Հոկտեմբերի 17-ին «Հայաստան ծառատունկ ծրագրի» երեւանյան գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանի հրավերով «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը «Լույսի» թիմի անդամների ուղեկցությամբ այցելեց ՀԾԾ-ի` Կարին գյուղում գտնվող տնկարան:
Կարինի տնկարանի ծրագրերի ղեկավար Սամվել Ղանդիլյանը թիմի համար շրջայց կազմակերպեց տնկարանում` մանրամասն բացատրելով, թե ինչ մեթոդներով են սերմերից աճեցվում հարյուրավոր ծառատեսակներ ու թփուտներ, որոնց քանակը այդ փոքր տարածքում հասնում է տասնյակ հազարների։ Այնուհետ կազմակերպվում է դրանց վերատնկումը Հայաստանի շուրջ 70 վայրերում՝ համայնքային կենտրոնների, դպրոցների, եկեղեցիների և հարյուրավոր գյուղերի հողատարածքներ:
«Շատ ներշնչող է տեսնել մարդկանց, ովքեր ահռելի աշխատանք են կատարում մարտահրավերներով լի մի ոլորտում՝ ապահովելով որակյալ աշխատանք և ցուցաբերելով անձնվիրություն,- ասաց տիկին Կարաասլանյանը։ - Ես, իսկապես, ոգևորված եմ: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս մեր աջակցությունը բերենք այս կարեւոր գործին»:
«Լույս» հիմնադրամը եւ «Հայաստան ծառատունկ ծրագիրը» համատեղ մի շարք նախագծեր են մշակում, որոնք կներկայացվեն մոտ ապագայում: