Հայաստանում 2018 թվականի հակասահմանադրական իշխանափոխությունից հետո ձևավորված իշխանության ներկայացուցիչները, փորձելով նսեմացնել ու ժխտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմերի արձանագրած հաջողությունները, տարատեսակ պնդումներ են արել՝ խոստանալով այդ պնդումների իսկությունը հաստատող փաստաթղթեր հրապարակել։ Այդ նպատակով կառավարության կայքում դեկտեմբերի 2-ին «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» խորագրի ներքո տեղադրվել են 13 նյութեր, դրանց թվում՝ 2007 թվականից մինչև 2019 թվականը ձևավորված բանակցային փաստաթղթեր։ Հոդվածում ներկայացվում են կառավարության ղեկավարի արած 10 առավել խնդրահարույց պնդումները և ապացուցվում է, որ դրանք չունեն որևէ փաստաթղթային հիմնավորում, կեղծ են, ու թե՛ այդ պնդումները, թե՛ կառավարության կայքում նշված փաթեթի հրապարակումը նպատակ են ունեցել մոլորեցնել հասարակությանը, թյուր տպավորություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ու այդ գործընթացում ձևավորված փաստաթղթերում նախատեսվող Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Նպատակին չհասնելով՝ այդ փաթեթը հրապարակելուց հետո ներկայացվել են մի խումբ նոր կեղծ պնդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ թե՛ հին, թե՛ նոր բոլոր պնդումները կեղծ են ու վկայում են բանակցային գործընթացի վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայության մասին, որ հրապարակված փաթեթում առկա փաստաթղթերը վկայում են հակառակը՝ 2007 թվականից սկսած բանակցային գործընթացի հիմքում առանցքային նշանակություն ունեցող ինքնորոշման սկզբունքի ներդրումից հետո մինչև 2018 թվականը ձևավորված բանակցային փաստաթղթերը, ինչպես նաև 2016 թվականի փաստաթղթից չտարբերվող 2019 թվականին գործող իշխանություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած փաստաթուղթը միանշանակորեն արձանագրում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ Արցախի անկախությունն ու միջազգային ճանաչումը ապահովող կարգավորման սխեման։ Փաստաթղթերը վկայում են նաև, որ դա ապացուցող կարգավորման փաստաթղթի, համանախագահների հայտարարության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծերը պատրաստ էին կիրառման, ինչը չի կատարվել գործող իշխանությունների կողմից կարգավորման գործընթացը տապալելու պատճառով։