Դեկտեմբերը բազմաթիվ հեռանկարային ուսանողների համար ժամանակահատված է, երբ նրանք դիմում են Մեծ Բրիտանիայի առաջնակարգ համալսարաններ: Ուստի առաջարկեցի ընդունելության գործընթացներին նվիրված սեմինար անցկացնել:
Սեմինարի ընթացքում պատմում էի` ինչպես դիմել այդ համալսարաններ` անդրադառնալով հայտերի ներկայացման գործընթացի տարբեր փուլերին: Սեմինարն ավելի ակտիվ և արդյունավետ դարձնելու համար մասնակիցներն իրենց հարցերն անմիջապես էին ուղղում ինձ: Նախ ներկայացրի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի համար նախատեսված ընդունելության ընդհանուր պահանջները: Այնուհետև խոսեցինք, թե ինչպես համապատասխանեցնել գնահատման հայկական համակարգը բրիտանական չափանիշներին, քննարկեցինք նաև համապատասխան անձանցից երաշխավորագրեր ստանալու հետ կապված հարցերը:
Իմ ելույթում ես առավել մանրամասնեցի, թե ինչպես կարելի հաջողակ ինքնակենսագրական գրել` նկատի ունենալով Մեծ Բրիտանիայում նման գրությունների համար ընդունված հիմնական ձևաչափը (ինչի± վրա պետք է հատկապես կենտրոնանալ, ինչպե±ս կարելի է տպավորություն գործել ընդունող հանձնաժողովի անդամների վրա և այլն):
Սեմինարի ավարտին անդրադարձա Մեծ Բրիտանիայում սովորող հայ ուսանողների համար գործող հավելյալ ֆինանսավորման հնարավորություններին, հարցեր, որոնք միշտ էլ հետաքրքրության և մտահոգության մեծ առիթ են դիմորդների համար: Ներկայացրի ինձ ծանոթ ֆինանսավորման աղբյուրները, այդ աղբյուրներից օգտվելու համար անհրաժեշտ պայմանները, նաև մի քանի խորհուրդ տվեցի, թե ինչ պետք է ընդգրկել հաջողակ ուղեկցող նամակում, որ հղում եք` ֆինասավորում ստանալու համար:
Հիշում եմ` մոտ երկու տարի առաջ որքան շփոթեցնող էր ընդունելության գործընթացի հետ կապված այդ ողջ տեղեկատվությունն ինձ համար, երբ ինքս էի դիմորդ: Սակայն մեկ տարի Լոնդոնի համալսարանական քոլեջի մագստրատուրայում սովորելուց հետո այդ գործընթացն այնքան պարզ է թվում: Այս ամենը միայն ու միայն տեղեկացվածության արդյունք է: Ուրախ եմ, որ ներկայացրի այն ամենը, ինչ ինքս գիտեի: Հուսամ` դա օգնեց բավականին շատ ժամանակ խնայել, ինչն անչափ կարևոր է, երբ մոտենում են դիմելու վերջնաժամկետները:
Սեմինարին ներկա բոլոր մասնակիցները մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդներ էին, ուստի վստահ եմ` նրանք կընդունվեն իրենց նախընտրած առաջնակարգ համալսարանները: