կարևոր է Լոնդոնի հայկական միջավայրի համար: Առանց Հայաստանի որևէ բանի չենք կարող հասնել. առանց Հայաստանի ո՛չ որևէ ազգի կոմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ո՛չ սահմանների բացմումը իմաստ չեն ունենա: Երբեմն, սակայն, Հայաստանի կարևորությունը մոռացվում է: Այսպիսով հայաստանյան կազմակերպությունների ներկայությունը, ինչպիսին «Լույսն» է, կարևոր է հաջորդ փառատոնի համար ևս: «Լույսը» մեծ հետաքրքրություն առաջացրեց Լոնդոնի հայերի և օտարերկրացիների շրջանում. հիմնադրամի գործունեության շրջանակը բավականին լայն է ու հետաքրքիր հատկապես երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայստանում գիտակրթական ուժեղ միջավայր ստեղծելու գործում»,- ասում է Լոնդոնի համալսարանական քոլեջի միության (UCLU) հայ համայնքի նախագահ Հրանտ Շիրակունին:

Հայաստանում և Արցախում իր բարեգործական կազմակերպության ծրագրերն էր ներկայացնում նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Փառատոնին շուրջ 500 այցելու նախատեսած կազմակերպիչների ակնկալիքներն արդարացան և անգամ գերազանցեցին սպասումները, ինչն էլ հայկական բացօթյա փառատոնի` ամենամյա դառնալու երաշխիք է:

«Հայ համայնքը Լոնդոնում մասնատված է` պարսկահայ, պոլսահայ, ամերիկահայ, հայաստանցի: Կարծում եմ` սա քայքայիչ է հայ համայնքի համար: Նման միջոցառումները կարող են օգնել հաղթահարելու այդ պատնեշը` հայերին միավորելով հայոց լեզվի, մշակույթի, պատմության և, որ առավել կարևոր է, Հայաստանի շուրջ»,- ասում է Հրանտը:

UCLU հայ ուսանողների համայնքն առանձնանում է իր ակտիվությամբ, նորանոր թարմ գաղափարներով և Լոնդոնի հայությանը համախմբելու ակտիվ գործունեությամբ: UCL-ի հայ ուսանողական համայնքի համակարգող Էլեն Գյուլնազարյանը հայտնեց, որ ներկայումս Լոնդոնում պատրաստվում են մի շարք միջոցառումներ. իրենք համագործակցում են «Հայաշեն» հայկական կենտրոնի հետ, մասնակցում են նրան կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև նախատեսում են մի շարք հանդիպումներ, որոնցից առավել նշանակալի է Արշիլ Գորկու կենսագրության հեղինակ Նուրիցա Մաթոսյանի հետ հանդիպումը:

"Լույսի" կրթաթոշակառու, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ` Լոնդոնի բոլոր հայ ուսանողներին մեկ համընդհանուր կազմակերպության մեջ միավորելու գաղափար ու ցանկություն կա:

Լուսինե Սաֆարյան
Back to top