ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողները «Մակրոտնտեսագիտություն» առարկայի շրջանակներում արտագնա դաս անցկացրին «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի գրասենյակում։
Նախքան հանդիպման պաշտոնական մասը և դասի մեկնարկն ուսանողների համար հիմնադրամի գրասենյակում կազմակերպվեց փոքրիկ շրջայց։
Ուսանողներին ընդունեց և իր ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ հիմնադրումից ի վեր հիմնադրամը գործում է առաջնորդվելով իր եռակի առաքելությամբ՝ «սովորել, գործել, համաստեղծել»։ Նա ընդգծեց, որ հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս ՀՀ բուհերի հետ համագործակցության խորացմանը և այդ շրջանակներում հանրապետության տարբեր բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ տարբեր ոլորտների առաջատար և հանրաճանաչ բանախոսների մասնակցությամբ։ Բացի այդ, հիմնադրամը շահագրգռված է խրախուսելու ուսանողների և երիտասարդ մասնագետների կողմից մասնագիտական հետազոտությունների իրականացումը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի հիմնական ուղղությունների ղեկավարները ներկայացրին իրենց ղեկավարած ուղղությամբ կատարվող հիմնական աշխատանքները, ինչպես նաև աշխատողների և կատարվող աշխատանքների նկատմամբ հիմնական պահանջները։ Ապագա տնտեսագետ-կառավարիչներին բնականաբար առավել հետաքրքրում էր հիմնադրամի կողմից տնտեսագիտական ուղղության շրջանակներում իրականացվող գիտավերլուծական աշխատանքները, որոնց անդրադարձավ տնտեսագիտական ուղղության ղեկավար Սոնա Ղարիբյանը։
«Մակրոտնտեսագիտություն» արտագնա դասն անցկացրեց «ԼՈՒՅՍ» հիմնադրամի փորձագետ, դասախոս, դոցենտ Կարեն Եղոյանը։