«Լույս» հիմնադրամի գործընկեր կազմակերպություններից մեկը` Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀԲԸՄ հայկական վիրտուալ քոլեջի հետ համատեղ շախմատային նոր դասընթաց է մշակել, որը հասանելի է առցանց եւ բոլորովին անվճար է: Աշնանային կիսամյակի դասընթացը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Այն հասանելի է շախմատային գիտելիքի նախնական, միջին եւ բարձր մակարդակ ունեցող տարբեր տարիքի անձանց: Դասընթացը մշակվել է շախմատի` աշխարհի ամենաճանաչված վարպետներից մի քանիսի կողմից:
«Գործի է դրվել Հայկական վիրտուալ քոլեջի` մուլտիմեդիայի ոլորտում առցանց փորձառությունը` դասերը վիրտուալ առումով ավելի գրավիչ դարձնելու, մասնակիցների ուշադրությունը սեւեռելու եւ ուսումնական գործընթացն ավելի զվարճալի ու հաճելի դարձնելու համար»,- ասում է Հայկական վիրտուալ քոլեջի հիմնադիր եւ ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ դոկտոր Երվանդ Զորյանը:
Դասընթացի նպատակներից մեկն է խթանել շախմատային մշակույթը ողջ Հայկական աշխարհում, քանի որ գրանցվել կարող է Հայաստանից եւ Սփյուռքից յուրաքանչյուր ոք: Ըստ Կրթության նախարարության սահմանած կարգի` 2011 թվականից շախմատը, որպես պարտադիր ուսումնական դասընթաց, ներառված է դպրոցական առարկայացանկում, ինչը միտված է զարգացնելու հայ երիտասարդների ռազմավարական եւ ճանաչողական կարողությունները:
Դիմորդները կարող են գրանցվել Հայկական վիրտուալ քոլեջի շախմատի դասընթացին` այցելելով վիրտուալ քոլեջի կայք` www.avc-agbu.org, եւ լրացնելով հայտադիմումը: