Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ»-ի կամավորներն ավարտեցին 2012-2013 թթ. պրակտիկայի ծրագիրը


02-09-2013

2013 թվականի օգոստոսի 30-ին «Լույսի» թիմն իր ողջույնի խոսքն ուղղեց ակտիվ պրակտիկանտներին եւ նրանց շնորհեց հավաստագրեր` պրակտիկայի ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Անշուշտ, ոգեւորիչ էր տեսնել նրանց ժպտացող դեմքերն ու լսել նրանց սրտերից բխող երախտիքի խոսքեր: Երիտասարդ կամավորները մեծ նվիրումով են մասնակցել տարբեր սեմինարների եւ վերապատրաստումների` հանդես բերելով սեփական հմտություններն ու գիտելիքը, ինչպես նաեւ ընդլայնելով «Լույսի» համայնքի գործառնությունների շրջանակը: Ծրագրի ողջ ընթացքում պրակտիկանտներն ընդգրկվել են համագործակցային տարբեր աշխատանքներում` գործելով թիմային կազմով եւ տրված առաջադրանքներն իրար փոխանցելով:

Այժմ նրանք, լավ ընկերներ դարձած, հավաքվել էին` կատարած աշխատանքի վերաբերյալ տպավորություններով կիսվելու եւ ներկայացնելու ձեռք բերած արդյունքները: Նրանց մեկ գործի շուրջ է միավորել հեռանկարային ընդհանուր նպատակը` նպաստել հայ համայնքի զարգացմանը:

Անահիտ Էվոյանը բարձր գնահատեց կամավորների որակյալ աշխատանքը եւ նրանց կոչ արեց մասնակցելու նաեւ հաջորդ ծրագրերին: Ծրագրերի համառոտ ներկայացումից հետո Անահիտը խոսքը փոխանցեց պրակտիկանտներին` մեկնաբանելու կատարած աշխատանքներն ու ծրագրի վերաբերյալ մտքեր փոխանակելու: Մթնոլորտը դրական հույզեր արթնացրեց, քանի որ բոլորն ասելիք էին կուտակել միասին անցած ճանապարհին: Այնուհետեւ «Լույսի» ընդունարանում աշխատելու հնարավորություն ունեցած մի քանի պրակտիկանտներ ձեռք բերած հմտություններով ու գիտելիքով կիսվեցին նրանց հետ, ովքեր պիտի շարունակեն աշխատել ընդունարանում աշնանը:

Եվ վերջապես եկավ հավաստագրերի հանձնման նվիրական պահը, որին սպասել էին բոլոր պրակտիկանտները, քանի որ դրանք նրանց աշխատասեր ոգու իրական ապացույցն ու վկայումն էին: Ծափահարությունների որոտի ներքո Անահիտը հանձնեց հավաստագրերը: Երիտասարդ ու եռանդուն կամավորներին հաճելի էր տեսնել, որ իրենց աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել: «Լույսի» թիմի` իրենց տված լուսե ճառագայթներն ապագայում կհարթեն նրանց ճանապարհն ու դեպի նոր ձեռնարկումներ տանող ուղեցույց կլինեն: Երիտասարդները շնորհակալ էին «Լույսի» թիմին` աշխատանքային միջավայր ներգրավվելու հնարավորության եւ «Լույսի» համայնքի ակտիվ անդամ դառնալու համար:

Նանա Մամյան

Back to top