Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ»-ի ուսանողն արժանացել է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դիպլոմին


11-11-2013

2013 թ. հոկտեմբերին Քեմբրիջի համալսարանի «Սիդնեյ Սասեքսի» քոլեջում սովորող «Լույսի» կրթաթոշակառու Հայկ Կուպելյանցն ստացավ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դիպլոմ: Նա այս դիպլոմին արժանացած առաջին հայն է եւ հետխորհրդային երկիր ներկայացնող երկրորդ թեկնածուն: Այս տարի Քեմբրիջի ասպիրանտներից ընդամենը երկուսի թեկնածությունն էր առաջադրված, որոնցից մեկն էլ հենց Հայկն էր:

«Այս դիպլոմն անձնական եւ ակադեմիական իմ մեծ ձեռքբերումն եմ համարում»,- ասում է Հայկը:

Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դիպլոմը շնորհվում է ակադեմիայի ամառային դպրոցի` միջազգային հանրային եւ մասնավոր իրավունքի դասընթացներին հաճախող թեկնածուներին: Դիպլոմն ստանալու համար թեկնածուները պետք է գրավոր և բանավոր բավականին բարդ քննություններ հանձնեն: Միայն ամառային դասընթացներին հաճախող ընտրված մասնակիցներին է թույլ տրվում հանձնել այս քննությունները, եւ նրանցից շատ քչերին է հաջողվում արդյունքում դիպլոմ ստանալ:

«Չի կարելի թերագնահատել «Լույս» հիմնադրամի դերը. առանց հիմնադրամի անձնական և ֆինանսական աջակցության ես ուղղակի չէի ունենա դիպլոմ ստանալու հնարավորությունը , - ասում է Հայկը: - «Լույսն» այն եզակի կառույցներից է, որը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ուսանողներին, այլեւ խթանում է նրանց ակադեմիական ցանկությունները եւ համայնքային մտածելակերպ ձեւավորում»:

«Լույս» հիմնադրամը շնորհավորում է Հայկին գիտական լուրջ ձեռքբերման կապակցությամբ եւ նրան մաղթում նորանոր նվաճումներ ուսումնական և մասնագիտական ասպարեզներում:

Back to top