Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստանում միջազգային իրավունքը բարձրանում է միջազգային հարթակ


23-01-2014

2013 թ. դեկտեմբերի 21-ին կայացան Միջազգային և համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի ու KarabakhFacts.com տեղեկատվական կայքի շնորհադեսը և ամենամյա գիտաժողով-քննարկումը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին:

Շնորհանդեսին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ողջույնի խոսքում, կարևորելով Միջազգային և համեմատական իրավունքի (ICLaw) կենտրոնի գործունեությունը, ընդգծեց, որ հետարդյունաբերական հասարակության առանձնահատկությունը գիտելիքն է, մտածող մարդը, ում համար լուրջ խթան է հետազոտությունը գործնականում կիրառելու հնարավորությունը։

Վարչապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չէ միայն, որ պետք է գտնվի համեմատական իրավունքի ուշադրության կենտրոնում: Նա առանձնացրեց երկու ուղղություն ևս՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը։

«Ջրային ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարներ կառուցելու համար: Անհրաժեշտ է իրավական դաշտում հիմքեր ունենալ՝ պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը»,- ասաց վարչապետը։

Իսկ երկրորդ խնդրի մասով, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանը պետք է հաշվի առնի հարևան պետությունների դիտարկումները մինչ շինարարական աշխատանքների սկիզբը:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, տարեգրքի գլխավոր խմբագիր, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը անդրանիկ տարեգրքի լույս ընծայումը որակեց որպես ամենաշոշափելի քայլը Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի պատմության մեջ։ Նա հույս հայտնեց, որ հայկական այս պարբերականն իր որակով չի զիջի ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր հրատարակվող նման գրքերին։

«Միջազգային և համեմատական իրավունքի (ICLaw) կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականին «Լույսի» հետ համագործակցության շնորհիվ և համարվում էր նրա նախագծերից մեկը։

Հայկական տարեգրքի անգլերեն թողարկումը պարոն Կիրակոսյանը համարում է կենսական. սա ոչ միայն համաշխարհային ասպարեզ դուրս գալու անհրաժեշտություն է, այլև հնարավորություն է տեղացի երիտասարդ գիտնականների համար՝ տպագրվելու միջազգային որակյալ պարբերականում։

Տարեգիրքը բաղկացած է երեք հատվածից՝ հոդվածներ, Միջազգային իրավունքի հայկական պրակտիկա և Դատական գործեր:

Տարեգրքի շնորհանդեսին հաջորդեց հայ երիտասարդ իրավաբանների մեկ այլ նախաձեռնության ներկայացում՝ KarabakhFacts.com կայքը։

ICLaw կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Տարոն Սիմոնյանը նշեց, որ կայքը համապարփակ տեղեկատվություն է պարունակում. «Այստեղ ներառված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված բոլոր փաստաթղթերը, նույնիսկ նրանք, որոնք այդքան էլ հաճելի չեն մեզ»։

Կայքը հեշտ նավարկելի է։ Բոլոր փաստաթղթերը դասակարգված են՝ ըստ թեմաների (ԼՂՀ դե ֆակտո ճանաչումը, Արցախի պատմությունը, Մինսկի գործընթացը և այլն), ըստ փաստաթղթի տեսակների (արձանագրություններ, պայմանագրեր, գրքեր, հոդվածներ…), ըստ հեղինակների՝ հակամարտության կողմեր, Մինսկի խումբ, Միջազգային կազմակերպություններ և այլն, նաև ներառված է մուլտիմեդիան՝ տեսնյութեր, քարտեզներ ու գծագրեր։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ կայքը փաստաթղթերի շտեմարան է, որը թույլ կտա յուրաքանչյուր այցելուի ծանոթանալ իրավիճակին և եզրահանգումներ կատարել։ «Արդեն իսկ գրանցել ենք այցելությունների մեծ թիվ ու աշխատանքը համարում ենք արդյունավետ»։

Թեև կայքն այս պահին հասանելի է միայն անգլալեզու ընթերցողին, նախաձեռնողներն աշխատում են նաև հայերեն տարբերակի գործարկման ուղղությամբ։

Շնորհանդեսը շարունակվեց ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրների շուրջ ամենամյա գիտաժողով-քննարկմամբ։ Զեկույցներով հանդես եկան Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիրները՝ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը, Լևոն Գևորգյանը, Սիրանուշ Սահակյանը, Տարոն Սիմոնյանը:

Back to top